«Օրհնյալ ննջեցյալ» Դալադան

ՀԱՄԱՅԻԼՈՎ ԾՆՎԱԾ ԹԱԻԼԱՆԴՈՒՀՈՒ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Թաիլանդում տիրապետողը բուդդայական կրոնն է, իսկ դա նշանակում է, որ դրա բնակիչների մեծ մասը սրբորեն հավատում է մարդկանց վերամարմնավորմանը: Այնտեղ սերնդեսերունդ են փոխանցվում տարբեր ավանդազրույցներ, որոնք պատմում են մարդկային հոգու վերածննդի դեպքերի մասին:

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ կատարված մի դեպքի մասին պատմել է Վեն Չժենան, ով ժամանակին բազմաթիվ առասպելներ ու իրական փաստեր է հավաքել հոգեփոխության մասին:

Այս պատմության հերոսուհին թաիլանդցի մի կին է, ում համար ճակատագրական է եղել բուդդայական բարձրաստիճան վանականի հետ հանդիպումը:

Ինչ-որ արտասովոր բան նկատելով անծանոթուհու մեջ` իմաստուն ծերունին խոսել է նրա հետ և նրան մի համայիլ նվիրել: Կնոջը նա ասել է, թե երբ վերածնվի` այդ համայիլն իր հետ կլինի: Կինը շնորհակալություն է հայտնել մենակյացին և շարունակել է ապրել թաիլանդուհու սովորական կյանքով:

Տարօրինակ հանդիպման մասին նա աստիճանաբար մոռացել է:
Սակայն, երբ միջին տարիքում առողջությունը նրան հանկարծակի դավաճանել է, և նա հայտնվել է մահվան մահճում, հիշել է թե՛ վանականին, թե՛ նրա անսովոր նվերը: Նա կրտսեր քրոջը խնդրել է համայիլն իրեն տալ և ասել է, որ այդ իրի շնորհիվ հաստատ մեր աշխարհ կվերադառնա: Կնոջ մահից հետո ազգականներն անսացել են նրա խնդրանքին և համայիլը տեղավորել են նրա դագաղում: 

Այս դեպքից կես տարի չանցած` հանգուցյալի կրտսեր քույրը հանկարծ հղիացել է երկար տարիների ամուսնությունից հետո: Երջանիկ ամուսինների համար դա իսկական հրաշք էր, որի մասին նրանք վաղուց էին երազում: Այս հրաշքը կրկնապատկվում է, երբ նորածին դստեր ձեռքին նկատում են այն նույն համայիլը: Փոքրիկն այն ամուր սեղմել էր պստիկ թաթիկի մեջ և նրանից բաժանվել է միայն այն ժամանակ, երբ քուն է մտել: Ամուսինները քրոջ գերեզմանը բացում են, սակայն նրա հետ թաղված համայիլն այնտեղ չեն գտնում: Այդ օրվանից կրտսեր քույրը համարում է, որ դուստրն իր քրոջ հոգու վերամարմնավորումն է. ասել կուզի` վանականի մարգարեությունն իրոք կատարվել է:

Զարմանալի երեխայի մասին պատմությունն արագ տարածվել է երկրում, և կիլոմետրերի հեռուներից այդ ընտանիքին սկսել են այցելել հայրենակիցները: Նրանք փափագել են տեսնել այն աղջկան, ով ևս մեկ անգամ, այն էլ իրեղեն ապացույց, վերահաստատում է, որ հոգիների վերաբնակեցումն իրական է:

Զարմանալի է նաև Դալադա անվանակոչված այս աղջկա հետագա կյանքի ուղին: Նրա անունը նշանակում է «օրհնյալ ննջեցյալ»: Եվ իրոք` հանգուցյալ մորաքրոջ օրհնանքը կարծես ամենուր ուղեկցել է նրան: Նախ շատ արագ սովորել է քայլել, խոսել, ապա` կարդալ: Գնալով ավելի ու ավելի է նմանվել մորաքրոջը, իսկ երբ 22 տարեկանում ժառանգել է նրա փոքր գործը,  այնքան արագ է այն յուրացրել ու ընդլայնել, ասես տիրապետում էր դրա բոլոր գաղտնիքներին: Իսկ այդ ձեռնարկության նախկին գործընկերներն ու հաճախորդներն ուղղակի ապշում են` նրանց առջև ասես այդ նույն գործի հիմնադիրն է, միայն թե միանգամայն առողջ ու մի 30-40 տարով տարով ավելի ջահել: