Ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

ԻՍՊԱՆԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայաստանի համար դժվարին այս օրերին բարի կամքի տեր օտարերկրացիները բարոյական աջակցություն են ցուցաբերում՝ իրենց մտահոգությունը հայտնելով և ընդվզելով կատարվող ոտնձգությունների դեմ:
 
Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախագահ (Վալենսիա) Արարատ ՂՈւԿԱՍՅԱՆԸ ներկայացրել էդրանցից մի քանիսը:
 
Վերջին օրերին բազմաթիվ իսպանացի քաղաքական և մշակութային գործիչներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին՝ մտահոգ այն ամենով, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։
 
Հայտնի իսպանացիների կոչերին և ուղերձներին միացան նաև գրող, հրապարակախոս, լրագրող, բազմաթիվ գրքերի, այդ թվում նաև՝ «Արարատի հիշողությունը» ("La memoria  del Ararat") աշխատության հեղինակ Խավիեր Մորետ Ռոսը (Xavier Moret Ros), ով ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետևյալ տողերը. 
 
- Հայաստանը մեր մտքերում. Այս օրերին մտահոգ եմ Հայաստանի համար։ Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի, և բռնությունն ու սպառնալիքները կնահանջեն։ Գրկում եմ իմ հայ բարեկամներին։ (Pensando en Armenia. Es una pena lo que está pasando. Pienso mucho en Armenia en estos días. Confío en que se imponga la paz en Nagorno Karabakh y en que cesen la violencia y las amenazas. Un abrazo a los amigos armenios):
 
Ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ, իր մտահոգությունն է հայտնել նաև պատմաբան, գրող, պատմական գիտությունների դոկտոր, Մադրիդի Սան Պաբլո համալսարանի դասախոս, «Սուրբ Իգնասիո Մալոյանը հայկական Գողգոթայում» ("El beato Ignacio Maloyan, en el Gólgota de los armenios") Խոսե Լուիս Օրեյան (Jose Luis Orella), ով ներքոնշյալ տեսանյութում մասնավորապես նշում է հայ ժողովրդի տարած բազմաթիվ արհավիրքների մասին և հույս հայտնում, որ խաղաղությունն ի վերջո կվերականգնվի, որում մեծ դեր պիտի ունենա միջազգային հանրությունը։
 
Իր անվերապահ աջակցությունն է հայտնել նաև պատմաբան, փաստաբան Կառլոս Ռոլդան Լոպեսը ( Carlos Roldán López), ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանային ընդհարումների վերաբերյալ իսպանական պարբերականում լույս տեսած նյութը՝ նշելով հետևյալ վերտառությունը. «Հանգի՜ստ թողեք հայերին, թշվառնե՜ր» ("¡Dejád en paz a los Armenios, malditos bastardos").
 
Ադրբեջանական ագրեսիայի դեմ քննադատական կոչերը իսպանական հասարակության կողմից չեն դադարել վերջին օրերին։ Դրանցից հիշատակության է արժանի նախկին պատգամավոր, բասկյան խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆայել Լառեյնայի (Rafael Larreina) թվիթերյան գրառումը։
 
Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների համապարփակ պատկերը ներկայացրել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանություն Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (Vladimir Karmirshalyan), ով հարցազրույցներով է հանդես եկել իսպանական մամուլում և լրատվամիջոցներում, որոնցից հիշատակության է արժանի Իսպանիայի Հանրային ռադիոյում տված հարցազրույցը, որտեղ վերջինս լավագույնս է ներկայացնում ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև վերջին սահմանային ընդհարումներին նախորդած  իրադարձությունները՝ կապված Արցախյան հիմնախնդրի հետ։
 
Ընդհանուր առմամբ, ներկայումս նկատելի են, թեև՝ դեռևս զգուշավոր, այդուհանդերձ՝ արդեն իսկ հասցեական մեղադրանքներ աշխարհի զարգացած երկրների, այդ երկրում գործող հասարակական, քաղաքական, մարդասիրական և կրոնական կազմակերպությունների, անհատների, հայտնիների կողմից, որոնք առավել հասցեական են դառնում, երբ սպառնալիքներ են հնչում ոչ միայն  Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, այլև այդ երկրին դաշնակից այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք Թուրքիան կամ Պակիստանը։ Կարծում եմ, համեմատությունն իսկ ավելի հստակ է դարձնում միջազգային հանրության դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, որը գրեթե ոչնչով չի տարբերվում Հայաստանի և Մինսկի խմբի հանձնաժողովի դիրքորոշումներից, այն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի և այն հիմնված պետք է լինի ինքնորոշման իրավունքի վրա։
 
Մեր երկրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել նաև Իսպանիայի ԿՈՆՏԻԳՈ ՍՈՄՈՍ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ (CONTIGO SOMOS DEMOCRACIA- ՔՈ ՀԵՏ ՄԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ) կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Jose Enrique Aguar Vila): 
Թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ 
 
- Իմ ողջ աջակցությունը խաղաղասեր հայ ժողովրդին։ Երրորդ երկրների միջամտությունը կարող է խախտել զարգացող տարածաշրջանը։
 
Հիշեցնենք, որ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան տարիներ առաջ Վալենսիայի շրջանային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդագիր էր ներկայացրել, որը, ցավոք, դրական արդյունք չունեցավ՝ որոշ կուսակցությունների դեմ և ձեռնպահ քվեարկելու պատճառով։
Նշենք նաև, որ կուսակցության արտաքին հարաբերությունների գլխավոր կետերից մեկն է՝ «Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը՝ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո»։