Ի նվիրումն Արցախյան պատերազմի մասնակիցների

ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ նկարիչների միությունում կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝  նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում (տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը)։ 
 
Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
 
Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է: 
 
Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի նաև «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները: