Ի՞նչ գիտեին «քարանձավային մարդիկ» աստղերի մասին

Դժվար կլիներ ակնկալել, որ բրիտանացի գիտնականները կամ նրանց ուսումնասիրության մասին գրողները հիշատակեին հնավայրերի հայկական պատկանելությունը: Դրանցից առաջինը հայությանը հանրահայտ է Պորտասար անունով, որը համապատասխանում է հնավայրի թե՛ ձևին, թե՛ բովանդակությանը, և այստեղ այդ անունն էլ կնշվի: (Համացանցում նույնիսկ նկարներ էին  տարածել, որտեղ համադրված էին Պորտասարի բացված հատվածի լուսանկարն ու թամանյանական Երևանի կենտրոնը, և նմանությունն ակնհայտ էր):
 
Հայաստանի ժայռերին ու հին մատյաններում, նաև բանահյուսական շերտում, այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան, որոնց առյուծի բաժինը սպասում է իր հայտնագործողին ու պետության մակարդակով հրապարակայնացնողին: 
 
Այն, որ հնագույն մարդիկ որոշակի պատկերացումներ են ունեցել տիեզերքի կազմության ու ստղերի դասավորության մասին՝ վաղուց է ասվում: Ըստ էության, դա են հաստատում նաև Մեծ Բրիտանիայի Քենթի և Էդինբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունները: Այս թեմային անդրադառնալով՝ paranormal-news-ը հավաստում է՝ «Քարանձավային մարդիկ հիանալի գլուխ էին հանում աստղագիտությունից և նկարել են գիսաստղի անկումը»
 
Ֆրանսիայի Լասկո քարանձավի մասին պատմվում է, որ այն հայտնի է վառ գույների նկարներով, որոնք դրա պատերին մարդիկ թողել են մոտ 17 հազար տարի առաջ՝ հին քարի դարում: Պերիգյո քաղաքից 40 կմ հարավ-արևելք գտնվող քարանձավը 1940թ. պատահաբար գտել են դեռահասները: Դրա մեջ մինչև այժմ հայտնաբերվել են 1900 մեծուփոքր նկարներ:
 
Նկարների մեծ մասում շատ որակով ու գեղեցիկ պատկերված են կենդանիներ (ցուլ, ձի, այծքաղ): Համարվում է, որ հնագույն մարդիկ այդտեղ որսի տեսարաններ են նկարել, սակայն քարանձավում նկարների մի խումբ կա, որոնց իմաստը գիտնականները պարզել չեն կարողացել: 
 
Դրանք գունավոր չեն,արված են ոչ այնքան գեղեցիկ, սակայն հնարավոր է՝ շատ ավելի խորին իմաստ են թաքցնում, քան ամբողջ մնացածը: Հնարավոր է՝ այդտեղ պատկերված է քարանձավային մարդկանց տեսածը և ինչ-որ շատ կարևոր տիեզերական իրադարձություն է: 
 
Նշվում է, թե Քենթի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները նախ կենդանիների պատկերմամբ հին հուշարձաններ են ուսումնասիրել Թուրքիայի տարածքում՝ Գյոբեկլի թեփեում և Չաթալ-Հույուկում (ավելի ստույգ՝ թերևս, Հայուկ): 
 
Բրիտանացի գիտնականները այդ հնավայրերում հայտնաբերված պատկերները համեմատել են Լասկոյի քարանձավի կենդանապատկերների հետ: Մեկ տարի առաջ Էդինբուրգի գիտնականները ասել էին, թե Պորտասարի սալերից մեկին հավանաբար պատկերված է գիսաստղի անկում 13 հազ. տարի առաջ: Նշվում է, թե այդ աղետալի իրադարձության պատճառով ոչնչացել են մամոնտները, իսկ մարդկային քաղաքակրթության թռիչքային զարգացում է ապրել: 
 
Քենթի ու Էդինբուգի հետազոտողների կարծիքով՝ Լասկոյի քարանձավի հանելուկային նկարները նույնպես հավանաբար փորձ են՝ պատմելու նմանատիպ տիեզերական աղետի մասին: Նկարներից մեկում պատկերված է տղամարդու կերպարանք, որը մահացու վիարվորել է բիզոնին: Տղամարդուց ներքև նկարված է բադի նմանվող թռչուն, որի կողքին գլուխը ձախ թեքած ռնգեղջյուր է, ասես հեռու է փախչում: Պատի մյուս հատվածում ձիու գլուխ է պատկերված: 
 
Գիտնականների կարծիքով՝ վիրավոր բիզոնը Այծեղջյուրի համաստեղությունն է արևադարձի ժամանակ, իսկ բադը՝ Կշեռքի համաստեղությունը գարնանային գիշերահավասարի ժամանակ: Այդ խմբի մնացած պատկերները կարող են զուգորդվել Առյուծի և Ցուլի համաստեղությունների հետ: Եթե դրանք իրոք համաստեղություններ են, ապա նրանց այդպիսի դասավորությունը մատնանշում է մ.թ.ա. մոտ 15 150թ.: Մոտավորապես այդ ժամանակ է Երկրի վրա եղանակային պայմանների համընդհանուր փոփոխություն եղել, և չի բացառվում, որ դրա պատճառը խոշոր գիսաստղի անկումն է եղել: 
 
Իսլանդիայի հնավայրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մ.թ.ա. մոտ 15 300 տարի առաջ եղանակային պայմաններն իրոք սկսել են փոխվել: Սակայն մինչև այսօր գտնված չէ որևէ ապացույց, թե դա եղել է գիսաստղի անկման պատճառով: 
 
Հետազոտողների կարծիքով՝ իրենց հայտնագործությունը ապացուցում է, որ զարգացման վաղ ժամանակներում մարդկությունը բազմիցս ականատես է եղել խոշոր աղետների և փորձել է դրանք պատկերել քարանձավների պատերին կամ քարերի վրա, ինչպես Պորտասարում է: 
 
Ուշագրավ է, որ բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը գրավել է նաև «ՌԻԱ-նովոստի» պարբերականի ուշադրությունը: «Պարզվել է՝ հնագույն ժայռապատկերները աստղային համակարգերի քարտեզներ են» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ դեռևս 40 հազ. տարի առաջ մարդիկ հետևել են ժամանակի ընթացքին՝ օգտվելով աստղերի դիրքերի փոփոխության վերաբերյալ գիտելիքներից: