Դոլարը՝ այլմոլորակայինների գերիշխանության գործի՞ք

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲՆԵՐ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ

Դոլարի երեսներից մեկին պատկերված աչքը շատերի ուշադրությունն  է գրավել, և դրան տարբեր չարագուշակ իմաստներ են վերագրվում: Այժմ այդ ամենատես աչքն առավել հայտնի մասոնական խորհրդանիշն է: Սակայն գաղտնագետները, հնարավոր է, ավելի զարմանալի հայտնագործություն են արել՝ ամենագործածական ամերիկյան արժեթղթի վրա հայտնաբերելով եկվորի գլխի պատկեր: Դրա համար մասնագետներն ստիպված են եղել գործի դնել երևակայությունը և դոլարի դարձերեսը մի փոքր խմբագրել:
 
Ստացված արդյունքը դիտելով՝ թերահավատները հավատացնում են, թե դա  ընդամենը այսպես կոչված պարեյդոլիկական պատրանք է: (Մի տեսակ տեսողական պատրանք՝ «զգայական պատրանքների հավելում», որը բաղկացած է պատրանքային պատկերներից՝ հիմքում ունենալով իրական առարկային մանրամասները: Այս կերպ անորոշ ու անհասկանալի տեսողական պատկերն ընկալվում է միանգամայն հստակ): Իսկ ահա ուֆոլոգներն այնտեղ միանգամայն չարագուշակ նկար են տեսնում (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
Այդ նորությունը թայվանացի հետազոտող Սքոթ Ուորինգի երևակայությունը տարել է դեպի եկվորներիի ձգտումները՝ իրենց գերիշխանությունը հաստատել մեր մոլորակի վրա: Նա անմիջապես հայտարարել է, թե ամբողջ մեղքը արտերկրյա քաղաքակրթությունների ներկայացուցիչներինն է: Ըստ Ուորինգի՝ նրանք իրենց են ենթարկել համաշխարհային կառավարությունը և ԱՄՆ արժեթուղթը նշանավորել ծածուկ պատկերներով: Նա հնարավոր է համարում, որ այլմոլորակայիններն առայժմ իրենց են ենթարկել միայն ամերիկյան իշխանություններին: 
 
Սակայն այդ արժույթը շարունակում է նախընտրելի մնալ ամբողջ աշխարհում: Եվ որոշ հակաքարոզիչներ փորձում են այս կարծիքը որպես նախապաշարում օգտագործել՝ ընդդեմ իրենց պատժամիջոցներով սպառնացող ԱՄՆ-ի: Դիցուք՝ թե ինչ-որ մեկը գերբնական ուժով մեծապես աջակցում է դոլարի պահանջարկին: Ուրեմն թուրքական լիրայի կտրուկ անկումը նո՞ւյնպես այդ աջակցության հետևանք է: Կամ՝ նույն Ուորինգը համոզմունք է հայտնել, որ եթե մարդկությունն ուզում է այլմոլորակային զավթիչներին հակադարձել, առաջին հերթին պետքի ազատվի ԱՄՆ-ի տնտեսական և դոլարային գերիշխանությունից: