Ո՞ւմ դեմ էին ուղղվելու այդ գնդացիրներն ու մնացյալ զենք-ռազմամթերքը

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԴԵՌ ՉԵ՞Ն ԳՏԵԼ

Բացահայտումները շարունակվում են՝ ամեն անգամ նոր գլուխկոտրուկներ ծնելով, որոնց բոլորի հիմքում նույն հարցերն են՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, որքա՞ն: Հրցեր, որոնք ոչ թե սոսկ զարմացնում, ավելի շատ հանրության վիրավորանքն են թարմացնում՝ իրենց աղքատության անդունդը նետած, հայաստանցու արժանապատվությունը ոտնատակ արած պաշտոնյաների լրբենի պահվածքից: Պահվածք, որի տեսանելին իսկ տանելի չէր, իսկ մինչ այս անտեսանելիի բնորոշման համար հիասթափության ու ցասումի բառարանները չունեն համարժեք որակումներ:
 
Լավատեսության ոչ մի պաշար չի բավարարի՝ մտածելու, թե ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների երկօրյա խուզարկությամբ հայտնաբերվածը նոր կյանքեր խլելու նպատակ չեն ունեցել: Ճիշտ է, դրանց որոնումն ու հայտնաբերումը կատարվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, սակայն ակնհայտ է, որ այսչափ զենք-ռազմաամթերքը Մարտի 1-ի «ավելցուկը» չի կարող լինել: 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ… 
 
Արդեն հայտնի է, որ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը: Իսկ ԱԱԾ պետն այսօր ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Հովիկ Աբրահամյանի հնարավոր կալանումը: Ո՞՜վ գիտե, Մանվել Գրիգորյանի հանգույն՝ մեկ էլ տեսար կհայտնվի կյանքում գնդացիր ու զենք չբռնած ինչ-որ մեկն ու կերդվի, թե այդ ամենը ինքն է թաքցրել՝բոլորից գաղտնի: Չէ՞ որ «լավ տղերքը» միշտ քավության նոխազներ են ունենում, որոնց  չնչին գումարներ նետելով կամ սպառնալով՝ հափրած տերերը ստիպում են կալանք կրել, զոհվել, խոշտանգվել իրենց փոխարեն: