Ի՞նչ ասել է «սեռական դաստիարակություն», ո՞վ է դասավանդելու, ի՞նչ է սովորեցնելու

Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆ 
Բեմադրիչ, դրամատուրգ
Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ
 
 
Անփառունակ ազգային ժողովը ահա և հասավ «Ստամբուլյան կոնցենցիա» կոչվածին։ Այս քաջնազարները դեռևս չեն հասկանում՝ ինչի հետ գործ ունեն, կամ որ ավելի սարսափելի է, գիտակցաբար ազգի գենը դրել են անհայտ մի բանի զոհասեղանին։ Ինչ ասել խելապակասներին, որոնք իրենց ամբոխավարությամբ կասկածի տակ են դնում մեր զավակների հոգեկերտվածքի և աշխարհայացքի ճիշտ զարգացումը և հետագա ողջ կյանքը։ Գուցե՝ «է, դե չի կարելի, է» միրզոյանական թևավոր սաստը օգնի՞։ Ո՛չ, կօգնի միայն միասնական ընդվզման ձայնը, քանզի աստվածային ճշմարտություն է՝ Ձայն բազմաց՝ ձայն Աստծո։
 
Մասնագետները կփաստեն, որ երեխայի և առհասարակ գիտակից մարդու համար ամենակարևոր բանը մանկությունն է, որը ծնողը պիտի ձգտի հնարավորինս երկարաձգել, ինչը հայ ազգը իր դարավոր ու փառավոր ճանապարհին դժվարությամբ, բայց մեծ պատասխանատվությամբ է արել։ 
Հիմա եկել են ու «ստամբուլյան» արդեն իսկ հակակրանք առաջացնող վերնագրի ներքո գրված զառանցանքը ուզում են պարտադրել մեզ։ Ոչ մի հասարակական դժգոհություն սրա դեմը չի առնի, եթե չդառնա անհանդուրժողականություն։ Իսկ մենք դեռ հանդուրժում ենք խորհրդարանի խեղկատակ մեծամասնությանը, ով կարծում է, թե հայ մարդը, հայ հայրը և մայրը ի վիճակի չէ դաստիարակել իր զավակին։ Ի՞նչ ասել է «սեռական դաստիարակություն», ո՞վ է դասավանդելու, ի՞նչ է սովորեցնելու, և ի՞նչ իրավունքի պաշտպանվածության մասին է խոսքը։ Ի՞նչ պաշտպանվածություն կտա մանկահասակ դպրոցականին իմանալը, թե իր մարմնի որ մասը ինչ դերակատարում կարող է ունենալ, որ սրա անվան տակ շեշտը դնելով մեր՝ մեր երեխաներին պաշտպանված տեսնելու բնական ցանկության վրա, փորձում են առաջ տանել։ 
 
Սա միմիայն կհանգեցնի մեծացող հետաքրքրության, և մեր տասը տարեկան երեխան արդեն տասներկու-տասներեքում պիտի ցանկանա գործնականում հասկանալ, թե ինչի մասին էր խոսքը։ Հիմա, այո, գիտեմ, որ մի հսկայական զանգված մեր հասարակությունից պիտի քննադատի ինձ, գոնե միայն նրա համար, որ քննադատում եմ լեգիտիմ իշխանություններին։ Ո՞վ է ասում, թե այս իշխանությունը լավ բան չի արել, արել է, բայց բավական է ստամոքսով մտածենք, բավական է մտածենք օրվա հացով և հլու հավատանք այդ հացը տվողին։ 
 
Առաջ նայեք, տեսեք, թե ու՞ր է տանում մեզ այսօրվա օրակարգը։ Սիրու՞մ եք վարչապետին, հրաշալի է, ուրեմն կարողացեք բացատրել նրան, որ մենք հայ ենք ու ունենք ազգային մենթալիտետ, ունենք պատմություն ու ինքնություն, և օրվա շահը գերադասելի չէ մեր երեխաների վաղվա օրվանից։ Դեռ չեմ խոսում միասեռականներից... Սրանց քարկոծելու իրավունքը թե չունեմ, ապա վստահաբար իրավունք ունեմ իմ զավակին նմաններից հեռու պահել մի պարզ պատճառով, որ նրանք չեն կարող կյանքում առողջ ընտանիքի և քաղաքացու օրինակ հանդիսանալ։ Նրանցից մեր երեխաներին հեռու պահելու իրավունք ունենք բոլորս, ամեն մի հայ։ 
 
Եթե ԱԺ-ն ընտրվել է լեգիտիմ ու արդար ընտրություններում, դեռ չի նշանակում թե էնտեղ մտքի գիգանտներ են. ո՛չ, էնտեղ հասարակ մարդիկ են՝ հեռու անթերի լինելուց, և մատների վրա կարելի է հաշվել հասարակության շահը սեփականից վեր դասողներին։ 
 
Ո՞վ պիտի պաշտպանի մեր զավակներին, եթե ոչ մենք՝ նրանց ծնողները, ո՞վ կարող է ավելի լավ իմանալ՝ ինչ է նրանց պետք, եթե ոչ մենք։ Խոսքս ուղղում եմ հայ մտավորականին, արվեստագետին, գրողին, եկեղեցականին և ազգի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի... Խոսե՛ք, բոյկոտեք, թույլ մի տվեք կասկածի տակ դնել մեր զավակների ապագան։ Իսկ ծայրահեղ դեպքում, եթե այս ծրագիրը ընդունվի (ինչին բնավ չեմ կասկածում) բոյկոտե՛ք, մի ուղարկեք երեխաներին դպրոց, ու թող գրողի ծոցը գնան իրենց ապազգային պիղծ կրթական ծրագրով։
 
 
Խմբագրության կողմից. Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ-ն Ստամբուլյան կոնվենցիային միացել է հենց ՀՀԿ իշխանության օրոք։ 2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել կոնվենցիային, իսկ մոտ 20 օր անց՝ 2018-ի հունվարի 18-ին, այն Ստրասբուրգում ստորագրել էր ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ 
 
Ստամբուլի կոնվենցիան (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա») Եվրոպայի Խորհրդի միջազգային համաձայնագիր է, որի նպատակ է հռչակվել կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու պայքարը։ Ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին։
 
Ներկա պահին այն ստորագրել են Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկիր և Եվրոպական միությունը։ 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց կոնվենցիան։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից: