XXդարի Արցախի լավագույն մանկավարժը

ՄԻՔԱՅԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

«Ես կյանքում ամենից շատ ատեցի քծնանքը և առավել ևս՝ քծնողներին» :
Միքայել ԱՌԱՔԵԼՅԱՆ  
 
Մանկավարժն, ում մասին պատիվ ունեմ խոսելու ստորև, սզնեքցի է, ով, հպարտությամբ եմ նշում, արժանացել է «20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ» բարձր կոչմանը: Կոչում, որը ձեռք է բերվել երկար տարիների նվիրված աշխատանքի շնորհիվ, կոչում, որն արդարացի վաստակ է՝ հայրենանվեր գործի դիմաց: Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը մի առիթով ասել է. «Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը՝ գործի և աշակերտների նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է»:
 
Սզնեքցի Միքայել Առաքելյանը լավագույնս կարողացավ համադրել այդ երկու կարևորագույն բաղադրիչները. անսահման սերն իր մասնագիտական աշխատանքի նկատմամբ՝ մի կողմից և աշակերտի նկատմամբ՝ մյուս: Իմ նպատակն այստեղ ամենևին էլ կատարյալ մարդու ներկայացնելը չէ: Կատարյալ մարդիկ գործնականում չեն լինում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ պատմության ու ժամանակների հազարամյա փորձը տվել է կատարելության ընդամենը մեկ հայտնի օրինակ, այն էլ՝ մարդ-աստվածային:
 
Մարդկային էությունը թերևս սևի և սպիտակի արտացոլանք է, կշեռքի երկու նժարներին դրված կշռաքարեր: Եվ կարևորն այստեղ այն է, որ մարդու հոգում և նրա  ապրած կյանքի ողջ համապատկերում սևի կողքին գերակշռի սպիտակը, խավարի կոքին՝ լույսը, մշուշի կողքին՝ արևը: Կարևորն այստեղ այն է, որ կյանքի ընթացքում արված գործի որակական զանգվածը հավաքվի ու ամբողջանա կշեռքի այն նժարին, որի վրա ոսկե տառերով գրված է՝ բարի անուն, պայծառ հիշատակ… Իսկ դա միայն ու միայն հնարավոր է նվիրումի, արած լավ գործի ու մարդկային լավագույն որակների շնորհիվ: Սզնեքցի մանկավարժ Միքայել Առաքելյանը բացառիկ ուսուցչի ու մանկավարժի իր կերպարով իր հետևից թողեց հենց այդ լուսավոր հետագիծը: Նա իր ժամանակակիցների ու հետնորդների հուշերում շարունակում է ապրել որպես բարի ու կարգապահ, նվիրված ու աշխատասեր անհատ և մանկավարժ: Նրա հիշատակը վառ մնաց թե՛ իր աշակերտների ու գործընկերների և թե՛ համագյուղացիների հուշերում:
 
Միքայել Բախշիի Առաքելյանը ծնվել է 1921թ. մարտի 10-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի 8-ամյա դպրոցում, այնուհետև  ուսումը շարունակել Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում: 1946թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով պատմության ուսուցչի որակավորում: Սզնեքի դպրոցում անցել է մանկավարժական աշխատանքի՝ դառնալով դպրոցի տնօրեն: Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում ևս աշխատել է որպես դպրոցի տնօրեն: Իսկ սկսած 1958թ.՝ Սզնեքում էր և մինչև թոշակի անցնելը դպրոցի անփոխարինելի տնօրենն էր: 
 
Մ. Առաքելյանն ընթերցասեր, խստապահանջ և միևնույն ժամանակ բավականին բարեհամբույր ուսուցիչ էր: Նա մշտապես համակարգել է դպրոցում ուսուցումն արդյունավետ կազակերպելու հետ կապված տարաբնույթ հարցերը, եղել է ուսուցիչների կողքին, օգնել ու ուղղորդել նրանց՝ հնարավոր խնդիրներ ծագելու դեպքում: Ընկեր Առաքելյանը, ինչպես սիրում էին դիմել նրան, միշտ օրինակ է ծառայել իր գործընկերների համար: Նա ամեն օր պիտի սովորեր ու ինքնակրթվեր, կատարելագործվեր ու «գիտելիքների աշխարհում» նոր հորիզոններ բացահայտեր՝ աշակերտներին խանդավառությամբ այդ հորիզոնները ցուցանելու ու սիրել տալու համար: Հրաշալի էր տիրապետում ոչ միայն պատմությանը, այլև հայոց լեզվին ու գրականությանը, մաթեմատիկային ու ֆիզիկային: Դա հաճախ պատճառ էր հանդիսանում, որ մարդիկ շփոթեին՝ իրականում որ առարկայի մասնագետ է ընկեր Առաքելյանը: Նրա համար կարծես նշանաբան էր դարձել հայտնի կարգախոսը՝ «սովորել, սովորել, սովորել»: Եվ այնքան մեծ էր գրքի ու կրթության նկատմամբ այս մարդու սերը, որ նա առիթը բաց չէր թողնում կրկնելու. «Կորած է այն օրը, երբ մարդ ոչինչ չի սովորում»: Նա ամենուրեք փորձեց արդիականացնել կրթությունը, նոր շունչ ու ավիշ ներարկել սովորելու պատգամին: Դեռևս տասնյակ տարիներ առաջ նա զգայական ներքնատեսության ուժով բոլորից շուտ որսաց այն ճշմարտությունն ու կենսականորեն անհրաժեշտ գաղափարը, որ կրթությունը ռազմավարական դարձնելն ու անգրագիտության վերացումը նոր հնարավորությունների ու համընդհանուր զարգացման դռներ է բացելու:  
 
Ընկեր Առաքելյանն իր անմիջական նախաձեռնությամբ 1949-ին դպրոց է կառուցել, որ սզնեքցի աշակերտները հարմարավետ դպրոցական շենք ունենան, որ նյութական պայմանները ոչ մի կերպ չխոչընդոտեն ուսման գործընթացին, որ Սզնեքի դպրոցական զանգը երբեք չլռի: Ճիշտ է, երեխաների քանակի պատճառով դպրոցը շուտով փակվեց, հետո նորից բացվեց, բայց կարևորն այն էր, որ սզնեքցի աշակերտներին գոնե գյուղում կրթելու նյութական հիմքն ու անկյունաքարն այլևս դրված էր: 1958թ. Մ. Առաքելյանը կրկին Սզնեքում էր, հայրենի դպրոցի տնօրենն էր: Հաշտ ու համերաշխ ընտանիքի էր նման ուսուցչական կոլեկտիվն ընկեր Միշայի օրոք: Ուսուցիչներից  յուրաքանչյուրը վստահ էր, որ ցանկացած, այդ թվում նաև մեթոդական օգնություն ստանալու խնդրով կարող է դիմել տնօրենին, և ամեն ինչ անմիջապես իր տեղը կընկնի: 
 
Հայոց լեզվի մասնագետ Ռիտա Գասպարյանն, ով դասավանդում էր Սզնեքի դպրոցում, իր հուշերում պատմում է, որ մի անգամ հայոց լեզվի դասաժամին, երեխաներին բառի սխալ բացատրություն տվեց: Ընկեր Առաքելյանն, ով դասալսում էր իրականացնում, ընդհատեց նրան ու հարցրեց՝ արդյո՞ք հայոց լեզվի բացատրական բառարան ունի. Պատասխանը բացասական էր: Այն ժամանակ, պատմում է ուսումնառությունը Բաքվում դեռևս նոր ավարտած Ռիտա Գասպարյանը,  չէր կարողացել ձեռք բերել բառարան, քանի որ այդպիսի գրքեր չէին վաճառում: Եվ ընդամենը որոշ ժամանակ անց ընկեր Առաքելյանը մեկնել էր Երևան ու իր հետ բերել հայոց լեզվի բացատրական բառարան՝ այն նվիրելով Ռիտա Գասպարյանին: Ահա այսպիսի ուշադրություն ուսուցիչների նկատմամբ՝ մեկ առ մեկ:
 
Իսկ Միքայել Առաքելյանի աշակերտ, հետագայում նաև գործընկեր ու իմ ուսուցիչ Շահեն Մարգարյանը պատմում է Կարմիր գյուղում պատահած մի դեպքի մասին, որը նույնքան ազդեցիկ է ու բացահայտում է մանկավարժի բարոյական ու մասնագիտական նկարագիրը: Տեղի դպրոցում, ինչպես նշեցի, ընկեր Առաքելյանը տնօրեն էր, իսկ կինը՝ Ժենյան՝ գրադարանավարուհի: Օրերից մի օր կինն աշխատանքից ուշանում է և գիտեր, որ անպայման արժանանալու է ամուսնու նախատինքին: Քիչ հետո իր աշխատասենյակից  դուրս գալով՝ ընկեր Առաքելյանը բոլորի ներկայությամբ ընթերցում է նկատողության հրամանը և շեշտում, որ «տնօրենի կին» պաշտոն չկա և չպիտի լինի: Այ սա՛ է պատասխանատվության բարձրագույն աստիճանը, որը նույնությամբ օրինակ պիտի ծառայի նաև մեր օրերում:
 
Միքայել Առաքելյանը կոչումով, հոգով ու սրտով մանկավարժ էր: Պահպանվել են նրա օրագրերը, որոնցից բերում եմ երկու հատված.                                                                            
«Ես գտնում եմ, որ դպրոցն այն ժամանակ է դպրոց, երբ այնտեղ գլխավոր առարկան Մարդագիտությունն է, երբ աշխարհճանաչումը սկսվում է մարդկային հոգու ճանաչումից, և այդ ճանաչման հիման վրա ձևավորվում են մարդու համոզմունքները: Ձեր սանիկներին դաստիարակեք այնպես, որ նրանց սրտերը մանկական տարիքից լուսավորվեն հոգու գեղեցկության պայծառ լույսով, և այդ ժամանակ նրանց սրտերը կլինեն մաքուր ու նուրբ, զգայուն, և ձեր սաների արարքներին պահապան կկանգնի խիղճը…»:                                                                                                                                               
Ահա փոքրիկ հատված մեկ այլ օրագրից.                                                                                           
«Ուսուցիչը պետք է հարգի երեխայի անձը, սիրի նրան ու հարգի նրա չգիտենալը: Երբ ուսուցիչը ծաղրում կամ  պատժում է երեխային այն բանի համար, որ երեխան չգիտի, այդ ժամանակ երեխայի մեջ մեռնում է հավատը և՛ ուսուցչի, և՛ իր նկատմամբ…»: 
 
Այս երկու հատվածներն էլ բավական են՝ հաստատելու, որ Մ. Առաքելյանը եղել է իսկական մանկավարժ՝ բառիս լայն իմաստով. բավական են՝ հասկանալու համար, որ նա նաև հրաշալի հոգեբան էր և հիանալի էր հասկանում աշակերտների հոգեբանությունը: Եվ պատահական չէ, որ հենց նա է արժանացել իր ապրած դարի լավագույն մանկավարժի բաղձալի կոչմանը:
 
Եվ, հավատարիմ իր համոզմունքներին, մանկավարժն անխոնջ աշխատում էր՝ գիրքը, թուղթն ու գրիչը ձեռքին: Իսկ երբ աչքերը սկսում էին լարվել կարդալուց ու մորմոքալ, նա հանում էր ակնոցը, ծալում ու դնում գրքի վրա, դուրս գալիս իր այգին ու զրույցի բռնվում մայր հողի հետ: Աշխատասեր էր, մշակում էր բանջարանոցը, գնում մեղվափեթակների մոտ, բացում կափարիչն ու երևի մտածում, որ իր գյուղը, հասարակությունը, որտեղ ապրում էր, երանի հենց մեղվափեթակի նման լիներ, որտեղ մեղուները մեկ ընտանիք են. մեղուն գիտի իր գործառույթը, բոռը գիտի իր գործառույթը, և նրանցից յուրաքանչյուրի գոյությունը կարծես արդարացված է: Իսկ հայրենի Սզնեքը, դառնալիորեն դատարկվում էր՝ իր աչքերի առաջ: Գյուղը մի այնպիսի փեթակի էր նմանվում, որի մեղուները թռչում էին հեռավոր ծաղկաստաններ, նեկտար հավաքում ու կարծես մոռանում, որ հեռվում փեթակ են թողել, որ մեղրի «գործը» չի սիրում հապաղել: 
 
Այսպես գյուղը սկսեց սպառվել ու դատարկվել, սզնեքցի դերձակները գնում էին քաղաք ու հետ չէին գալիս: 1923թ. հունիսից լույս տեսնող «Սովետական Ղարաբաղ» թերթում (1989թ. հունվարի 12, №10)  տպագրված իր «Անկյունաքարը գեղեցիկ կյանքի» հոդվածում Մ. Առաքելյանը գրում է. «Ցավալին այն է, որ նույնիսկ գյուղում ծնված ու մեծացած մարդկանցից շատերն էլ, տեղափոխվելով քաղաք, օտարանում են հողից, հայրենի գյուղից, հայրական օջախից: Այդ մասին է վկայում այն փաստը, որ մեր լեռնաշխարհի շատ գյուղերում առ այսօր կան մեծ քանակությամբ դատարկ տներ: Այդպիսի լքված երկհարկանի հրաշալի առանձնատներ կան նաև իմ հայրենի գյուղում՝ Սզնեքում: Ես այդ տանտերերին շատ լավ եմ ճանաչում: Նրանք բոլորն էլ ջերմորեն սիրել են հայրենի հողն ու գյուղը: Սակայն բոլորիս էլ հայտնի պատճառներով հարկադրված են եղել արցունքն աչքներին փակել հայրական օջախի դռները և տեղափոխվել քաղաք՝ «մի կտոր հաց վաստակելու»:
 
…Երկար տարիներ հոսունություն էր տեղի ունենում գյուղից դեպի քաղաք, և դա մտահոգություն չէր պատճառում շատերին: Նույնիսկ ոմանք դա համարում էին օրինաչափ ընթացք, առաջադիմական քայլ: Սակայն հիմա պարզորոշ երևում են դրա հետևանքները: Արդյունքը եղավ այն, որ այժմ մեր չքնաղ լեռնաստանի շատ գյուղերում դպրոցական զանգերը չեն հնչում, իսկ մի շարք գյուղեր էլ կանգնած են նույն վտանգի առջև:                                                                     
 
Մեր հինավուրց ու գեղեցիկ բնություն ունեցող գյուղն էլ կործանման վտանգի եզրին է կանգնած այսօր: Այդ այն դեպքում, երբ մեր գյուղից Բաքվում բնակվում են 240, Գրոզնիում` 80, Ստեփանակերտում` 50 տնտեսություն: Ես զրուցել եմ շատերի հետ և ցանկացել եմ համոզել նրանց, որպեսզի վերադառնան հայրենի գյուղ, շենացնեն այն…»:
 
Ահա այսպիսի խոր ցավ է ապրել Միքայել Առաքելյանը, երբ մտապատկերում  ուրվագծվել է դատարկ ու անմարդաբնակ, ավեր ու ամայի գյուղի ուրվականը:
 
Խելագարվելու նման մի բան է, երբ գիտակցում ես, որ առավոտ կանուխ դպրոցական զանգը  չի հնչելու: Այն նորից փակվում էր: Մի՞թե գյուղում կրկին տիրելու է այդ անիծված ու ավերակված լռությունը: Եվ ու՜մ մեղադրես: Մեղավոր են կարծես բոլորը՝ և՛ մարդիկ, և՛ կենսապայմանները, և՛ հանգամանքները…
Ընկեր Միշան այլևս ծերանում էր… Հիշողության թևով հաճախ էր գնում հայրենի դպրոց, որին կից հողատարածքը վերածել էր պտղատու այգու ու ծաղկաստանների: Եվ հիշում էր, թե ինչպես է իր սաներին սովորեցրել փխրեցնել ու խնամել ծառերը: Եվ երբ երեխաները ծուլանում էին մեծ տրամագծով փորել բնամերձի բաժակը, վերցնում էր բահն ու ցույց տալիս, թե ինչպես պետք է գործը գլուխ բերել:                                                                                                                     
 
«- Ընկեր Առաքելյան, էդպես լավ միայն դու կարող ես անել: Դու արա՝  մենք նայենք:                     
 
- Նայելով որ սովորվի, ղասաբի շունը վաղուց ղասաբ էր դարձել:                                                
Ծիծաղում էին՝ տնօրենն էլ, երեխաներն էլ»: (երկխոսությունը` արցախցի հայտնի գրող Մաքսիմ Հովհաննիսյանի «Ինչի մասին է լռում զանգը» ակնարկից):
 
Հիշում էր դպրոցը, իր աշակերտներին ու գործընկերներին, և երևի աչքից արցունք էր կաթում: Այնքա՜ ն երազանքներ ուներ, որ կիսատ մնացին… Ուզում էր, որ թոռնուհին սովորեր անգլերեն ու իր համար էլ թարգմանություններ կատարեր, որովհետև ինքն այդպես էլ չհասցրեց սովորել անգլերեն, ուզում էր գիրք գրել, մեկնել արտասահման…
 
Ընկեր Միշա, երևի հիմա էլ, վերևից նայելով հայրենի գյուղիդ ու հարազատ դպրոցիդ, հոգիդ համակվում է անասելի ցավով, երևի նույն աղոթքն է շուրթիդ՝ միայն թե չդատարկվի Սզնեքը, միայն  թե չլռի Սզնեքի դպոցական զանգը…
Ես, որպես Սզնեքի մ/դ  նախկին դպրոցական, որպես աշակերտ Կարեն Մարտիրոսյան, խոնարհվում եմ Ձեր պայծառ հիշատակի առջև, ընկե՛ր Առաքելյան: Դուք ինձ չդասավանդեցիք, բայց ես ճանաչում եմ Ձեզ ու Ձեր աշակերտն եմ: Դուք իսկապես արժանի եք լինել 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժը: 
 
Հավերժ հիշատակ վաստակաշատ ու նվիրյալ ուսուցչին, որի մասնագիտական լավագույն ավանդույթները առաջ են տարել ու տանում են նրա շառավիղները:                                                                             
 
Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 
ԱրՊՀ Իրավագիտության բաժնի ուսանող, 
Սզնեքի միջն. դպրոցի նախկին շրջանավարտ