«Հյուսիսային հոսք-2»-ը տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական նախագիծ է

«Հյուսիսային հոսք-2» նախագծի միջոցով ռուսական գազը Եվրոպա հասցնելու անթույլատրելիության խնդիրը վերստին արծարծել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

Երկրի հաջորդ տարվա բյուջեն քննարկելիս նա հայտարարել է, թե  անհրաժեշտ է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման դեմ հետագա քայլեր ձեռնարկել:

Ըստ Պոմպեոյի` այդպիսով Եվրամիությունը զրկվում է Մոսկվային հակադարձելու հնարավորություններից, քանի որ կախվածության մեջ է ընկնում ռուսական գազից: Մինչդեռ չի կարելի թույլ տալ, որ իրավիճակը վատթարանա:

- Մենք մի քանի տարբերակների միջոցով իրատեսական հնարավորություն ունենք մեղմելու նրանց կախվածությունը Ռուսաստանից` մատակարարում ապահովելով (նկատի ունի էներգապաշարները) Կովկասով և այլ երկրներով,- Պոմպեոյի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ-նովոստի»-ն:

ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարից առաջ էլ խնդրին անդրադարձել էր Պետքարտուղարության էներգետիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սանդրա Օուդքիրքը` հայտարարելով, թե ԱՄՆ-ը կարող է աշխարհաքաղաքական և էներգետիկական պատճառներով պատժամիջոցներ կիրառել գազատարի կառուցման նախագծի մասնակիցների դեմ:

«Հյուսիսային հոսք-2» (Nord Stream 2 AG) նախագիծը ենթադրում է տարեկան 55 մլրդ խմ թողունակությամբ երկգծանի գազատարի կառուցում, որի խողովակները Ռուսաստանի առափնյա տարածքներից Բալթիկ ծովի հատակով վառելիքը հասցնելու են միչև Գերմանիա: Ընդ որում` արդեն գործող «Հյուսիսային հոսք»-ին զուգահեռ: Գերմանիան և Ֆինլանդիան կառուցման թույլտվություններ արդեն տվել են: Մոտ ամիսների նման թույլտվություններ ակնկալվում են Ռուսաստանից, Շվեդիայից, Դանիայից:

Միայն թե «Հյուսիսային հոսք 2»-ին միակ դեմը Միացյալ Նահանգները չէ, որը հավակնոտ ծրագրեր ունի Եվրոպա արտահանել սեփական գազը: Դեմ է նաև Ուկրաինան, որտեղ մտավախություն ունեն, թե կկորցնեն ռուսական վառելիքից ստացվող եկամուտները: Լատվիան, Լիտվան և Լեհաստանը նույնպես համատեղ հայտարարություն են տարածել, թե նախագծին հավանություն չեն տալիս` համոզված, որ դա քաղաքական նախագիծ է:

Ռուսաստանը բազմիցս կոչ է արել` չքաղաքականացնել գազատարի կառուցումը: Նախագահ Պուտինի խոսքով` Մոսկվան այդ ծրագրին բացառապես տնտեսական նշանակություն է տալիս: Թե որքանով են անկեղծ Ռուսաստանի պնդումները` դժվար է ասել:

Վերջիվերջո` տնտեսությունը քաղաքականությունից լիովին անկախ լինել չի կարող: Եվ Միացյալ Նահանգներն էլ, որ նպատակ ունի ռուսականի փոխարեն սեփական գազով ապահովել այդ բարիքից միայն ներմուծելով օգտվող Եվրոպային, տնտեսականից առաջ քաղաքական նպատակներ է հետապնդում: Բայց Եվրոպան, որ վերջերս սկսել է սեփական շահը գերադասել Միացյալ Նահանգներիի թելադրանքից, այս դեպքում ևս առայժմ իրենն է պնդում և փորձում է վառելիքաէներգետիկ պաշարների իր կարիքները լրացնել իրեն առավել ձեռնտու ճանապարհով: