«Ժամանակը թանկ է, և չպիտի կորցնել ոչ մի վայրկյան»

Հայաստանի Հանրապետության համար կայունությունը և անվտանգությունը օրվա անհետաձգելի պահանջն է: Ամեն տեսակ արկածախնդրական չկշռադատված քայլ դատապարտելի:
 
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում Արցախում և Սփյուռքում.
 
Պարզից էլ պարզ է, որ մեր հայրենիքը այսօր գտնվում է իր նորագույն պատմության ամենաօրհասական և ճգնաժամային ժամանակներից մեկում: Անցանկալի մի իրավիճակ, որից նվազագույն վնասով դուրս  գալու համար մեզանից բոլորիցս պահանջվում է իսկական քաղաքացիական գիտակցություն, խոհեմություն, սառը տրամաբանական դատողության կարողություն, լուրջ և հավասարակշիռ մոտեցում և լոզունգային ազգասիրությունից հեռու՝ գիտակցված ու անկաշառ հայրենասիրություն: 
Մեծ խելք չի պահանջվում հասկանալու, որ այժմ դավաճան ու դավաճաններ փնտրելու  և վերջնագրերի լեզվով  խոսելու ժամանակը չէ: Ըստ հայտնի ասացվածքի, ո'վ ավելի շատ է դավաճանել այս ժողովրդին, ավելի բարձր է «դավաճան» բառը գոռում:
ՀՀԿ, ԲՀԿ և Դաշնակցականները 17 կուսակցությունների անվան տակ երկիրը քաոսի մատնելով՝ ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Իրենց դրել են փրկչի տեղ և արկածախնդրական, ծայրահեղական և ռևանշիստական  քայլերով երկիրը անիշխանության են տանում, մինչդեռ պատերազմը դեռ չի ավարտվել եւ թշնամին հրճվում է սրանց այս քայլերով ու իր դիրքերն է ամրապնդում սահմանի վրա և սպառնում ներխուժել:
 
Էրդողանը և Ալիևը կերազեին Հայաստանում լիներ հենց այսպիսի ընդդիմություն:
 
Այս ուժերը երկիրը ճգնաժամից դուրս բերելու ո'չ ծրագիր ունեն, ո'չ նպատակ, և ոչ էլ իրենց  համար Արցախն է կարևոր: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը թե' Հայաստանում և թե' Սփյուռքում  շատ լավ հասկանում է  դա, ուստի չի խաբվում ու չի տրվում նրանց սին հայտարարություններին:
 
Այս ընթացքում ցավոք Հայ Առաքելական Եկեղեցու երկու հոգևոր պետերը չգտնվեցին իրենց կոչումի բարձրության վրա և իրենց միակողմանի և անխոհեմ հայտարարություններով պառակտման այս ճեղքը ավելի խորացրին: Ցավոք նույնը կատարում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով միասնականության անվան ներքո, լրացնում է նույն նշված խմբավորումների շարքը:
 
Մարդիկ հոգնեցին հների մասին այսքան խոսելուց և դա այն պատճառով, որ ժամանակին նրանց չենթարկեցին պատասխանատվության, և այս ուժերը, անպատժելիության մթնոլորտից օգտվելով, այժմ անում են այն ինչ ցանկանում են:
Մեջտեղում մնում է մեծ ու փոքր կառույցների, հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված մտավորականների և անհատների հսկայական մի խավ, որոնց մի մասը տեղի-անտեղի վարչապետի հրաժարականն է պահանջում, մի մասը ավելի խոհեմ՝ ճգնաժամից դուրս գալու ելք է որոնում, իսկ մի ստվար մաս էլ չի գտնում իր տեղը և չգիտի ինչ անել: 
 
Իսկ ժողովրդին բոլորն են մոռացել:
 
Իշխանություններն էլ մի կողմից իրենց դանդաղկոտությամբ, անվճռականությամբ և տեղի ու անտեղի «թավշականությամբ»  չկարողացան իրականացնել հեղափոխության հիմնական նպատակները:
 
Այսօր հարկավոր է իշխանությունների, պետության և ողջամիտ ու բարի անցյալ ունեցող մտավորականների, քաղաքական հասարակական գործիչների անվերապահ գործակցությունն ու համերաշխության մթնոլորտի կազմավորումը և ապագայի նկատմամբ հույսի ու հավատի ներշնչումը:
 
Իշխանությունները պիտի ձերբազատվեն մեկուսացման քաղաքականությունից  և համագործակցության եզրեր գտնեն բոլոր այն ուժերի հետ, որոնք  չունեն անձնական և խմբակային նեղ շահեր և  պատրաստ են իշխանությունների կողքին պատասխանատվություն հանձն առնելու՝ երկիրը ճգնաժամից արագ դուրս բերելու, արտահերթ ընտրություններ կազմակերպելու և համակարգային փոփոխություններ կատարելու գործում:
 
Այնուամենայնիվ Ժողովրդի կամքով միայն հնարավորություն պիտի լինի գալ իշխանության, բոլոր այլ առաջարկություններն ու քայլերը մեզ կտանեն կործանման:
 
Եվրոպայի հայերի համագումարը խստիվ դատապարտում է  բռնության բոլոր տեսակի կոչերը, քաղաքական ու պետական այրերի նկատմամբ սարսափի տարածումը ու անձնական հաշվեհարդարի գործողությունները, դատապարտելի են բռնության լեզվով խոսելն ու հեղաշրջում անելու փորձերը, դա ոչ թե քաղաքական խաղաղ պայքար է, այլ  տեռոր և իշխանության համար մղվող «պարտիզանական պատերազմ»: 
 
Սփյուռքի անունը, ցավոք, այսօր հրապարակներում և այլուր չարաշահվում է ու ծառայեցվում որոշակի նպատակների: Պիտի գիտակցել, որ սփյուռքի իրական ուժի աղբյուրը գտնվում է յուրաքանչյուր հայ մարդու և ընտանիքի մոտ: Պետության կողմից հարկավոր է այդ միավորներին արժեվորել և աջակցել կազմակերպվելու՝ հանուն երկրի զարգացման և պետականության ամրապնդման: 
 
ժողովուրդը թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում այս օրհասական պահին ակնկալում է հրատապ հարցերին անհապաղ պատասխան և համակարգային բարեփոխումների ուղղությամբ կտրուկ քայլեր:
 
Հարկավոր է դատական համակարգի առողջացման համար հստակ ու անմիջական միջոցառումներ:
 
Հարկավոր է պատասխանատվության ենթարկել թալանչիներին և երկրի հարստությունը մսխողներին: 
 
Անհետաձգելի է բանակի վերակազմավորումը և ամրապնդումը:
 
Պետության դերը երկրի տնտեսության մեջ և ֆինանսական բնագավառում անհրաժեշտ է բարձրացնել եւ հասցնել հարմար մակարդակի: 
 
Հարկավոր է տնտեսական զարգացման ծրագրերի լուրջ մշակում: 
 
Պատերազմի պատճառով առաջացած ավերածությունների վերացումը, տուժածներին օգնության կազմակերպումը, Ազգային Ժողովում կուսակցությունների վերաբերյալ օրենքի հստակ փոփոխությունները և նոր ընտրական օրենքի ընդունումը առաջնային են:
 
Ժամանակը թանկ է, և չպիտի կորցնել և ոչ մի վայրկյան: 
 
Կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե հայ ժողովուրդը: 
 
Եվրոպայի Հայերի Համագումար
13 դեկտեմբեր 2020
Շվեդիա