«Ապագա հայկականը»․ պետության փրկության նոր տեսլականը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ. JAMnews

Վստահություն, երկարաժամկետ պլանավորում, պրագմատիզմ և քրտնաջան աշխատանք։ Այս մոտեցումներով է գործելու «Ապագա հայկականը» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակը նոր մոդելի Հայաստան ստեղծելն է։ Դրա համար նախագծի հեղինակները անհրաժեշտ են համարում, առաջին հերթին, կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում ձևավորելը, պետության փրկության նոր տեսլականի շուրջ խոսակցություն սկսելը։
 
Նախաձեռնությամբ հանդես են եկել 4 հայ բարերարներ։ Ովքեր են նրանք, ինչ նպատակներ են առաջ քաշում և ինչ ուղիներ են առաջարկում։
 
«Ապագա հայկականի» համահիմնադիրներն են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Նրանք բոլորը հայ հասարակությանը ծանոթ են իրենց մարդասիրական գործունեությամբ, նաև որպես աշխարհում հաջողած գործարարներ։
 
Նրանք ստեղծել են «Ապագա հայկականը»՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած խնդիրները, որոնք առավել օրհասական են դարձել հետպատերազմական շրջանում: Նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով կիսում է դրա գաղափարներն ու մոտեցումները։ Հայտարարվում է, որ արդեն միացել է 380 մարդ։
 
Նախաձեռնության համահիմնադիրները համոզված են՝ հենց այս ծանր պահին երկիրն ունի բացառիկ հնարավորություն՝ ստեղծելու նոր մոդելի Հայաստան։ Նպատակները 15–ն են։
 
Այսպես շարունակել այլևս չի կարելի
 
Նախաձեռնության համահիմնադիրները վստահ են՝ Արցախյան 44–օրյա պատերազմում կրած պարտությունը, տնտեսական ճգնաժամը, ապագայի նկատմամբ ունեցած անորոշությունը ցույց տվեցին, որ այսպես շարունակել այլևս չի կարելի։
 
Առաջին բանը, որ պետք է արվի, սեփական պետության և ազգի ապագայի մասին միասնական, ընդհանուր պատկերացում ձևավորելն է։ Քանի դեռ չկա հստակ ձևակերպված պատասխան «Ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ» հարցին, չեն կարող լինել նաև որոշումներ։
 
Հրաժարվել առասպելներից
 
Նախաձեռնության համահեղինակները վստահ են՝ Հայաստանի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած են աշխարհի, սեփական ինքնության, անցյալի և ապագայի վերաբերյալ միֆերն ու երազանքները, որոնք իրականության հետ աղերս չունեն։
 
Իսկ երաշխավորված պետականության համար անհրաժեշտ է նախ և առաջ ընդունել Հայաստանի անվտանգության դեմ սպառնալիքի առկայությունը և կառուցել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ:
 
Յուրաքանչյուր հայ՝ անկախ իր բնակության վայրից և քաղաքացիությունից, պետք է հասկանա, որ հայկական պետականության գոյությունը նախ և առաջ իր անձնական անվտանգության երաշխիքն է։ Նա նաև վստահ պետք է լինի, որ պետության և պետականության վերաբերյալ ցանկացած որոշում իշխանությունների կողմից կայացվում է ոչ թե միֆերի և երազանքների, այլ պրագմատիկ հաշվարկի, փաստերի և իրականության ազդեցությամբ։
 
Նոր մոդելի Հայաստան
 
Նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը համոզված է՝ այսօր կան այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք երկիրը երբեք չի ունեցել։ 21–րդ դարում Հայաստանում կա ներուժ՝ ստեղծելու նոր մոդելի Հայաստան, սակայն դրա համար պետք է այնպիսի միջավայր, որը կխրախուսի ազնիվ քննարկումները երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ։
 
Ըստ նրա՝ պետք է փոխել քաղաքական դաշտի մակարդակը։ Ներքաղաքական այն դիսկուրսը, որը գերակշռում է այսօր հայաստանյան իրականության մեջ՝ դավաճանների և մեղավորների փնտրտուք, կոռուպցիայի դեմ տապալված պայքար, բացառապես անցյալի մասին է և բոլորովին միտված չէ ապագային։
 
Նոր մոդելի Հայաստանում պետք է հստակ սահմանազատվեն անցյալն ու ապագան․ անցյալի խնդիրները թողնելով անցյալում, բոլոր գործողություններն ուղղելով դեպի ապագա։
 
Ներկայում անցյալի վերաբերյալ քննարկումները վտանգի տակ են դնում Հայաստանի ապագան։
 
Մարդկային ռեսուրս և կրթություն
 
Հայաստանը երկիր է, որը չունի նավթ, ոսկի կամ այլ արժեքավոր ռեսուրսներ, սակայն այն ունի մեկ այլ բացառիկ ռեսուրս՝ տաղանդավոր ժողովուրդ։ Այդ պատճառով էլ «Ապագա հայկականը» նախաձեռնության նպատակներում առանձնահատուկ կերպով շեշտադրվում են տեսությունը, կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաներն ու ստեղծագործական գործունեությունը:
 
Այդ տարրերը ցանկացած երկրի երկարաժամկետ զարգացման հիմքն են կազմում: Դրանք այն հենասյուներն են, որոնց վրա են կառուցվում մնացած բոլոր բաղադրիչները: Ըստ նախաձեռնության հիմնադիրների՝ հասարակությունը և որոշում կայացնողները պետք է մտորեն այդ հիմնասյուների շուրջ և բարեփոխեն ճիշտ եղանակով:
 
Պայմանավորվածությունների վերանայում
 
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ 30 տարի առաջ, երբ իրականացավ հայ ժողովրդի հավաքական երազանքը անկախ պետականության մասին, հասարակության, քաղաքական էլիտաների և Սփյուռքի միջև կնքվեց յուրօրինակ «պայմանագիր»։
 
Համաձայն դրա՝ իշխանությունները ստանում էին գործողությունների որոշակի ազատություն՝ կոռուպցիայի, հարստացման և այլ արտոնությունների տեսքով, փոխարենը հասարակությանը տալով պատերազմում տարած հաղթանակի վրա ձևավորված ազգային ինքնագիտակցություն և անվտանգության զգացողություն։
 
Սփյուռքը՝ լինելով այս «պայմանագրի» երրորդ կողմ, դիտարկվում էր որպես աջակից հզոր ուժ, որը, սակայն, իրավունք չուներ միջամտելու Հայաստանի ներքին քաղաքական որոշումների կայացմանը։ Ըստ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ այս «պայմանավորվածությունը» գոհացնում էր բոլոր կողմերին։
 
Սակայն 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո գործող պայմանագիրը «լուծարվեց»։ Իսկ Արցախյան 44–օրյա պատերազմը և պարտությունը վերջնականապես չեզոքացրեցին նախկին բոլոր պայմանավորվածությունները։
 
Ըստ Վարդանյանի՝ հիմա, երբ դրանք այլևս չկան, ստեղծվել է հնարավորություն ավելի ազնիվ, հավասարակշիռ և ապագային միտված պայմանագրի կնքման համար։
 
Սփյուռքի վերաիմաստավորում
 
Սփյուռքն ինքն իրեն վերաիմաստավորեց Արցախյան պատերազմից հետո։ Հիմնականում սփյուռքահայ նախաձեռնող խումբը կարծում է՝ արտերկրում ապրող հայերը հասկացան Հայաստանի պետականության կարևորությունն իրենց համար, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, ինչ քաղաքացիություն ունեն։
 
Հայկական ինքնությունն այլևս դադարեց միայն խորհրդանիշ լինել, և հարց առաջացավ․ իսկ այսօր մենք ո՞վ ենք, պարտված և առասպելներով առաջնորդվելով քաղաքական որոշումներ ընդունող հայրենիքի հետ կապ ունեցող մարդկանց խո՞ւմբ։
 
Պատերազմը Սփյուռքում սրեց հայրենիքի նկատմամբ ունեցած զգայական կապը, ազգային ինքնության գիտակցությունը, սակայն այլ հարց է՝ որքան կպահպանվի այդ զգացողությունը։
 
Մյուս կողմից էլ, եթե Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի հայրենիքում, կմեծանա հայկական ինքնությունից հրաժարվելու հավանականությունը։
 
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ այս նույն հարցը պետք է առաջանա նաև Հայաստանում ապրողների և որոշում կայացնողների մոտ․ ի՞նչ է Սփյուռքը մեզ համար՝ միայն ֆինանսական աջակցության աղբյո՞ւր, թե՞ հզոր հենարան։
 
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ նախաձեռնության հիմնադիրները նախորդ 20 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում 700 մլն դոլար արժողությամբ շուրջ 700 նախագիծ են իրականացրել, սակայն այսօր հասկանում են, որ այդ ներդրումները սխալ ուղղությամբ են արվել։
 
Այսօր Հայաստանում նաև Սփյուռքի ֆինանսական ներդրումների ուղղությունների վերանայման խնդիր կա։ Դրանք պետք է ավելի խելացի լինեն՝ միտված ավելի երկարաժամկետ հեռանկարի։
 
«Ապագա հայկականը» նախաձեռնության հեղինակները վստահ են՝ Հայաստանի զարգացումը և ապագան մեծապես կապված է նաև Սփյուռքի գործոնի հետ։ Իշխանությունների առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի կառուցել այնպիսի երկիր, որ առաջիկա 5 տարիներին 150-200 հազար սփյուռքահայեր որոշեն գալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում՝ այդպիսով լուծելով ոչ միայն ժողովրդագրական ճգնաժամային խնդիրը, այլև՝ անվտանգային։
 
Նորացված քաղաքական դաշինքներ
 
Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ հայաստանցիների 87 %–ը կարծում է, որ պետք է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական դիսկուրս այն մասին, թե ինչպիսին դրանք պետք է լինեն, չկա։
 
Չի տրվում պատասխան ամենակարևոր հարցին՝ Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում ունենալ պարզապես ազդեցության գոտի՞, թե՞ փոքր, բայց ուժեղ դաշնակից։
 
Նախաձեռնության հիմնադիրները համոզված են, որ տարածաշրջանում Հայաստանի դերակատարության փոփոխություն պետք է տեղի ունենա, պետք է հակազդել մեկուսացմանը և կարևորություն ձեռք բերել՝ տարածաշրջանային և համաշխարհային ռազմավարական գործընկերությունների միջոցով:
 
Ոչ մի քաղաքականություն
 
Ըստ նախաձեռնության իրականացրած հարցումների՝ հայաստանցիների 20 %-ը ցանկանում է լքել Հայաստանը։ Սա նշանակում է, որ մարդիկ չունեն իրենց համար կարևոր երեք հարցերի պատասխաններ․
 
ինչպե՞ս է ապահովվելու երկրի անվտանգությունն առաջիկա 20-30 տարիների կտրվածքով,
 
ինչպե՞ս է պահպանվելու ազգային ինքնությունը,
 
զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։
 
Նախաձեռնության հեղինակները պնդում են․ չունեն ոչ մի քաղաքական հավակնություն կամ նախընտրություն։
 
Հունիսին Հայաստանում կայանալիք ընտրություններին չի սատարելու որևէ քաղաքական ուժի, սակայն մի բան հստակ է՝ նախաձեռնության բոլոր նպատակներն իրականացնելու համար քաղաքական կամք և որոշումներ են պետք։
 
Ուստի, ով էլ գա իշխանության ընտրությունների արդյունքում, պետք է պատասխանի նույն հարցին՝ ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ։
 
 
Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ