Սրտի կաթվածն է բացահայտել՝ մուրացիկ կինը միլիոնատեր է

ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔԸ ԵՎՍ ԱԽՏԱՆԻՇ Է

Այս օրերին Բեյրութի փողոցներից մեկում ոստիկանները մահացած են գտել մի մուրացիկ կնոջ, որի գրպանում 1,1 մլն դոլարին համարժեք գումարով խնայողական գրքույկ է եղել: 52-ամյա Ֆաթիմա Օթմանը, պարզվել է, վերջին 20 տարում թափառական կյանք է վարել և ապրել է վարձակալած ավտոմեքենայում: Սրտի կաթվածը մահացու է եղել ու նաև առիթ է դարձել բացահայտելու այդ առեղծվածային կնոջ գաղտնիքը (միջադեպի մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը):
 
Բացի հաշվին 1,7 մլրդ լիբանյան ֆունտ ունեցող խնայողական գրքույկից՝ իրավապահները գտել են Ֆաթիմային պատկանող ևս  5 միլիոն ֆունտ (մոտ 3000 դոլար), երբ խուզարկել են նրա համար բնակարան ծառայող ավտոմեքենան: Դեպքն այնքան արտառոց է եղել, որ գրավել է տեղական ԶԼՄ-ների ուշադրությունը: Հենց նրանք էլ պարզել են, որ Ֆաթիմա Օթմանը վիրավորվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և դրանից հետո մասնակի անդամալույծ է մնացել: 
 
Ոստիկանությունը թափառաշրջիկի մարմինը հանձնել է նրա հարազատներին, ովքեր բնակվում են Լիբանանի հյուսիսում: Նրանց ուղղակի շշմեցրել է գումարի չափը, որը կոտակել էր իրենց «ընչազուրկ» ազգականը: Ցավոք՝ տեղեկատվության սկզբնաղբյուրը չի մանրամասնում՝ Ֆաթիմայի հարազատներն այդ գումարի ժառանգո՞րդն են արդյոք: Ամենայն հավանականությամբ՝ այո: Իսկ դա նշանակում է, որ նրանք ամեն օր պետք է օրհնեն Ֆաթիմային, որ իրեն վայելքներից ու հարմարավետությունից զրկելով՝ նրանց ապահովել է այդքան մեծ գումարով: Եթե իհարկե, այն կռվախնձոր չդառնա տարբեր ընտանիքների միջև: 
 
Շատ է խոսվել որոշ մուրացկանների (ինչպես նաև մուրացկաններին մարմնավորող գրական կերպարների) մասին, ովքեր ողորմություն խնդրելով՝ հսկայական գումարներ են կուտակել: Կարելի է ասել՝ սա էլ նրանց աշխատանքն է կամ հոբին: Չէ՞ որ ժամեր շարունակ փողոցներում կանգնում են ու մուրում՝ դրա համար վարձատրվելով մանրադրամներով: Երևում է՝ նրանցից շատերին մուրացկանությամբ վաստակելն իրոք դուր է գալիս: Մի կողմից՝ ոչ ոք մեծ գումարների առկայությունը չի կասկածում, ուրեմն և կողոպտելու մտադրություն  չի ունենա: Մյուս կողմից էլ, գուցե պայմանականություններից զերծ ազատ կյանքը որոշ մարդկանց համար ավելին արժե, քան շքեղ ավտոմեքենան ու սպասավորներով լի պերճաշուք առանձնատունը:  
 
Ֆաթիմայի կուտակած միլիոնները բացահայտվել են և հնարավոր է՝ կարիքից կազատեն մարդկանց մի խմբի:  Սակայն միայն մուրացկանի հոգեբանություն պետք է ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ բնազդով են ոմանք ուրիշի գրպանին աչք դնում՝ սեփական ունեցվածքը չհասցնելով վայելել: Խոսքը միայն ցնցոտիներով մուրացկանների մասին չէ: