Ինչի՞ են հասել Հարավային Կովկասի երկրները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2019 թ-ին։ Եվ ինչո՞ւմ չեն հաջողել

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. JAMnews

Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թ-ի իր ամփոփիչ զեկույցը։
 
 
Ադրբեջան
 
Human Rights Watch-ի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խստորեն վերահսկել քաղաքական համակարգն ու հետապնդել քննադատներին։
 
ԱՅԼԱԽՈՀՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
 
Քաղաքական և հասարակական ակտիվիստները, լրագրողներն ու բլոգերները, որոնք համաձայն չեն կառավարության գործողություններին, ոստիկանական ճնշման և ապօրինի կալանքի են ենթարկվում, սահմանափակվում է նրանց տեղաշարժվելու իրավունքը։
 
Նշվում են Բայրամ Մամադովի, Մեհման Հուսեյնովի, Մամեդ Իբրահիմովի, Օրհան Բաքիշլիի, Ֆուադ Ահմեդլիի, Ասիֆ Յուսիֆլիի, Փաշա Ումուդովի, Ալի Քերիմլիի անունները։
 
ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
 
Իշխանություններն, ըստ էության, ամբողջությամբ արգելել են բողոքի ակցիաները Բաքվի կենտրոնական շրջաններում։
 
2019 թ-ին զանգվածային միջոցառումների անցկացման կանոնների խախտման համար վարչական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է մի քանի անգամ՝ 2018-ի համեմատ։
 
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՀԱԲԵԿՈՒՄ
 
Քաղաքական գործընթացներում ներգրավված նվազագույնը երեք փաստաբան մեկ տարով զրկվել է պրոֆեսիոնալ լիցենզիայից դատախազության ներկայացմամբ։
 
2019 թ-ի փետրվարին փաստաբանական կարգավիճակից զրկվել է Յալչին Իմանովը, որը հանրային կերպով պատմել է, որ իր վստահորդին խոշտանգել են։
 
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
 
Իշխանություններն ամբողջությամբ վերահսկում են մեդիադաշտը։ Զրպարտությունը քրեական հանցանք է համարվում։
 
Զեկույցում նշվել են ութ լրագրողների անուններ, որոնք շինծու մեղադրանքներով ազատազրկման են դատապարտվել իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար։ Նրանցից ոմանք դեռ բանտում են։
 
ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
 
Զեկույցում որպես ամենացցուն դեպք է նշվել Youtube-յան ալիքի պոպուլյար հեղինակ Սևինջ Օսմանգըզիի գործը, որն արտասահմանում է ապրում։ Պետական հեռուստատեսությունը փորձել է ստիպել նրան դադարեցնել հեռարձակումը՝ շանտաժի ենթարկելով նրան գողացված լուսանկարներով և կեղծված առցանց նամակագրությամբ։
 
•Կարծիք․ 3 լավ և 3 վատ նորություն Ադրբեջանում 2019 թ-ին
 
•Ի՞նչ է նշանակում լրագրող լինելն Ադրբեջանում
 
•Ի՞նչ է Ադրբեջանում նշանակում «դատապարտվել է յոթ տարով» արտահայտությունը
 
ԼԳԲՏ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
 
Հայտնի է նվազագույնը մեկ ոստիկանական գործողության մասին, որի ընթացքում ձերբակալվել է ոչ ավանդական կողմնորոշման 14 անձ։ Նրանցից հինգը հետագայում ազատ էին արձակվել, մյուս իննի ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։
 
ԿՏՏԱՆՔՆԵՐ և ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
 
Իշխանություններն անտեսում են ազատազրկման վայրերում կտտանքների և պահպանման անմարդակային պայմանները։
 
Միայն մարտին նման վերաբերմունքի մասին դատարանում հայտարարել է 14 մարդ, որոնք մեղադրվել են Գյանջայում զանգվածային անկարգությունների համար։
 
 
Հայաստան
 
Հայաստանն, ըստ զեկույցի հեղինակների, 2018 թ-ի իշխանափոխությունից հետո բարեփոխումների հաջող ծրագիր է իրականացնում, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։
 
Սակայն զգալի խնդիրներ կան հետևյալ ոլորտներում․
 
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
 
Որպես ամենավառ օրինակ նշվում է 2008 թվականին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման գործի ոչ արդյունավետ հետաքննությունը։
 
Մարդու իրավունքների խախտում բնապահպանության ոլորտում
Մասնավորապես, հիշատակվում են Ամուլսարի ոսկու հանքի շինարարության դեմ բողոքը, որը վերաճել է ոստիկանության հետ բախման։
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
 
2019 թ-ի ընթացքում 209 քրեական գործ է հարուցվել ընտանեկան բռնության փաստով։ Սակայն դեպքերի մեծ մասի հարցում ոստիկանությունն ի վիճակի չի լինում պաշտպանել զոհերին։
 
Օրինակ, հիշատակվում է Մարիամ Ասատրյանի դեպքը, որը սպանվել է իր զուգընկերոջ կողմից։ 2017 և 2018 թվականներին նա բազմիցս ոստիկաններին է դիմել՝ բողոքելով ծեծից, սակայն արձագանք չի ստացել։