Ինչ կտան աշխարհին Կիմ Չեն Ընի հետ Թրամփի բանակցությունները

Մոլորակը միջուկային սպառնալիքից զերծ պահելու ամենահավաստի գրավականը պետությունների միջուկային զինանոցներից ձերբազատվելն է, և դա, իհարկե, շատերն են գիտակցում:
 
Աշխարհի հզորներն այժմ հետևողականորեն ձգտում են վերացնել միջուկային սպառնալիքի այնպիսի սպառնալի օջախ, ինչպիսին Հյուսիսային Կորեան է: Հիշենք, որ անցած տարի այնտեղ բազմաթիվ փորձարկումներ եղան, ճապոնական կղզիների վրայով մի քանի հրթիռ թռավ, իսկ ԿԺԴՀ իշխանությունները հայտարարեցին, թե հնարավորություն ունեն խոցելու ԱՄՆ-ի ցանկացած կետ:
 
Այս տարի արդեն խոսվում է, թե ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդների հանդիպումն անհնար չէ: Ապրիլի 19-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ամերիկյան համատեղ ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, թե նման հանդիպում նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում: ԱՄՆ նախագահը նշել է, թե իր նպատակն է ԿԺԴՀ առաջնորդ Կին Չեն Ընի հետ բանակվություններ վարել միջուկային հիմնախնդրի վերաբերյալ:   
 
- Մենք քննարկելու ենք ապամիջուկայնացման հարցը: Ես հույս ունեմ՝ դա մեծ հաջողություն կլինի,- ասել է Թրամփը:
 
Նա նաև հույս է հայտնել, թե բանակցությունների ժամանակ հաջողության կհասնի և հավատացրել, որ ԿԺԴՀ-ն ապագայում «լուսավոր ճանապարհ» դուրս գալու հնարավորություն ունի՝ եթե համաձայնի լիովին և վերջնականապես հրաժարվել միջուկային ծրագրերից: Թրամփն ընդգծել է, որ Փհենյանի վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հանգեցրել միջուկային զինաթափման: ԱՄՆ նախագահը լրագրողներին նաև հավաստիացրել է, որ պատրաստ կլինի բանակցություններն ընդհատել՝ եթե դրանք անհեռանկար համարի: 
Ճապոնիայի վարչապետն իր հերթին կոչ է արել Փհենյանին ոչ մի զիջում չանել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացրել իր միջուկային զինանոցը և չի հրաժարվել ատոմային ծրագրերից (հաղորդում է «Ինտերֆաքսը»):
 
Փհենյանին ապամիջուկայնացումը, անշուշտ, շատ կարևոր քայլ կլինի: Բայց չէ՞ որ դեռևս բազմաթիվ երկրներ ունեն միջուկային գերհզոր զինանոցներ, որոնք մարդկության համար նույնպիսի սպառնալիք են, ինչպիսին ԿԺԴՀ-ի պարագայում է: Նույն Միացյալ Նահանգներում մի՞թե ղեկավարներն այնքան հավասարակշռված ու խաղաղասեր են, որ միջուկային մարտագլխիկները գործի դնելու հրահանգ չեն տա: Այն, ինչ մեր օրերում կատարվում է Սիրիայի շուրջն ընթացող իրադարձությունների շրջանակում, նման լավատեսության համար հիմքեր չի թողնում: