Ոչ մի ժամանակում լռելու իրավունք չունենք

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՄԱՔՐԱՇՈՒՆՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ

(Հարցազրույց Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ,
արձակագիր Լարիսա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ)
 
- Վերջերս լույս տեսավ «Հովտաց աղբյուրի կանչը» պատմվածքների ժողովածուն, տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը. դժվար չէ՞, արդյոք, համավարակի պայմաններում կազմակերպել և իրականացնել նման մեծածավալ աշխատանք։
 
- Դժվարություններ, իհարկե, կային: Գուցե և ես հետաձգեի գրքի շնորհանդեսը՝ պայմանավորված համավարակով, բայց մեր ներկա իրավիճակը այնքան լարված, ցավոտ ու նույնիսկ օրհասական է, որ լռելն ու սպասելը, հետաձգելն ինձ արդարացի չթվաց: Քանի որ «Հովտաց աղբյուրի կանչը» պատմվածքների ժողովածուն անցած երեսուն տարիների պատերազմական իրադարձությունների խճանկարն է՝ իրապատումների տեսքով, որոնցում տեղ են գտել հայրենիքի, նրա սահմանների, զոհերի, գաղթի, փակ դռների, ժանգոտած կողպեքների, մեր ազգային ներկայիս ողբերգության վերաբերյալ ցավագին թեմաներ, ես չհետաձգեցի: Ժողովածուն ոչ միայն հայրենական աղբյուրի կանչ է, այլ նաև տագնապի ճիչ է՝ ազգային ինքնագիտակցության բևեռացման: Ինձ համար համաճարակը պակաս վտանգավոր է, քան մեր հայրենիքի գլխին կախված նորօրյա սպառնալիքը: Շնորհանդեսը կայացավ և սպասվածից ավելի շատ հյուրեր կային:
 
- Ո՞րն է գրողի խնդիրն այսօր։
 
- Գրողի խնդիրը միշտ եղել և այսօր էլ մնում է լինել իր ժամանակաշրջանի ամենախորաթափանց, ամենաշրջահայաց ու հեռատես քաղաքացին, վեր հանել ժամանակաշրջանի էական, դարակազմիկ խնդիրները, մատը միշտ պահել ներկա օրերի զարկերակին, դառնալ ժամանակի շունչը:
 
- Հասարակությունը հեռացե՞լ է գրքից, գրականությունից։ Եթե այո, ապա ո՞րն է դրա հիմնական պատճառը, ինչպե՞ս շտկել։
 
- Ես չէի ասի հեռացել է: Ճիշտ է, համացանցը հիմա դարձել է գրքի մրցակիցը, բայց գիրքը իր բարձր դիրքերում է: Ես ունեմ լավ ընթերցողներ, նրանց մեջ շատ են երիտասարդները: Կարդում են, քննարկում, ոգևորվում, հուզվում: Դա ինձ շատ է ուրախացնում: Պարզապես ընթերցողին հարկավոր է հոգին լցնող, սրտի հետ խոսող գրականություն: Դժվարին, ամլացող մեր ժամանակաշրջանում բոլորին հոգու սնունդ է պետք` առանց նորօրյա խեղաթյուրումների, ձևախեղումների: Ընթերցողին պարզապես հարկավոր է մաքրաշունչ գրականություն:
 
- Գրական համայնքը միասնակա՞ն է, ի՞նչ քննարկումներ, գրական միջոցառումներ են տեղի ունենում, որոնք նպաստում են գրականության զարգացմանն ու տարածմանը։
 
- Միասնականությունը բոլոր պարագաներում և բոլոր բնագավառներում խիստ անհրաժեշտություն է, առավել ևս՝ գրականության ասպարեզում: Գրականությունը, առհասարակ արվեստը, սահմաններ չեն ճանաչում,  համամարդկային են, ծառայում են հանուր մարդկությանը: Երբեմն լսում ես գրական տարբեր միավորումներից հնչող անտեղի, անհիմն, գրական աշխարհի մարդուն ոչ վայել դատողություններ, ականատես ես լինում անտեղի մրցակցայչն դրվագների: Լավ ստեղծագործությունը ոչ մի գրական միավորման չի պատկանում, այն պատկանում է ընթերցողին:
 
Չնայած պատերազմական իրավիճակին և համավարակի առկայությանը, ի ուրախություն ինձ, բավականին շատ գրական միջոցառումների եմ մասնակցել. գրքերի շնորհանդեսների՝ Ավ. Իսահակյանի, Նոր Նորքի, Էրեբունու թիվ 10 գրադարաններում, գրական գործունեության հոբելյանական երեկոյի՝ Ե. Չարենցի անվան թանգարանում: Ուրախալի է, որ նույնիսկ այս պատերազմական իրավիճակում մշակութային կյանքը անխափան շարումակվում է: 
 
- Ներկա պայմաններում, համավարակի և պատերազմի ճիրաններում հայտնված գրողի օրն ինչպե՞ս է անցնում։
 
- Ոչ ուրախ, իհարկե: Կան անհանգստություններ, տագնապներ, երկվություններ, երբեմն՝ անգործունակություն, բայց նաև՝ ներքին պարտավորվածության զգացում, ներշնչանք, որ որքան էլ դժվարին են ժամանակները, իրավունք չունես ընկճվելու, հուսալքվելու, չհավատալու, չգրելու: 
 
- Ի՞նչ ծրագրեր, հեռանկարներ ունեք ապագայի հետ կապված։
 
- Նախատեսել եմ առաջիկայում «Հովտաց աղբյուրի կանչը» գրքիս շնորհանդեսը անցկացնել նաև իմ հայրենի Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղում: Գիրքս իմ եզերքի մարդկանց, նրանց մաքառումների ու բեկված ճակատագրերի մասին է, անցած երեսուն տարիների ընթացքում այնտեղ տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին է: Պարտավոր եմ գիրքս նրանց հասցնել: Իսկ ապագային միտված՝ շարունակելու եմ գրել: Այս օրերի անդրադարձը դեռ նոր իրապատումներ կծնի, դեռ նոր գրական հերոսներ կունենամ, որոնց հիմքում կլինեն իրական մարդկային կերպարներ՝ մաքառող, կռվող, հերոսացող կերպարներ: Լռելու իրավունք չունենք։
 
Զրուցեց  Ավետիք ՍԱՐԳՍՅԱՆԸ