Գեթիսբերգ ավանի ուրվականը՝ տեսախցիկի առջև

Ինչո՞ւ է մարդու գիտակցությունն անընդհատ անդրադառնում մահվան գաղափարին ու փորձում ճշտել՝ դա վե՞րջն է, թե՞ մի նոր՝ այլ որակի կյանքի սկիզբ: Չէ՞ որ եթե կասկածներ չլինեն, եթե չլինեն արտասովոր, կյանքի՝ մեր իմացած օրենքներին հակասող երևույթներ, մարդու մտքերը ոչ էլ այդպիսի ուղղություն կստանան:
 
Ուրվականների, տրամաբանական բացատրությունից վեր երևույթների մասին այնքան պատմություններ են տարածված, որ եթե դրանց չնչին մասն էլ ճիշտ դուրս գա, ուրեմն կարելի է մտածել նաև մահից հետո միանգամայն այլ օրենքներով շարունակվող կյանքի մասին:
 
Մեր օրերում, երբ ամեն մանուկ կարող է շրջապատում նկարահանել՝ շատ է պատահում, որ այդ նկարահանումները դիտելիս նկատվում են բաներ, որոնք մարդու աչքը կա՛մ չի տեսել, կա՛մ չի տարրորոշել: Նման մի նկարահանում ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ ավանի մասնագետներին հիմք է տվել եզրակացնելու, որ անդրշիրիմյան կյանքն իրողություն է, և նուրբ աշխահից մեզ կարող են այցելել ննջեցյալների ուրվականները:  
 
Մոտ 20 տարի առաջ նշված բնակավայրում ընտանեկան մի զույգ և իրենց երեխան երեկոյան տուն էին վերադառնում անտառի եզրով: Ընտանիքի մայրը հանկարծ ծառերի արանքում ինչ-որ տարօրինակ շարժում է նկատում և ամուսնու ուշադրությունը դրա վրա հրավիրում: Վերջինս կնոջ ասածներին հավատ չի ընծայում, մտածում է, թե նման տպավորուրթյուն առաջացրել է կողքով անցնող ավտոմեքենաների լույսը: Այդուհանդերձ՝ նա պայուսակից հանում է  տեսախցիկն ու այն ուղղում կնոջ ցույց տված տեղի վրա: Շուտով ընտանիքի բոլոր անդամները նկատում են ինչ-որ լուսավոր նյութ, որն անկանոն շարժվում է օդի մեջ՝ մե՛կ անհետանալով, մե՛կ նորից հայտնվելով: 
Ստացված տեսանյութում զարմանալիորեն հստակ երևում է այդ խորհրդավոր էակը՝ գունատ ուրվականը: Փորձագետները համոզված են՝ այդտեղ ոչ մի կեղծիք չկա: Այս տեսանյութը 2006թ. տեղադրվել է «YouTube»-ում, սակայն չգիտես ինչու՝ չի գրավել արտասովոր երևույթներով հետաքրքրվող օգտատերերի ուշադրությունը: Միայն մեր օրերում են անդրշիրիմյան կյանքի փորձագետները որոշել այն ուսումնասիրել, իսկ ցանցի նույնիսկ ամենաթերահավատ օգտատերերը տեսածից տպավորվել են և խոստովանել, որ դա սովորականի շրջանակներից դուրս ինչ-որ բան է: 
 
Ընդհանրապես արտասովոր երևույթների մասին խոսելիս շատերն են չարաշահում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ուրվականը, հոգին, տեսիլքը: Այս պարագայում Գեթիսբերգի մասնագետները համոզված պնդում են, որ տեսագրության մեջ, իսկապես, նուրբ աշխարհի էակ է երևում: 
Գուցե իսկապե՞ս մոլորված հոգիներն են մերթընդմերթ այցի գալիս Երկիր՝ կիսատ մնացած իրենց երազանքները որոնելու, գուցե ինչ-որ չար դավի զոհե՞րն են իրենց դահիճներից վրեժ փնտրում…