Զինադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը հրապարակվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես զինադադարի փաստաթուղթ և ոչ թե Արցախի հարցի վերջնական լուծում:
 
Չնայած այս համաձայնագիրը վերջ դրեց շարունակվող պատերազմին, սակայն այն իրականում ավելին էր, քան զինադադարը: Այն ներառում էր 1990-ական թվականներին հայերի կողմից ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձը Ադրբեջանին: Այն նաև այլ զիջումներ արեց Ադրբեջանին, որոնք Արցախի հետ կապ չունեն: Հետևաբար, այս փաստաթուղթը կապիտուլյացիա է Հայաստանի համար:
 
Այս «Հայտարարությունը» անորոշ ձևակերպված փաստաթուղթ է, որը լուրջ ճշգրտման, եթե չասենք վերաբանակցման և լուրջ պարզաբանման կարիք ունի: Ես կմեկնաբանեմ այս «Հայտարարության» բոլոր ինը կետերը.
 
Այս «Հայտարարության» առաջին արտասովոր կետն այն է, որ չնայած երեք ղեկավարները պայմանավորվեցին դադարեցնել մարտերը «իրենց ներկայիս զբաղեցրած դիրքում» (կետ 1), հայկական կողմը պարտավոր է վերադարձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը չէր նվաճել: Կրակի դադարեցման ռեժիմը ընդհանրապես մատնանշում է կրակի դադարեցում շփման կետում, և կողմերի միջև եղած տարաձայնությունների հետագա կարգավորում բանակցությունների սեղանի շուրջ: Ահա թե ինչու ես այս համաձայնագիրն անվանում եմ կապիտուլյացիա, այլ ոչ թե զինադադար:
 
Իմ երկրորդ դիտարկումն այն է, որ «Հայտարարությունը» կոչ է անում Աղդամի շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ առանց այդ տարածքը վերադարձնող հայկական կողմի անունը նշելու (կետ 2): Այնուամենայնիվ «Հայտարարության» 6-րդ կետում Հայաստանի Հանրապետությունը նշվում է որպես կողմ, որը պարտավոր է Քելբաջարի և Լաչինի շրջանները վերադարձնել Ադրբեջանին։ Սա լուրջ սխալ է Հայաստանի կողմից, քանի որ Արցախի և հարակից տարածքների ազատագրումը մշտապես ներկայացվել է որպես Արցախի հայկական ուժերի կողմից, այլ ոչ թե Հայաստանի։ «Հայտարարության» մեջ նշված այս նախադասությամբ Հայաստանը ընդունում է, որ հենց նա է գրավել այդ տարածքները, այդպիսով ստանձնելով իրավական պատասխանատվություն Ադրբեջանին միջազգային դատարանի կողմից նշանակված ցանկացած փոխհատուցման համար: Հղումը «Հայաստանի Հանրապետությանը» պետք է փոփարինվի «հայկական ուժերով»:
 
«Հայտարարության» 3-րդ կետ. Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի թիվը նշվում է 1960: Սակայն, կան տեղեկություններ, որ այնտեղ այժմ ավելի շատ ռուսական զորք կա, և հնարավոր է, որ ապագայում էլ ավելի շատանա: Սա շեղում է «Հայտարարությունից», ինչը նշանակում է, որ այս համաձայնագրում կարող են նաև այլ փոփոխություններ կատարվել:
 
«Հայտարարության» 4-րդ կետ. ռուս խաղաղապահներին հանձնարարված է հինգ տարի մնալ երկու կողմերի միջև, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը նրանց չպահանջեն հեռանալ հինգ տարուց վեց ամիս առաջ: Թեև հասկանալի է, որ ոչ մի խաղաղապահ չի կարող հավերժ մնալ, այս դրույթը պետք է անհանգստացնի հայերին, որովհետև նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել ամբողջ Արցախը, ոչ թե դրա միայն մի մասը: Ուստի, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի իր զորքերը դուրս բերել 4․5 տարի անց՝ դուռ բացելով ադրբեջանական կողմից Արցախի ամբողջական գրավման: Նույնիսկ ավելի վատ, ռուսական զորքերը կարող են շատ ավելի շուտ դուրս գալ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի:
 
«Հայտարարության» 5-րդ կետում նշվում է, որ «կրակի դադարեցման վերահսկողության համար պետք է ստեղծվի «խաղաղապահ կենտրոն»՝ առանց նշելու, թե ով է ղեկավարելու նման կենտրոնը: Այս «Հայտարարության» ստորագրումից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը համատեղ կառավարելու են այս կենտրոնը, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ Արցախից դուրս: Սա, հավանաբար, նախագահ Պուտինի կողմից զիջում էր Թուրքիային՝ թուրքական զորքերին թույլ չտալու համար միանալ ռուս խաղաղապահներին:
 
«Հայտարարության» 6-րդ կետը Հայաստանից պահանջում է 2020 թ․ նոյեմբերի 15-ին Քելբաջարը վերադարձնել Ադրբեջանին: Այնուամենայնիվ, այս ամսաթիվը հետագայում փոխվեց նոյեմբերի 25-ի։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հնարավոր է փոփոխել «Հայտարարության» պայմանները: 6-րդ կետը նաև կոչ է անում կառուցել նոր երթուղի «առաջիկա երեք տարվա ընթացքում»՝ Արցախը Հայաստանի հետ կապելու համար` շրջանցելով Շուշին, որն այժմ գրավված է Ադրբեջանի կողմից:
 
7-րդ կետը նախատեսում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»: Ենթադրվում է, որ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ փախստականները իրավունք կունենան վերադառնալ իրենց տները Արցախում և հարակից տարածքներում: Կասկածելի է, որ հայերը կցանկանան վերադառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Հստակ չի նշվում, թե արդյոք ադրբեջանցի փախստականներն իրավունք ունեն վերադառնալու Արցախի կողմից վերահսկվող հայկական տարածք, ինչը կարող է բախումներ առաջացնել երկու համայնքների միջև:
 
8-րդ կետը պահանջում է «փոխանակել ռազմագերիներին, պատանդներին և կալանավորված այլ անձանց և դիակները»: Այնուամենայնիվ, վերջնաժամկետ չի սահմանվել նման փոխանակման համար: Քանի որ շատ ավելի շատ հայ, քան ադրբեջանցի գերիներ կան, սա լուրջ խնդիր է ստեղծել մեր գերեվարվածների ընտանիքների համար, որոնց զավակները Ադրբեջանի կողմից ենթարկվում են բարբարոսական վերաբերմունքի:
 
«Հայտարարության» 9-րդ կետը ամենակարևորն ու ամենավտանգավորն է Հայաստանի ապագայի համար: Այն կոչ է անում միջանցք ստեղծել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի հարավային հատվածով՝ Իրանի սահմանի մոտակայքում: Սա կարմիր գիծ է, որը Հայաստանի ոչ մի ղեկավար իրավունք չուներ հատել: Այն վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նման միջանցքը եղել է պանթուրանական վաղեմի երազանք՝ ցամաքային ճանապարհով Թուրքիան միացնել Ադրբեջանին և դրանից հետո Կենտրոնական Ասիայի մնացած թյուրքական հանրապետություններին: Սա մի կետ է, որը Փաշինյանը պետք է կտրականապես հրաժարվեր ընդունել: Հուսով եմ, որ շատ ուշ չէ փոխել այս դավաճանական դրույթը:
 
Հնարավորություններից մեկն այն է, որ եթե Ադրբեջանը խախտի «Հայտարարության» որևէ կետ, Հայաստանը այնուհետև անվավեր կհամարի համաձայնագրի 9-րդ կետը: Օրինակ, եթե ադրբեջանական ուժերը հարձակվեն Արցախի ներկայումս հայաբնակ հատվածի վրա կամ փակեն Լաչինի նոր միջանցքը, ապա Հայաստանը կարող է փակել Հայաստանի հարավում գտնվող ադրբեջանական միջանցքը: Մեկ այլ հնարավորություն կարող է լինել հինգ տարի անց, եթե Ադրբեջանը պահանջի ռուս խաղաղապահներին լքել Արցախը: Դրանից հետո Հայաստանը կարող է փակել իր տարածքը հատող ադրբեջանական միջանցքը, քանի որ «Հայտարարությունը» պահանջում է, որ ռուսական զորքերը երաշխավորեն այս միջանցքի անվտանգությունը:
 
Փաշինյանի բացատրությունը, որ այս դրույթը թույլ կտա Հայաստանին օգտագործել Նախիջևանի և Ադրբեջանի միջով գոյություն ունեցող երկաթգիծը բեռներ Ռուսաստան տեղափոխելու համար, ֆանտազիա է: Ոչ մի հայկական բեռ թույլ չեն տա անցնի Նախիջևանով կամ Ադրբեջանով: Ավելին, այս միջանցքը մեկուսացնում է Հայաստանը Իրանից, որը Հայաստանի համար կարևոր սահման է: Հայաստանի և Իրանի համար իրավիճակն ավելի վատթարացնելու համար, Ադրբեջանը նախատեսում է գազատար և երկաթուղային գծեր կառուցել այս միջանցքով`այդպիսով շրջանցելով Իրանի տարածքը, ինչը Իրանին կզրկի շահութաբեր եկամուտներից:
 
Ամենազարմանալին այն է, որ «Հայտարարությունը» չի նշում Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված ջիհադական վարձկանների մասին: Այս ահաբեկիչների ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Հայաստանի համար: Դա հենց այն է, ինչ մատնանշեց Ֆրանսիայի արտգործնախարարը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ: Այս բացթողումը պետք է շտկվի անմիջապես՝ «Հայտարարության» մեջ նոր կետ ավելացնելով՝ պահանջելով Ադրբեջանից հեռացնել սիրիացի վարձկաններին իր տարածքից։
 
Ի լրումն այս հատուկ կետերի՝ ստորագրված «Հայտարարությունը» չպետք է համարվի իրավական փաստաթուղթ, քանի որ ոչ ՀՀ Սահմանադրական դատարանը, ոչ էլ Հայաստանի խորհրդարանը չեն հաստատել այն: Փաշինյանն իրավունք չունի միանձնյա փաստաթուղթ ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից՝ առանց համապատասխան մարմինների համաձայնության, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:
 
Հայաստանն այժմ առավելագույնը հինգ տարի ժամանակ ունի ռազմական հզորացման համար՝ ստեղծելով կամ ձեռք բերելով ժամանակակից զինահամակարգեր, որպեսզի կարողանա հետ մղել Ադրբեջանի և Թուրքիայի նոր հարձակումը Արցախի կամ Հայաստանի վրա: Ինչպես նշվել է նախկինում, Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի Արցախը՝ կամ որպես անկախ պետություն կամ որպես Հայաստանի Հանրապետության մաս՝ այդ ճանաչումը որպես սակարկության քարտ օգտագործելով Ադրբեջանի հետ բարելավելու համար համաձայնագիրը բանակցություններում:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի