«Արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն»

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԱՄԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Անդրադառնալով իրենց՝ ՀՀ նորընծա կառավարության անդամների երկարամյա երազանքին, որը ողջ հայութան փափագն էր, նա նշել է.
 
- Իմ երկրում տարիներ շարունակ երազում էինք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ երաշխավորված կլինի իրավունքի գերակայությունը, կհարգվեն մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ և արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքը: Պետական կառավարման համակարգում ապահովված կլինի թափանցիկության և հաշվետվողականության բարձր մակարդակը, արդյունավետ և բարեխիղճ պետական կառավարումը, լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսությունը կլինի ազատ և իրապես մրցունակ, սոցիալական ինստիտուտները՝ ուժեղ, և ընդհանուր առմամբ՝ երկրի բնակիչները կլինեն ազատ, հպարտ, բարեկեցիկ և երջանիկ։
 
Եվ այսօր պետական պաշտոնյան արձանագրում է՝ 
 
- … որպես ժողովրդավար պետության լեգիտիմ կառավարություն, հստակ պատկերացում և կամք ունենք մեր մանդատն իրականություն դարձնելու, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը՝ պետության և քաղաքացիների միջև կնքվող հասարակական պայմանագիրը վերագնահատելու, պետականաշինության գործընթացը վերսկսելու, ընդգրկուն հիմնարար բարեփոխումներ մեկնարկելու համար:
 
Հիմնարար բարեփոխումներ, «որոնք ուղղված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելուն, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ պետական կառավարում ձևավորելուն, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն, ազատ և մրցունակ բիզնես-միջավայրի և ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի հիման վրա տնտեսական աճն ավելացնելուն»։ 
 
- Ցանկանում եմ հստակորեն ամրագրել. Հայաստանի նոր առաջնորդների համար սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Սրանք հեղափոխության եւ անձամբ մեր հիմնարար արժեքներն են՝ արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն,- ընդգծել է ՀՀ առաջին փոխվարչապետը:
 
Ամփոփելով իր խոսքը, Արարատ Միրզոյանը վերահաստատել է իր թիմի վճռականությունը՝ հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու։ Նա նաև վստահություն է հայտնել, որ միջազգային հանրությունն այս ճանապարհին կլինի մեր կողքին: