Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրում է կորոնավիրուսի պանդեմիայի առնչությամբ ապատեղեկատվական արշավի համար

Կրեմլի նպատակն արևմտյան կառավարություններին վարկաբեկելն է և եվրոպական երկրներում կյանքը կազմալուծելը՝ ասված է Եվրամիության զեկույցում:
 
Ռուսաստանն ապատեղեկատվության համաշխարհային արշավ է իրականացնում կորոնավիրուսի պանդեմիայի առնչությամբ. այս մասին ասվում է Եվրամիության ներքին զեկույցում, որը հայտնվել է բրիտանական Financial Times պարբերականի ձեռքում:
 
Կրեմլի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն ու ինտերնետ-թրոլները բազմաթիվ նյութեր են հրապարակում, որոնց նպատակը բնակչությանն ապատեղեկացնելն է, վախ և խուճապ սերմանելը, ասված է զեկույցում։
 
Արդեն տասնյակ նման ֆեյք հաղորդագրություններ են բացահայտվել։ Դրանցում հստակ երկու միտք է արտահայտվում․
 
• «Նոր վարակը մարդու կողմից է ստեղծվել և օգտագործվում է Արևմուտքի կողմից որպես զենք»։
 
• «Արևմտյան կառավարություններն ունակ չեն խնդիրը լուծել»։
 
• «Ռուսաստանում նախագահ Պուտինի ղեկավարության տակ ամեն ինչ լավ է, ոչ մի պանդեմիա չկա»։
 
Կեղծ հաղորդագրությունները տարածվում են միանգամից մի քանի լեզուներով։ Դա արվում է կեղծ օգտատերերի ցանցի միջոցով։
 
Ավելի վաղ դրա միջոցով սուտ տեղեկություններ էին տարածվում Սիրիայում տիրող իրավիճակի և Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի մասին։
 
• Ռուսաստանի մասին՝ միայն լավը։ Ինչպե՞ս են ֆինանսավորվում և կառավարվում ռուսամետ լրատվամիջոցներն արտասահմանում
 
• Թե ինչպես Կրեմլը պարալիզացրեց 2 հազար կայք Վրաստանում
 
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել
 
Ինչպես հաղորդում է Reuters–ը, Եվրամիությունում հրաժարվել են մեկնաբանել զեկույցը, սակայն ԵՄ ներկայացուցիչը հաստատել է, որ կապի մեջ է Google-ի, Facebook-ի, Twitter-ի և Microsoft-ի հետ և նրանց հետ քննարկում է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունը։
 
Ավելի վաղ Facebook-ը հաղորդել էր, որ հեռացրել է հարյուրավոր կեղծ էջեր, որոնք կապված են Սանկտ Պետերբուրգում գտնվող այսպես կոչված «թրոլների ֆաբրիկայի հետ»։
 
Դրա սեփականատերը նախագահ Պուտինին մոտ գործարար Եվգենի Պրիգոժինն է։ ԱՄՆ-ում նա մեղադրվում է 2016թ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։