ԱԲԽԱԶԻԱՆ՝ ՆԱԽԱԴԵՊ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱ՞Ր

Եթե կարողանան թոթափել թուրք-ադրբեջանական ազդեցությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Աբխազիայով Վրաստան և Հայաստան բեռների տարանցման վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարար  Լավրովն օրեր առաջ Աբխազիայում հայտարարել էր, որ թե՛ Մոսկվան, թե՛ Աբխազիայի իշխանությունները չեն տեսնում Աբխազիայի տարածքով Վրաստան և Հայաստան բեռների փոխադրման խնդիր, խնդիրը այլ տեղն է: Ըստ էության, Լավրովն ակնարկել էր Վրաստանը:

Սակայն Վրաստանն իրեն արյունակից եղբայր համարող  Ադրբեջանի պես Աբխազիան ու Օսեթիան դիտարկում է օկուպացված տարածք.  հետևաբար չի կարող իրավական հարաբերություն ստեղծել Աբխազիայի հետ: Եվ Վրաստանի ԱԳ նախարարն ասել է, որ «օկուպացված տարածքով» բեռնափոխադրումների մասին որոշում կարող է կայացնել միայն Վրաստանի կառավարությունը: Միաժամանակ հիշեցրել է 2011 թ. համաձայնագրի մասին, որը Ռուսաստանն ու Վրաստանը կնքել են ԱՀԿ-ի հետ Ռուսաստանի անդամակցության շրջանակում: Ըստ այդ համաձայնագրի՝ Աբխազիայով  բեռնափոխադրումները կենթարկվեն երրորդ կողմի մոնիթորինգի: 

Երրորդ կողմը, ըստ հրապարակումների՝ շվեյցարական ընկերություն է: Բայց քանի որ համաձայնագիրն ուժի մեջ չէ, հետևաբար  այդ ընկերությունը չի  կարող մոնիթորինգ իրականացնել: Թեև մի քանի ամիս առաջ վրաց և հայ բանակցողները ինչ-որ առաջընթացի մասին էին ակնարկել, սակայն այդ ակնարկները կարծես ուրիշ մի «երկնքից» է կախված:

Սրան զուգահեռ հիշելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան, Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ միջանցիկ ծրագրի մասին,  կարելի է ենթադրել, որ փորձեր են արվում՝  վեր կանգնելու տարիներ շարունակ չլուծվող քաղաքական խնդիրներից, զատելու տնտեսական ու քաղաքական բաղադրիչները:  Չմոռանանք նաև Աբխազիայի հայ խորհրդարանականների մեսիջն ու հայտարարությունը՝ առաջիկայում հայ-աբխազական տնտեսական շարժի ականատես կլինենք:

Բայց արդյո՞ք Վրաստանը  կկարողանա «պոկվել»  իր երկրում օր-օրի ավելացող թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունից: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու «ավագ» եղբայր Թուրքիան գուցե  դեմ լինեն այս ծրագրի իրագործմանը, քանզի  իրենց բնորոշմամբ՝ «օկուպացված» տարածքի ներգրավումը գուցե  ճանապարհ հարթի ու նախադեպ դառնա  նաև Արցախի համար: Առանց այդ էլ Կոսովոյի ճանաչումը Արցախի խնդրի լուծման տարբերակ պարբեբարար հիշատակվում է:

Իսկ ադրբեջանաբարբաջ «օկուպացված» տարածքն ընդամենը պատմական Հայաստանի ինքնորոշված մի բեկորն է: