Հեղափոխության առաջին սայթաքումները

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. 1in.am

Մեկ օրվա ընթացքում կառավարությունում տեղի ունեցավ երկու հրաժարական, որը կարծում ենք՝ կառավարման և կադրային քաղաքականության որոշակի քաոսի հետևանք է։ Առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը դարձավ ապրիլյան պատերազմին վերաբերող իր ոչ այնքան պարկեշտ, սկանդալային հարցազրույցի զոհը։
 
Կարպիս Փաշոյանը, որպես պատմաբան և քաղաքացի, անշուշտ սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի, որը կարող է նույնիսկ ոչ պոպուլյար լինել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ խոսնակի կարգավիճակը որոշակիորեն սահմանափակում է նրա խոսքի ազատությունը։ Հեղափոխությունն ու ժողովրդավարությունը պետք չէ շփոթել ամենաթողության և անպատասխանատվության հետ։ Նույնը վերաբերում է երեկ հրաժարական ներկայացրած վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանին, ով, անշուշտ, ունի դավանանքի ազատության իրավունք, սակայն նվազագույնը պատշաճ չէր պետական լիազորություններն օգտագործել իր աղանդի, հավատակիցների տնտեսական լոբբինգով զբաղվելու համար։
 
Սակայն, մեծ հաշվով, խնդիրը Փաշոյանն ու Աճեմյանը չեն. նրանց անհաջող պատմություններն ընդամենը հետևանքներ են հետհեղափոխական Հայաստանում արձանագրված ավելի գլոբալ, կոնցեպտուալ բացթողումների, որոնք արդեն իրենց զգացնել են տալիս, թեև կառավարությունը չի հասցրել ամբողջովին բոլորել իր գործունեության անգամ երկու ամիսը։
 
Գլոբալ բացթողումը ժամանակավոր կառավարության ձևավորման ինստիտուցիոնալ մոտիվների ու գործունեության հստակ օրակարգի բացակայությունն է կամ առնվազն լղոզվածությունը։ Ժամանակավոր կառավարությունը պետք է ձևավորվեր վստահության կաբինետի սկզբունքով՝ խիստ սահմանափակ օրակարգով, որն իր մեջ ներառեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը, հակաօլիգարխիկ ու հակակոռուպցիոն պայքարը, անվտանգության խնդիրները։ Ֆորմալ առումով կառավարության կառուցվածքը հենց այդպիսին է, սակայն այն ըստ էության գործում է Նիկոլ Փաշինյանի միասնական թիմի և երկարաժամկետ կաբինետի ռեժիմով ու օրակարգով, ինչը պահանջում է միանգամայն այլ՝ կոնցեպտուալ մոտեցումներ։ Դրանք Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը, որը խարսխված է բացառապես վարչապետի հանդեպ բարձր հանրային վստահության վրա, օբյեկտիվորեն չունի։
 
Գուցե այս թեմայի մասին բարձրաձայնում ենք առաջին անգամ, սակայն կարծում ենք՝ դա ակտուալ է, որպեսզի իշխանությունը ստանձնած թիմը չտրվի պատրանքներին։ Առհասարակ հետհեղափոխական իրավիճակներում վարկանիշը խաբուսիկ և պայմանական կատեգորիա է, որովհետև դրա հիմնական բաղադրիչներից մեկը հասարակության իռացիոնալիզմի հասնող վստահությունն է, որը պայմանավորված է ոչ թե կոնկրետ ծրագրով կամ օրակարգով, այլ տեսարաններով, բացահայտումներով։ Հիմա ցանկացած կոռուպցիոների բացահայտում միավորներ է ավելացնում վարչապետի ու նրա թիմի ակտիվում, սակայն դա վստահության, այսպես կոչված, կայուն շերտ չէ, որովհետև ձևավորվում է հակահեղափոխության օջախներին հարվածելու շնորհիվ։
 
Երբ հեղափոխության էյֆորիան օբյեկտիվորեն նահանջի, հասարակության համար չափելի են դառնալու միանգամայն այլ ցուցանիշներ։ Նրան այլևս չեն հետաքրքրելու Սերժ Սարգսյանի հանցագործ եղբորորդիների կամ շրջապատի մասին պատմող տեսարանները. մարդկանց կոնկրետ հետաքրքրելու է, թե ո՞րն է նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը, կամ, ի վերջո, վարվող արտաքին քաղաքականությունն ի՞նչ որակական տարբերություններ ունի նրանից, որն իրականացվում էր Սերժ Սարգսյանի օրոք։
 
Այս դաշտում կառավարության հաշվետվության ծավալն ու բովանդակությունը խիստ սահմանափակ են. չկան կոնկրետ արդյունքներ։ Հասարակության աննախադեպ վստահության ֆոնին ադեկվատության որոշակի կորուստ է նկատվում կառավարության մոտ։ Օրինակ՝ շատ հաճախ հակակոռուպցիոն կամպանիան շփոթվում է տնտեսական քաղաքականության, արտաքին քաղաքականության բովանդակությունը՝ վեկտորալ կողմնորոշման հետ։
 
Կառավարության ձևավորման մոտիվացիոն անհստակությունը, կաբինետի օրակարգային առաջնահերթությունների լղոզումն ուղղակիորեն ազդել են կադրային քաղաքականության վրա, որն առավելապես կրում է քաոտիկ բնույթ։ Բոլոր մակարդակներում նշանակումները չեն ենթարկվում որոշակի, կոնկրետ տրամաբանության, չեն սպասարկում կառավարության ծրագրային առաջնահերթությունները. շատ հաճախ գտնվում են իրավիճակային լուծումներ, որոնք բնորոշ չեն շուրջ երեսնամյա կենսագրություն ունեցող պետությանը, որը, լավ կամ վատ, ունի կառավարման համակարգ, պրոֆեսիոնալ կադրերի որոշակի սեգմենտ։
 
Կարպիս Փաշոյանն ու Գևորգ Աճեմյանը պետական համակարգում, մեծ հաշվով, որոշող մարդիկ չեն, և նրանց հրաժարականներն աննկատ են մնալու ընդհանուր թոհուբոհի մեջ, սակայն կարծում ենք՝ դրանք պետք է ահազանգ կամ առիթ հանդիսանային, որպեսզի կառավարությունում մի փոքր ավելի լուրջ վերաբերվեին կադրային քաղաքականությանը, որի հերոսները, լավագույն դեպքում, տեսական գիտելիքներ ունեցող ու ներքին և արտաքին գործնական կոմունիկացիաների առումով անփորձ մարդիկ են կամ էլ «թունդ» հեղափոխականներ, որոնք դեռ երկար ժամանակ չեն կարող մտնել պետական տրամաբանության մեջ։
 
Մյուս ամենամեծ պրոբլեմի մասին արդեն ահազանգել ենք, սակայն իրավիճակը շտկվելու միտում չունի. դա քաղաքացիական հասարակության սերտաճումն է պետական համակարգի հետ։ Օրինակ՝ կասկածելի է Արմեն Գրիգորյանի գործունեության արդյունավետությունը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, բայց նրա ու մյուսների, այսպես կոչված, «պետական գրանցումով» վակուում է առաջացել քաղաքացիական հասարակության սեգմենտում. դա ենթադրում է, որ չեն գործում իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության մեխանիզմները, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է իշխանության դեգրադացիային ու հեղափոխության նկատմամբ հանրային դրական կոնսոլիդացված դիրքորոշման աստիճանական վերանայմանը։
 
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ