Արդյո՞ք, երբ մի օր ընկնենք հողին, կգա հացը կենդանի

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՏՅԱՆՈՒՄ

Ես ևս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողին՝ մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի։ Եվ մի ձգտում ունեմ. հեռանալ աշխարհից այնպես, որ նա ինձ մնա պարտք, և ոչ՝ ես նրան...
Դերենիկ Դեմիրճյան
 
 
Ցանկալի է, նույնիսկ պարտադիր պայման, որ  գրողները և խմբագիրները ջանադրաբար աշխատեն  ստեղծագործությունների, հանրությանը մատուցվող գրական-գեղարվեստական պատումների վրա, հոգատար  ու խիստ քննադատական վերաբերմունք ցուցաբերեն սեփական աշխատանքին, ընդհուպ՝ մանրուքներին, այնքան, որ գոհ մնան իրենցից։ Սա մեծ խնդիր է։ Այս խնդրին, իհարկե, շատ են անդրադարձել, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ, ցավոք, վերջինը։ Իբրև «թարմ» օրինակ  ասեմ, որ թեմային նախորդ դարում, ի թիվս այլոց, անդրադարձել է մեծանուն գրող, թարգմանիչ՝ Ստեփան Զորյանը՝ ասելով, որ մեր գրողները գրական մանրուքին ուշադրություն չեն դարձնում։ Մեղմ է ասել իհարկե, կամ էլ աղբյուրը, որ Ռուբեն Զարյանն է, մեղմ է ներկայացնում իր «Հուշապատում» գրքի առաջին հատորում։
 
Ցավոք, մենք չունենք այնպիսի քննադատություն, որը վեր կլինի ամեն տեսակ կողմնակալությունից, կլինի այնպիսին, ինչպիսին այն քննադատությունն էր, որը համարձակություն ուներ Տոլստոյի պես հեղինակին հարց առաջադրելու՝ ասելու, թե չի հասկանում՝ չի հասկացվում «Պատերազմ և խաղաղություն»  վեպում ի՞նչ նկատի ունի  հեղինակը «քսաներկուամյա գեներալ» ասելով։ Ուզում է ասել, թե քսաներկու տարվա գեներա՞լ է հերոսը, թե՞ ինքն է քսաներկու տարեկան։ 
 
Իհարկե, իմ և ձեզ համար, սիրելի ընթերցող բարեկամներ, ներկա գրական հայերենով պարզ է Տոլստոյի ասելիքը այս ձևակերպման մեջ։ Անձամբ ես, ճիշտ եմ, թե սխալ, «քսաներկուամյա գեներալ» ասելով, հասկանում եմ քսաներկու տարեկան գեներալ։ Ինքս ամենևին կողմ չեմ ձվի մեջ մազ փնտրելուն, կամ լուն ուղտ դարձնելուն։ Այնուամենայնիվ բերեցի սույն օրինակը՝ շեշտելու քննադատության կարևորությունը։ Եվ, գիտակցելով, որ չունենք քննադատություն, չունենք հոգատար հուշարարներ, ովքեր մեր ուշադրությունը կհրավիրեն բացերի վրա․ ընթերցողի հետ ազնիվ լինելու տեսանկյունից ինքներս պետք է առավել պահանջկոտ լինենք, պահանջենք մեր մեջ ապրող գրողից իր ասելիքը թղթին շարադրել, հարկ եղած դեպքում վերաշարադրել այնպես, որ հասնի իր ամենապարզ, ամենահիմնավոր կերպին։ Այնպես, որ ընթերցողի մեջ հարցեր չառաջանան, հակառակը, տրվեն այն պատասխանները, որոնք երկի գաղափարական ասելիքի հիմքն  են։ Մանրուքները շատ կարևոր են. 
     
«Ռոբինզոն Կրուզոն» իմ սիրելի գրքերից մեկն է, ընթերցել եմ վաղ պատանեկան տարիներին, հետո վերընթերցել մի քանի անգամ և միայն վերջերս (այն էլ ընկերոջս հուշումով) ուշադրությունս կենտրոնացավ մի հակասության վրա։ Դժվարանում եմ ասել, նշյալ տեսարանային անհամապատասխանությունը հեղինակի՞  բացթողումն է, թե տեղ է գտել միայն թարգմանությունից հետո։ Այնուամենայնիվ, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը ընկնում է խմբագիրների վրա, որոնք իրենց առաքելությամբ պակաս կարևոր դերակատարում չունեն գրականության մեջ։ 
 
Քանի որ անդրադարձա Դանիել Դեֆոյի հայտնի ստեղծագործությանը, խոսեցի հակասությունների մասին, պարտավորված եմ ներկայացնել այն։ Խոսքս հետևյալ պատկերի մասին է. «... շորերս հանելով մտա ջուրը և սկսեցի լող տալ։ Բայց ամենադժվարը դեռ առջևումն էր. նավը բարձրանալ չկարողացա... այսպիսով ջուրը նավախելին չէր հասել և այնտեղ գտնվող իրերից ոչ մեկը չէր թրջվել։ Ես շտապեցի այնտեղ, որովհետև ամենից առաջ ուզում էի իմանալ թե ինչ իրեր են փչացել և ինչ է անվնաս մնացել։ Պարզվեց, որ նավի ամբողջ պաշարը բոլորովին չոր է մնացել, և, որովհետև քաղցն ինձ տանջում էր, ես առաջին հերթին գնացի մառան, գրպաններս լցրի պաքսիմատով և,...»։
     
Հագուստները հանած և ջուրը նետված Ռոբինզոնին որտեղի՞ց գրպան։ Ամենամեծ ախորժակի պարագայում անգամ նա գրպան չէր կարող ունենալ, որը կլցներ  պաքսիմատով, ինչո՞ւ, որովհետև հանել էր շորերը և ջուրը նետվել... և այսպես, որտեղի՞ց  Ռոբինզոնին գրպան։ Այս հարցի հասցեատիրոջը չեմ փնտրել, քանի որ, նախ՝ թե՛ Դեֆոն, թե՛ նրա խմբագիրները վաղուց չկան ու բոլորովին նշանակություն չունի, անհամապատասխանությունը նշյալ պատկերում գալիս է Դեֆոյի բնագրից, թե հետագա թարգմանություններից։ Փաստ է, որ կա անհամապատասխանություն, ուրեմն կա ուշադրության, գուցեև ծայրահեղ «Չարենցյան աջակողմյան» թվամ, բայց նաև հոգատարության պակաս։ 
 
Մեր ժամանակներում գրականության հանդեպ վերահսկողությունը խիստ վերապահումներով է իրականացվում խմբագիրների կողմից, որոնց ընտրում է ինքը՝ հեղինակը։ Ինչու՞ է այս կամ այն գրողը իր գիրքը, կամ երկը վստահում կոնկրետ անձի՝ որպես խմբագիր։ Հավանականորեն՝ գիտենալով մասնագիտական հմտության աստիճանը և իհարկե հոգատարությունը իր գործի հանդեպ։
 
Այս առիթով մի դեպք եմ ուզում պատմել. պետք է տպագրվեր ինձ համար բացարձակ հեղինակություն հանդիսացող մի պատկառելի գրողի գիրք, որի խմբագրությունը հեղինակը հանձնարարեց ինձ։ Շոյված էի վստահությունից, բայց, երբ ավելի խորքային մտածեցի իմ անելիքի մասին, ինչ-որ տագնապային վիճակ ստեղծվեց։ Ես պիտի խմբագրեմ գրվածքը մի մարդու, ով իր  գրական վաստակով բացարձակ հեղինակություն է ինձ համար։ Խմբագրե՞մ, ինչպե՞ս կարելի է։ Տագնապի և մտահոգությանս մասին հայտնեցի մեկ ուրիշ պատկառելի գրողի, ով ևս բացարձակ հեղինակություն է ինձ համար՝ ակնկալելով նրա՝ որպես ավագի խորհուրդը։
 
- Կա երկու տարբերակ՝ ազնիվ և անազնիվ, – ասաց իմ ավագ բարեկամը և ավելացրեց,- և քանի որ գիտեմ, անազնիվ չես վարվի, կասեմ երկու տարբերակն էլ, մեկը, որ առաջնորդվես դրանով, մյուսը, որպեսզի անգամ ոչ միտումնավոր անազնիվ քայլ չանես։ Ազնիվ տարբերակը սա է՝ անկախ նրանից ով է հեղինակը, խմբագիրն ես՝ խմբագրիր։ Իսկ անազնիվը, դա հեղինակին ասելն է, թե կարդացի գիրքը, ամբողջովին համակարծիք եմ, խմբագրելու ոչինչ չեմ տեսնում, ուստի հենց այս տեսքով էլ թող հրատարակվի։
       
Եվ իսկապես, որքա՜ն անազնիվ կլիներ։ Նույնիսկ բարոյապես աններելի։ Մի՞թե կարելի է այդպես վարվել և խղճի խայթ չունենալ...։ Ամբողջ վերը նշյալ իմ օրինակները և ասելիքը նրա մասին է, որ հեղինակները ուշադիր լինեն հանրությանը գրական երկ հրամցնելիս, խմբագիրները ուշադիր լինեն իրենց ձեռքի տակով անցնող նյութերը խմբագրելիս։ Ի վերջո մենք կգնանք, գրքերը կմնան, կմնան մեր անունները գրքերի շապիկներին, և մենք կհանձնվենք ժամանակի ու հանրության դատին։ Շատ հարցերում հեղինակին մեղադրել չի կարելի, քանի որ գիրքը անցնում է խմբագրի ձեռքի տակով, և վերջինս կաշկանդված չէ որևէ իրավացի փոփոխություն կատարել։ Գրողը կարող է ամաչել իր խմբագրից՝ իր հանձնած բնագրի համար, բայց բովանդակային առումով, գրքի համար գլուխը ընթերցողի առաջ կախող դժբախտը խմբագիրն է։
       
Ես այս մտքին եկել եմ ոչ միանգամից, բայց հիմնավորապես կարծրացած կարծիքս ցանկանում եմ հասու դարձնել գրական համայնքի իմ բարեկամներին, իմ ընկերներին, որոնց ձախողումն էլ, հաջողությունն էլ իմն է։ Որպիսի հոգատարություն է պահանջում գրականությունը իր արարչից՝ մտավորականից։
     
1946 թվականին Գիտությունների ակադեմիայում նշվում էր հեղինակավոր բանասեր Երվանդ Շահազիզի 90-ամյակը։ Ի թիվս այլ հեղինակավոր անձանց, ներկա էր նաև Ավետիք Իսահակյանը։ Երբ ներս է մտնում Շահազիզը, Իսահակյանն ասում է. «Ոտքի՛, դարն է գալիս»։ Հրաշալի՜, ավելի լավ չես էլ ասի։ Փառք Աստծո, մենք էլ ունենք երկարակյաց մտավորականներ, որոնց տեսնելիս ուզում ես իսահակյանաբար գոչել, ոտքի՛ դարն է գալիս։ Սրանք մարդիկ են, որոնք եղել են այն ցորենահատիկը, որ գիտակցաբար հողին է ընկնում, որպեսզի գա հացը կենդանի։ Իսկ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։ Արդյո՞ք, երբ մի օր ընկնենք հողին, կգա հացը կենդանի... 
 
Սրանք հարցեր են, որ պետք է տանջեն մեզ միշտ, մանավանդ ստեղծագործությունը սկսելիս և ավարտելուց հետո ինքնագոհ բերկրանքից խենթացած գրիչը վայր դնելիս։ Եվ կապ չունի որքան կապրենք, քառորդ, կես, երեք քառորդ թե ամբողջ դար, կարևոր է՝ արդյոք կհաջողվի՞ արտացոլել դարը, ինչ-որ բան կկարողանա՞նք ասել դարին։
       
Թադևոս Ավդալբեկյանը («Կապիտալի» թարգմանիչը) ով մեծ համբավ ուներ նախորդ դարի առաջին կեսին, մի սովորություն ուներ, երբ որևէ գործ էր ավարտում, վերջում գրում էր ոչ միայն օրը, ժամը, այլև տրամադրությունն ու հոգեվիճակը։ Իհարկե, սա մնում էր բնագիր ձեռագրի վրա և չէր հասնում ընթերցողին։ Պետք էլ չէր։ Ավարտելով «Կապիտալի» թարգմանությունը, Ավդալբեկյանը գրում է. «Հանրօգուտ մի նշանավոր նպատակակետի հասնողի ուրախությամբ գրանցում եմ, որ այսօր, 1937 թվականի հուլիսի 10֊ին, առավոտյան ժամը 7-ին ու 20 րոպեին, թարգմանեցի պրծա «Կապիտալի» վերջին գրքի ամենավերջին երեսը։ Այսպիսով ահա համեստ ուժերով ավարտված է Կարլ Մարքսի «Կապիտալի» բոլոր 1-ին, 2-րդ, 3-րդ ա ու 3-րդ բ հատորների գերմաներենից հայերեն ամբողջական թարգմանությունը, որը սկսել էի 1931 թվականի հոկտեմբեր-նոյեմբերից։ Исполнен долг! Լիահույս եմ, որ ոչ միայն նորահաս ու վերահաս սերունդները, այլև հասուն ժամանակակիցներն ըստ արժանվույն կգնահատեն իմ այս բոլորանվեր մասնակցությունն աշխատավոր մարդկության ազատագրման մեծ գործին»։
 
Ինչպիսի՜ ինքնաբավ հոգեվիճակ, սա մի ժայթքում է տարիների հասունացումից հետո, հոգեվիճակ, որը անկարելի է նկարագրել։ Այդ միայն զգալ կարելի է։ Պետք է և պարտադիր է, որ յուաքանչյուր գրող, ինչ էլ որ գրի, մանավանդ պիես (գաղտնիք չէ, որ ամենաբարդ ժանրն է գրականության մեջ, որտեղ պետք է մարդկային հոգեբանության մեծ զգացողություն և այդ զգացողության հմուտ մատուցում, զարգացում, կրակ ու կիրք), այսպես դատարկված, բայց բավարարված զգա իրեն, ու կարող ենք համարել, որ նա ազնիվ է իր ընթերցողի հետ։ 
     
Այսօր ժամանակակից դրամատուրգիայում կարելի է նկատել Զորյանի ասած «գրական մանրուքի անուշադրության», ինչպիսին է՝ տեսարանը փոխելիս մթնեցումները չնշելը, մի որևէ կերպարի հեռանալը կամ նրա ներկայությունը պատկերում չնշելը, և այլն, և այլն... Այո, ինչպես արդեն ասացի, գտնել պատկերային անհամապատասխանությունները, կարգի բերել դրանք. որովհետև սա խմբագրի իրավունքն ու պարտականությունն է։ Բայց, երբեմն ամեն ինչ այնքան խճճված է, որ անգամ խմբագիրը, մի քանի անգամ վերընթերցելով պատկերը դժվարությամբ է հասկանում հեղինակի ասելիքը։
 
- Մեր գրողները չեն կարդում,- ասում էր Չարենցը,- գրող կա, որ եթե հարցնես, թե ո՞վ է Պոն՝ չի ասի։ Կգտնվեն այնպիսիները, որ անունն էլ չեն լսել։
     
Պոն դեռ մի կողմ... բայց բանաստեղծը պիտի ծանոթ լինի դասական պոեզիային, արձակագիրը՝ արձակին, դրամատուրգը դրամատուրգիային... այլապես ձևի ու բովանդակության միջև այդպես էլ կմնա տարակուսած, իսկ իր հրամցրածը՝ անհասկանալի։ Վստահ եմ, սա չէ գրողի երազանքը։
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Դրամատուրգ, ԿՀԳՄ անդամ