«ՀԱՅԸ ՀԻՇՈՒՄ Է, ՀԱՅԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է»

Ի՞նչ է մտածում հայ երիտասարդը՝ Ցեղասպանության մասին 102 տարի անց

Ստեփանակերտում ապրիլի 23-ի ջահերթին մասնակցած հազարավոր երիտասարդներ այսօր ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է երիտասարդների հետ՝ պարզելու համար, թե ինչ են մտածում նրանք Ցեղասպանության մասին 102 տարի անց:
 
Բենո ՄԻՐԶՈՅԱՆ.  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ. 
 
- Մենք, ամեն տարի շարունակելով մեր պահանջատիրական երթը, հաջորդ սերունդներին ենք փոխանցում մեր պայքարի ոգին: Աշխարհի ավելի քան 30 երկրներում կազմակերպվող նմանատիպ միջոցառումներն միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ հայը պահանջատեր է և շարունակում է ապրել ու պայքարել իր իրավունքների համար:
 
Արամ ԻՍՊԻՐՅԱՆ.  կրտսեր սերժանտ. 
 
- Որպես զինծառայող՝ մենք հիշում և պահանջում ենք 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպան թուրքն այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, բայց մենք ուժեղ ենք, պահանջատեր, ու վերջնական հաղթանակն էլ հայինն է լինելու: Մենք միշտ միասնական ենք լինելու, որն էլ լինելու է մեր հաղթանակների գրավականը:
 
Հարութ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.  «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
 
- Ողջ աշխարհին ուզում ենք ասել, որ հայը հիշում է, հայը պահանջատեր է: Քանի տարի էլ անցնի, մենք մեր արդար պահանջից չենք հրաժարվելու: Մենք ոչ միայն պահանջում ենք ճանաչում, այլ նաև մեր հայրենիքի վերադարձն ենք պահանջում: Այդ ամենը միայն բողոքի ակցիայով չի սահմանափակվելու: Պահը գալու է և մենք նորից հաղթանակ ենք կռելու, ինչպես արցախյան պատերազմում: