«Հայը պիտի չհանդուրժի հակահայկականը, քրիստոնյան՝ հակաքրիստոնեականը»

Հարցազրույց բեմադրիչ, դրամատուրգ և արձակագիր Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆԻ հետ

- Ձեր գրական գործունեության ընթացքում Դուք գրել եք դրամաներ, պատմական դրամաներ, կատակերգություններ: Ի՞նչն է առաջնորդում Ձեզ թեմայի ընտրության հարցում: Ո՞րն է դրամատուրգի գերխնդիրը:
 
- Ձեր թույլտվությամբ՝ սկսեմ վերջից, քանի որ այդտեղ է հարցի պատասխանը՝ դրամատուրգի գերխնդիրը: Դրամատուրգը, ի տարբերություն գրական ասպարեզի այլ գործիչների՝ արձակագիրների, բանաստեղծների, պետք է առաջնորդվի ո՛չ այնքան մուսայով, որքան ժամանակով։ Սա ամենևին չի նշանակում, թե արձակի, պոեզիայի մեջ դրա պետքը չկա. իհարկե՛ կա։ Կա, բայց ո՛չ այնքան խիստ ընդգծված, որքան դրամատուրգիայում, և ասեմ ինչու։ Պիեսները պետք է ներկայացնեն այն, ինչի կարիքն ունի ներկա ժամանակը՝ մեր այսօրը ու նաև վաղը, որպեսզի ամեն մի ընթերցող, ամեն մի հանդիսական գտնի իրեն հերոսների մեջ և ծավալվող գործողություններում՝ դառնալով յուրովի ուղեցույց։ Սկսենք պատմական պիեսներից և գանք այսօրվան։ Վերցնենք օրինակ իմ՝ «Լևոն Վեցերորդ, Կիլիկիո արքան» պիեսը։ Մի կողմից մենք գիտենք, որ Լևոն արքան վաղուց անցյալում է, վաղուց մոռացված՝ արդեն չբացվող մատյանների փոշոտ էջերում։ Իսկ մյո՞ւս կողմից։ Ո՞վ է ասում, թե մենք այսօր չունենք լևոններ։ Մի՞թե լևոններ չէին մեր հայրերն ու եղբայրները, որ քաջաբար կռվեցին Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան պատերազմի օրերին։ Նույն անձնուրացությամբ՝ հանուն հայրենիքի ու հայ հողի, կրոնի, հայկականության և իրենց զավակների հայ լինելու՝ արյամբ վաստակած իրավունքի՝ 20 և 21-րդ դարի լևոնները տվեցին, ինչպես Կապուտիկյանը կասեր՝ կյանք ու որդի։ Ահա դրամատուրգի առաքելությունը՝ ժամանակի հետ քայլել և թույլ չտալ երբեք, որ ժամանակը կուլ տա ազգայինը և համամարդկայինը։ 
 
Գանք կատակերգություններին. կատակերգությունը շատ նման է ծանակագրությանը։ Ինչի՞ շուրջ ենք կատակում, կոպիտ թող չհնչի՝ ի՞նչն ենք ձեռք առնում, մատնացույց անում ու ծիծաղում։ Վստահաբար ո՛չ դրականը, ճշմարիտն ու լավը։ Այսինքն, երբ ծիծաղի առարկա է դառնում մեկը, նա ըստ էության հասարակությունից մեկուսացված է, անընդունելի։ Ահա այս անընդունելին է, որ պետք է ցույց տալ կատակերգություններում՝ երբեք չմոռանալով շեշտել, ընդգծել, որ դա ընդունելի չէ, լավ չէ. այսինքն, անընդունելին պետք է իրեն կողքից տեսնի և փոխվի։ Հակառակ դեպքում այն կդառնա վտանգավոր զենք հասարակության համար և նրա դեմ, այն կդառնա քարոզչություն, ինչին հաճախ ենք բախվում հեռուստատեսային սերիալներ և այլ հաղորդումներ դիտելիս։ Ցավոք, հեռուստատեսությամբ հաճախ ցուցադրվող տգեղ, ապազգային, ապակրոնական հաղորդումների հակակշիռը չկա՝ թատրոնը սա ապահովել չի կարող, քանի որ լսարանային զանգվածի տարբերությունը սարսափելի մեծ է։
 
- Հաճախ եք հոդվածներով հանդես գալիս, բայց առավելապես անդրադառնում եք արվեստի ոլորտի խնդիրներին: Հեռուստատեսությանը, կարծեմ, երբեք չեք անդրադարձել:
 
- Այո, չեմ անդրադարձել։ Եվ առհասարակ, խոսում եմ նրանից, ինչից առավել եմ հասկանում։ Երբեք չեմ մտնում այն դաշտը, որտեղ, ինչպես պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանը կասեր, իմ ճանաչած բույսերը չեն աճում։ Բայց ես էլ քաղաքացի եմ, մեկը, ով տեսնում է և հասկանում, թե ինչ կարող է լինել ապազգային, ապակրոնական հեռուստահաղորդումների արդյունքը։
 
-  Ի՞նչ հաղորդումների մասին է խոսքը:
 
- Նախ ասեմ, թե ինչու չեմ անցնում թատերական ու գրական ասպարեզները իմ հոդվածներում։ Ես կարող եմ գրել անսահմանափակ, իսկ տպագրվել՝ ոչ։ Շնորհակալ եմ հանրապետական տպագիր մամուլին, որը երբեք չի անտեսել իմ և ո՛չ մի հոդված, տպագրել է, երբ և ինչ ուղարկել եմ՝ առանց տառ ու բառ փոխելու։ Ես այս ամենի համար շնորհակալ եմ և փորձել ու փորձում եմ չչարաշահել բարի վերաբերմունքը՝ պարբերաբար հոդվածներ տալով։
 
Հիմա պատասխանեմ Ձեր հարցին. հեռուստատեսությամբ կան «Ընտանեկան պատմություններ», «Կյանքի պատմություններ» և այլ նման տիպի հաղորդումներ։ Թվում է, թե սրանք պիտի միտված լինեն հեռուստադիտողին որևէ խորհուրդ տալուն՝ կյանքի այս կամ այն դժվարին իրավիճակից ելք գտնելու, սակայն... Վերջերս դրանցից մեկը տեսա, որտեղ ըստ սյուժեի՝ գյուղից եկած բարեկամը, որը քեռի է գալիս տանտիրոջ աղջկան, սիրահարվում է վերջինիս, վերջինն էլ՝ նրան, ապա աղջիկը հղիանում է, ընտանիքը չի ընդունում նրանց միությունը, բայց ի վերջո տեղի են տալիս, և նրանք ապրում են երկար ու երջանիկ։ Անգամ եթե չլիներ վերջին պարբերությունը, ըստ որի նրանք (զույգը) ընդունվեցին ընտանիքի կողմից՝ նույնն է թե հանրության, նման բան նկարելը և հեռարձակելը անընդունելի է։ Մի՞թե սա ընդունել կարելի է, մի՞թե սա սրբապղծության մասսայական պրոպագանդա չէ, իսկ որտե՞ղ է սրա հակակշիռը։ Ես չեմ ընդունի, եթե որևէ մեկը ասի, թե դա նկարահանվել է, որ մարդիկ նայեն ու հասկանան, որ դա ընդունելի չէ, ո՛չ։ Ընդունելի է, եթե ընդունեցին, եթե եղավ երջանիկ ավարտ. ուրեմն ի՞նչ ենք սովորեցնում։
 
- Ի՞նչ խորհուրդ կտաք:
 
- Գիտեք, իմ գրիչը մեծ ռեսուրս է՝ զենք։ Հեռուստատեսության ժամանակը, տեսախցիկը, սցենարիստի գրիչը նույնպիսի ռեսուրս է ու զենք։ Այս զենքը կարող է գործածվել ի պաշտպանություն ազգայինի և հակառակը՝ դրա դեմ։ Ուրեմն խորհուրդ կտամ մեր «զենքը» ձեռքներս առնելիս մի պահ մտածենք՝ ի՞նչ ենք անում և ինչի՞ համար։ Հայը պիտի չհանդուրժի հակահայկականը, քրիստոնյան՝ հակաքրիստոնեականը։ Ասածս չհասկանաք որպես խղճի, մտքի, դավանանքի և խոսքի ազատության դեմ մի բան, ամենևի՛ն։ Բայց ես չեմ ուզում իմ տանը՝ հայի՛ տանը, թեկուզ հեռուստատեսությամբ ու կարճ ժամանակով հայտնվեն ապազգային, ապակրոնական դրսևորումներ։
 
Զրուցեց Մարինե ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ