Բանակցություններ «աղուհացով»

ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ Է

Աշխարհին այսօր խաղաղության հիմնավոր երաշխիքներ են հարկավոր, և Ռուսաստանն ու Ֆրանսիան դա կարող են ապահովել, եթե երկու ղեկավարների ուզածն իրոք դա է ու եթե, իրոք, նրանք անկեղծ են: Իսկ միասին նույն սեղանի շուրջը նստելն ու հաց կիսելը պետք է որ մարդկանց պարտավորեցնի հավատարիմ մնալ դրա խորհրդին:
 
Գուցե նաև այս պատճառով էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները կազմակերպվել ճաշասեղանի շուրջը: 
Թեև Կոնստանտինովյան պալատում երկու նախագահների հանդիպումն ուղիղ եթերում հեռարձակելը փոքր-ինչ կասկածելի է դարձնում դրա միանշանակ անկեղծությունը (այն  հեռարձակվել է «Россия 24»-ի եթերում), և այն կարող է ընկալվել նաև հյուրընկալ տանտիրոջ կերպարի կերտում: Մյուս կողմից էլ՝ իհարկե, ավանդույթներից սրընթաց հեռացող մարդկությունը այսօր դժվար թե աղուհացի խորհուրդը հարգի, բայց  ո՞վ իմանա…
 
Այսուհանդերձ՝ տիկնոջ հետ Պետերբուրգ  ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան «աղուհացով» հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
Գերտերությունների առաջնորդները և տիկին Մակրոնը նախ զբոսնել են այգում, ապա նախագահները զրուցել են  ջրանցքին նայող պատշգամբում: Ուշագրավ է, որ Պուտինն ու Մակրոնը ժամանակ առ ժամանակ իրար հետ զրուցել են առանց թարգմանչի օգնության:
 
Տանտերը տիկին Բրիջիտին վարդագույն քաջվարդերի ու բուրավետ վարդերի փունջ է նվիրել: Այնուհետև ՌԴ նախագահն ու Մակրոն ամուսնական զույգը լուսանկարվել են, որից հետո Բրիջիտը համալիրի տարածքից հեռացել է շքախմբի ուղեկցությամբ, իսկ երկու նախագահներն ուղևորվել են պալատի հյուրասրահներից մեկը, որտեղ պաշտոնական ճաշի ձևաչափով սկսվել է բանակցությունը: 
 
Ռուսաստանցի նախագահն իր ֆրանսիացի պաշտոնակցին պատվել է սև խավիարով մսաբլիթներով, այծի պանրով սառը կաղամբապուրով,  թառափից ուտեստով,  արտիճուկով համեմված եղնիկի մսով, ծովախեցգետնի նախուտեստով, շաքարած խնձորով, շոկոլադե տորթով և 2014թ. բերքի կրասնոդարյան գինով: 
 
Ֆրանսիայի նախագահը երկու ազդեցիկ պետությունների ղեկավարների հանդիպումը վերջում գնահատել է որպես «անկեղծ, ազնիվ և արդյունավետ»: Նա լրագրողներին ասել է, թե հանդիպումը տևեց ավելի երկար, քան նախատեսվում էր: 
 
- Եվ դա՝ շնորհիվ նրա, որ շատ արդյունավետ էր: Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ այն մեզ հնարավորություն տվեց խորությամբ իրար հաղորդել մեր տեսակետները և քննարկել մեր պատմության ու մեր պարտքի հեռանկարը արդի փուլում:
 
Ի դեպ՝ ակնկալվում է, որ երեկ Պետերբուրգում մեկնարկած  միջազգային տնտեսական համաժողովին կմասնակցի 15 հազար պատվիրակ, ինչպես նաև համարյա մեկուկես հազար ընկերություն աշխարհի 72 երկրից: