Քրիստոսը նաև աշակերտուհիներ է ունեցել

Աստվածաշնչի բրիտանացի փորձագետներ Հելեն Բոնդը և Ջոան Թեյլորը պնդում են, որ Հիսուս Քրիստոսն ունեցել է աշակերտուհիներ, այսինքն իգական սեռի հետևորդներ, որոնց մասին հիշողությունները պատմությունից գրեթե ամբողջովին ջնջվել են:
 
Պրոֆեսոր կանայք անսպասելիորեն նման բացահայտում են արել՝ Նոր կտարակարանը քննելիս: Ուսումնասիրության նպատակն է եղել ճշտել, թե կանանց նկատմամբ ինչ վերաբերմունք է եղել 2000 տարի առաջ: Ակադեմիկոսների այս զույգը համոզված է, որ կարևոր գաղտնիք է բացահայտել, ինչը կարող է հիմնիվեր շրջել քրիստոնեության մասին աշխարհի պատկերացումները (ըստ nashaplaneta.su/news-ի):
 
Հելենն ու Ջոանը գտնում են, որ Փրկչի հետևորդ կանայք եղել են բավական բարձր դիրքի տեր անձնավորություններ: Նրանք իրենց դրամն ու ազդեցությունն օգտագործել են Քրիստոսի ուսմունքը տարածելու և նոր կրոնի ձևավորման նպատակով: Նրանց վարկածի համաձայն՝ Աստծո որդին, 12 հանրահայտ առաքյալներից բացի, նույնքան էլ կին աշակերտներ է ունեցել: Նրանցից մեկը, օրինակ, եղել է Մարիամ Մագթաղինացին, որին հետագայում զրպարտել են ու անառակ համարել: Մեկ այլ այդպիսի աշակերտուհի է եղել զմուռս բերող Հովհաննան, ապաև հրեական արքայադուստր Սալոմեն: Նրանք, իբր, նշանակալի չափերով ֆինանսավորել են Քրիստոսի ուսմունքի տարածումը: 
 
Նկատի ունենալով, թե քրիստոնեության վրա որքան բացասական ներգործություն են ունեցել Հռոմի կայսր Կոնստանտին Մեծը և հին աշխարհի արական սեռի այլ կառավարողներ՝ բացառված չէ, որ կանանց մասին ցանկացած հիշատակություն, որը կարող էր նրանց հավասարեցնել 12 առաքլայներին, միապետները փորձել են առաջին հերթին բացառել տեքստերից և արվեստի գործերից: Նրանց ընկալումով՝ դա ստվեր էր ձգում ուժեղ սեռի վրա, մինչդեռ տղամարդիկ քրիստոնեության մեջ գերիշխող դիրք ունեին: 
 
Ակադեմիկոսներ Բոնդն ու Թեյլորն այժմ մտադիր են վերականգնել պատմական ճշմարտությունը և համաշխարհային հանրության գիտակցությանը հասցնել, թե ինչպիսի մարդկանցով է շրջապատված եղել Մեսիան: Իսկ նրանց կարծիքով՝ կանայք նշանակալի չափով նպաստել են Քրիստոսի ուսմունքի տարածմանը: 
Անկասկած է, որ համաշխարհային կրոնները թերագնահատում են կանանց և իրենց ուսմունքներում, դոգմաներում ու արարողակարգերում գերակայությունը տղամարդկանց տալիս: Եվ այս տեսանկյունից բացառված չէ, որ կրոնական գործիչներն ու կրոնի  ազդեցությունն իրենց նպատակների համար օգտագործողներն, իրոք, կարող էին աղավաղել կանանց դերը տվյալ կրոնի կայացման գոծում: Դա բացահայտելն էլ հենց գիտության խնդիրն է: 
 
Իսկ այս դեպքում ուշագրավն այն է, որ նման բացահայտումներ հենց կանայք են անում: Սա չի՞ նշանակում արդյոք, որ տղամարդիկ դեռ այսօր էլ վախենում են, թե կանանց ըստ արժանվույն գնահատելով՝ իրենք զրկվում են առավելության պսակից: Դե ուրեմն կարելի է դիմել հենց քրիստոնեական կրոնի ակունքներին և արձանագրել՝ Աստված դրախտում Ադամին որպես մարդու սևագրություն ստեղծելուց հետո իր սխալները շտկեց՝ «տեքստը» մաքրագրելով որպես Եվա… Թե՞ միգուցե բրիտանացի կին ակադեմիկոսների ուսումնասիրությունները պետք է համարել մեր դարաշրջանին հատուկ ֆեմինիզմի արտահայտություն:   
 
Մի բան պարզ է՝ մարդկության պատմությունն անընդհատ կեղծվում է՝ որպես իրականություն ներկայացվելով ոմանց երևակայության պտուղները: Իսկ այդ ոմանք միշտ նրանք են, ովքեր կեղծված պատմությունից շահ ունեն, ինչպես նաև այնքան իշխանություն, որ կարողանան իրենց ձեռնտու վարկածը ներկայացնել որպես կատարված փաստ: