Ընդդեմ պարտադիրի

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Ինչպես արդեն հայտնի է՝ առաջիկա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Հունիսի 11-ին Կառավարությունը որոշում կայացրեց այդ օրենքում մտցնել նոր կարգավորում, որով 7,5 տոկոսը կվճարի կառավարությունը, 2,5 տոկոսը՝ քաղաքացին: Մինչ այդ 5 տոկոսը վճարում էր Կառավարությունը, 5 տոկոսը քաղաքացին:
 
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ընդդեմ պարտադիրի. 
Մտահոգություններ  և առաջարկներուղղված կուտակային կենսաթոշակային 
համակարգին» թեմայով քննարկման մասնակից, գործարար, menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի համոզմամբ՝ ներկա փուլում Կառավարության այս որոշումը թեթևացնում է թե՛ գործատուների, թե՛ կենսաթոշակային համակարգի մասնակիցների բեռը:
 
- Հիմա, երբ կառավարությունը գործատուին ասում է 5 տոկոսի տեղը 2,5 տոկոսն եք վճարելու, այդ առումով մենք քիչ ծախս ենք անելու: Սակայն խնդիրը այն է, որ տարիների ընթացքում Կենտրոնական բանկը, Կառավարությունը և այլ ֆինանսական գործիքների տիրապետող պետական կառույցներ տարբեր ֆոնդերի ու հիմնադրամների միջոցով  ահռելի գումարներ են տնտեսությունից քաշել: Դրանք միլիարդ դոլարից ավելի են. սառեցված գումարներ են, որը տնտեսությունից դուրս է եկել: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որտեղ մենք չգիտենք ինչքան փող կա, բայց իմ հավարկներով 1 մլրդ  դոլարից ավելի գումար կա, չգիտեմ ինչու է պետական գաղտնիք համարվում, ոչ մի հաշվետվողականություն չկա: Կենսաթոշակային կառավարիչների դեպքում գիտենք, թե որքան գումար են տնօրինում՝ 120 միլիարդ դրամ: Պետությունը մոգոնել է, թե ինչպես տնտեսությունից փող դուրս հանի: Բանկերից, գործատուներից փող է քաշում պետությունը, ու այդ փողը դադարում է աշխատել տնտեսության մեջ,- մանրամասնում է Վ. Քերոբյանը:
 
Նա շեշտում է նաև, որ քանի դեռ սրընթաց կերպով աճում է մեր պետական պարտքը՝ տրամաբանական չէ խոսել կուտակումների մասին:
 
- Հնարավոր է՝ բոլորս էլ կորցնենք մեր գումարները,- ասում է գործարարը:
 
Քննարկման մյուս բանախոս, տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը, ներկայացնելով Հայաստանի 
դեմոգրաֆիկ պատկերին վերաբերող վիճակագրական տվյալներ, մատնանշեց, թե ըստ կանխատեսումների ինչ աղետ է սպասվում 40 տարի անց:
 
- Այսօր 10-14 տարեկանները կազմում են բնակչության 20 տոկոսը, 15- 64 տարեկանները՝ 70 տկոսոը, 60-անց մարդիկ՝ 10 տոկոսը: 2060 թ-ին մեր դեմոգրաֆիան կփոխվի հետևյալ կերպ՝ 10-14 տարեկանները կկազմեն բնակչության 14 տոկոսը, 15-64 տարեկանները` 55 տոկոսը, իսկ 65-ն անց մարդիկ` 30 տոկոսը: Այսինքն դա նշանակում է, որ եթե այսօր 6 աշխատունակ մարդ պահում է 1 թոշակառու, ապա 2060-ին մեկ թոշակառուին պահելու է  աշխատող 2 մարդ. այդքան կրճատվելու է հարաբերակցությունը: Սա մի  աղետ է, որի դեմ հիմա պետք է պայքարել ու աշխատել,- ահազանգում է Ա. Խուրշուդյանը:
 
Փաստաբան Անահիտ Բեգլարյանն էլ սեփականության իրավունքի խախտում է համարում կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը:
 
- Ըստ էության, փոխելով անվանումները՝ կուտակային վճարը փոխելով սոցիալական վճարի, բովանդակությունը չի փոխվում, անձը պարտադրված է և պիտի իր աշխատածի որոշակի հատվածը կուտակի՝ չունենալով դրա համար որևէ ցանկություն,- հավելում է Ա. Բեգլարյանը:
 
 
 
Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող