Թուրքիայի նախագահը փոքրամասնությունների ղեկավարներին հրամայում է քարոզչական նամակ ստորագրել

Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԻ ՏԵՔՍՏԸ

 Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թուրքական կառավարության կողմից վաղուց կիրառվող գործելակերպ է՝ ճնշում գործադրել Թուրքիայում փոքրամասնությունների կրոնական խմբերի առաջնորդների վրա՝ հանդես գալու հրապարակային հայտարարություններով՝ ի պաշտպանություն թուրքական քաղաքականության և ռազմական գործողությունների կամ դատապարտելու տարբեր օտարերկրյա պետությունների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևերը։
 
Հայկական, ասորական, հունական և հրեական համայնքների ղեկավարները սովոր են այս գործելակերպին և պատրաստակամորեն կատարում են թուրքական պահանջները՝ գիտակցելով, որ այդ պահանջը չկատարելը կարող է խնդիրներ առաջացնել անձամբ իրենց և իրենց համապատասխան համայնքների համար։
 
Նախկինում նման հրամանները փոքրամասնությունների ղեկավարներին տրվում էին ավելի նուրբ ձևով։ Օրինակ՝ մի թուրք պաշտոնյա զանգահարում կամ այցելում էր Պոլսո Հայոց պատրիարքին և զգուշորեն առաջարկում, որ գուցե լավ գաղափար է նրա համար ինչ-որ քաղաքական հարցի շուրջ հրապարակային հայտարարություն անել։ Բնականաբար, նախորդ պատրիարքները երբեք չեն հրաժարվել նման առաջարկներից, որոնք ավելի շատ նման են թուրքական կառավարության հրամաններին: Տարբեր պատրիարքների արձագանքների միակ տարբերությունը՝ նրանց հայտարարությունների լեզուն ինչ-որ կերպ մեղմել կամ խստացնելն էր: 
Այն, ինչին մենք ականատես ենք լինում հիմա, բոլորովին այլ է: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնակալական կառավարությունն այնքան բռնակալ է դարձել, որ անցյալ շաբաթ նամակ է ուղարկել Թուրքիայի փոքրամասնությունների չորս կրոնական առաջնորդներին՝ պահանջելով, որ նրանք ստորագրեն այն և նամակը հետ ուղարկեն նախագահի գրասենյակ։ Բոլոր չորսն էլ անմիջապես կատարել են պահանջը։ 
 
Փոքր անակնկալն այն էր, որ Էրդողանի՝ փոքրամասնությունների կրոնական առաջնորդներին ուղարկած նամակից մեկ շաբաթ առաջ, Պոլսո Հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել, հիմնականում աջակցելով Էրդողանի հետագա նամակում արտահայտված տրամադրություններին: Պատրիարքին չպետք է մեղադրել ոչ նախօրոք սեփական քարոզչական նամակը գրելու, ոչ էլ կառավարության կողմից թելադրված նամակը ստորագրելու մեջ: Ի վերջո, պատրիարքը գիտի, թե ինչ են ակնկալում իրենից, և հայտարարություն է արել առանց սպասելու պաշտոնական հրամանների:
 
Տվյալ դեպքում հարցն այն է, որ վերջերս Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Հյուսիսային Սիրիա, ինչը հանգեցրեց տասնյակ թուրք զինվորների կորստի: Հայոց պատրիարքությունը տարածեց հետևյալ հայտարարությունը.
 
«Իդլիբում [Սիրիա] տեղի ունեցած հարձակումը և դրա հետևանքով թուրքական զինված ուժերի 33 հերոս զինվորների նահատակությունը մեր երկրում խոր ցնցում է առաջացրել։ Սրտանց բաժանելով մեր ազգի ցավը, Տիրոջից ողորմություն ենք հայցում նահատակների համար։ Մեր հերոս բանակը պետության գոյատևման երաշխիքն է։ Իրենց զինակից ընկերներին կորցրած բանակի բոլոր անդամներին մենք տոկունության կոչ ենք անում։ Նաև շարունակում ենք աղոթել, որ աշխարհում և հատկապես մեր տարածքում խաղաղություն տիրի։ Հանուն Թուրքիայի Հայոց պատրիարքության, Կրոնական ժողովի և համայնքի բոլոր անդամների, հանրության հետ կիսում ենք մեր այն հավատքը, որ այս դժվարին գործընթացը հնարավոր կլինի հաղթահարել միության և միասնականության մթնոլորտում»։ 
 
Պատրիարքարանը հետագայում ստորագրեց Էրդողանի գրասենյակի կազմած ավելի քարոզչական բնույթ կրող նամակը: Ահա հատվածներ այդ երկու էջանոց նամակից.
 
«Մեր երկիրը միշտ եղել է այն քայլերի առաջատարը, որոնցով ծառայել է խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում՝ ոգեշնչված իր հնագույն պատմությամբ և խորապես արմատացած քաղաքակրթությամբ։ Մեր Անկախության պատերազմից ի վեր, շատ կարևոր պայքարներ են տարվել մեր անկախության, անվտանգության և բարօրության համար:
 
Այս պայքարներից յուրաքանչյուրում մեր սիրասուն ազգի կողմից բացահայտված զորաշարժի ոգին եզակի օրինակ է ամբողջ աշխարհի համար: Որպես հասարակական կազմակերպություններ, մենք լիովին աջակցում ենք մեր պետության այն քայլերին, որոնք հիմնված են երկրի անվտանգության և շահերի վրա և որոնք նաև պաշտպանում են խաղաղության հաստատումն ու պահպանումը մեր տարածաշրջանում.․․․
 
Մենք պնդում ենք, որ իր ակունքում ահաբեկչությունը չորացնելու այս պայքարը պետք է շարունակվի նույն վճռականությամբ: Մենք գիտենք, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում կասկածի տակ դնելը նշանակում է անտեսել մեր սահմանների անվտանգությունը:
 
Տարբեր երկրների մոտեցումը՝ ի նպաստ ահաբեկչական խմբերի և ի սատարում տարածաշրջանային անկայունության, ցույց է տալիս, որ մենք հաճախ դրա դեմ պայքարում ենք միայնակ։ 
 
Սակայն մեր ժողովուրդը, որը հեռատես է, միշտ եղել է և կշարունակի մնալ իր պետության կողքին: Որպես հասարակական կազմակերպություններ, մենք հպարտ ենք, որ այս նվիրական ազգի մաս ենք կազմում: Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին համահունչ, մենք հայտնում ենք, որ կանգնած ենք մեր երկրի խաղաղության և անվտանգության համար մեր պետության կողմից ընդունված յուրաքանչյուր որոշման հետևում՝ ընդդեմ այս դաժան մարդասպանների և հրեշների, և մենք աջակցում ենք ձեռնարկված յուրաքանչյուր քայլ: Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները միասնությամբ և համերաշխությամբ, ինչպես եղել է մինչ օրս։
 
Թուրքիան խաղաղության երկիր է: Թուրքիան խաղաղության բանալին է տարածաշրջանում և աշխարհում։
 
Չնայած մեր ճանապարհին առկա բոլոր խոչընդոտներին և հարձակումներին, մենք կցանկանայինք աշխարհին հայտնել, որ պատրաստ ենք աջակցել մեր պետությանը և բանակին, իսկ անհրաժեշտության դեպքում պայքարել նրանց հետ, որպեսզի պաշտպանենք մեր ազգային անվտանգությունը, կանխենք նոր հումանիտար ճգնաժամերը և խաղաղություն հաստատենք մեր տարածաշրջանում:
Մենք կրկին բացականչում ենք ի լուր աշխարհի, որ մենք կպաշտպանենք այս հայրենիքը, ցանկացած պայմաններում և կպայքարենք պետություն-ազգ համախմբմամբ՝ ձեռք ձեռքի, ուս ուսի տված»:
 
Այնուամենայնիվ, Թուրքիայի ոչ բոլոր քաղաքացիներն են աջակցում կառավարության կողմից Սիրիա ներխուժմանը։ «Ջումհուրիեթ» թերթը շատ խիստ հոդված է գրել՝ մեղադրելով Էրդողանին փոքրամասնությունների վրա ճնշում գործադրելու համար:
 
Թոմա Չելիքը, որը Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» անդամ է, նամակ է հղել Թուրքիայի փոխնախագահին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին․
 
- Ո՞վ է պատրաստել փոքրամասնություններին ուղղված նախագահի նամակի տեքստը:
 
- Ո՞վ է որոշել նամակն ուղարկել փոքրամասնություններին:
 
- Ի՞նչ այլ խմբերի է ուղարկվել այս նամակը:
 
- Արդյոք նրանք, ովքեր կհրաժարվեն նամակը ստորագրելուց, կպատժվե՞ն:
 
Այն ժամանակ, երբ Թուրքիայի հազարավոր անմեղ քաղաքացիներ և տասնյակ լրագրողներ բանտ են նետվել Էրդողանի վարչակարգի կողմից, յուրաքանչյուր ոք, ով չի հնազանդվում Էրդողանի հրամաններին, անազատության մեջ հայտնվելու վտանգի տակ է։ Մինչ  Էրդողանն ի վիճակի չէ Սիրիայի հետ հակամարտության շուրջ համաձայնության գալ Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, նրա համար շատ ավելի հեշտ է իր հիասթափությունն ու վրեժխնդրությունը թափել անմեղ մարդկանց վրա Թուրքիայի ներսում:
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի