Ուրվականները ոչ միայն վախեցնում, այլ նաև սպանում են

ՀԱՎԱՏԱՆՔ, ԹԵ ՈՉ՝ ՓԱՍՏԵՐԸ ՄՂՈՒՄ ԵՆ ՄՏՈՐԵԼ

Այն, որ ուրվականները զգայախաբություն (հալյուցինացիա) և մարդկային երևակայության արդյունք չեն՝ փաստում են ոչ միայն ականատեսները, այլև պարահոգեբանները:
 
esoreiter.ru-ի հավաստմամբ՝ առավել հաճախ անհանգիստ, անհանգրվան ոգիներ են դառնում ինքնասպաններն ու սպանված չարագործները: Նրանց շարքին կարելի է դասել նաև զոհված մեղավորներին, որոնց գերեզմաններն անարգվել են, և նրանք, ու դիերը հողին չեն հանձնվել:
 
Ուրվականի տեսքով մեծամասամբ հայտնվում են չար և նույնիսկ մարդկանց համար մահացու վտանգ ներկայացնող էակները: Դրանք կարող են մարդուն կորստյան մատնել տարբեր միջոցներով: Առավել հաճախ դրանց զոհ են դառնում չափից ավելի տպավորվողները և թույլ նյարդեր ունեցողները: 
Սակայն ուրվականների զինանոցում կան այնպիսի ոգիներ և այնպիսի մեթոդներ, որոնք կարող են գերեզման իջեցնել անգամ պողպատե նյարդեր ունեցողներին:
 
Տունը գերեզմանատան տեղում
 
Այս մեթոդին տեսիլքները սովորաբար դիմում են այն ժամանակ, երբ մարդիկ ոչնչացնում են հին գերեզմանները: Օրինակ, Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում նախկին գերեզմանատան վայրում տներ են կառուցվել: Դրանց բնակիչներին չես նախանձի:
 
Ամեն ինչ սկսվեց նրանով, որ տներն ամբողջովին ծածկվեցին ճաքերով, իսկ երկրաբաններն ու սեյսմոլոգները միայն ձեռքերն էին թափահարում՝ չկարողանալով պարզաբանել այս երևույթը: Ի վերջո, պատերն ինչ-որ կերպ ամրացվեցին և կարկատվեցին, ճաքերը խծուծածեփվեցին: Սակայն դրանից չհեշտացավ բնակիչների կյանքը: Բնակարանների մեծ մասում պարբերաբար դիվային իրավիճակներ էր ստեղծվում՝ առանց որևէ պատճառի իրերը դեսուդեն էին ընկնում, ջարդուփշուր էր լինում ամանեղենը, գիշերները խշխշոց, ճռինչ, ոռնոցներ էին լսվում, մարդկանց  ուրվականներ էին հայտնվում:
 
Ահա թե ինչ է պատմել չարաբաստիկ այդ տներից մեկում բնակվող Նատալյա Սմիրնովան.
 
- ... Անբացատրելի հնչյունները և կոտրված ամանեղենը, ինչպես ասում են, դեռ «կոկոններն» էին: Մի անգամ ես արթնացա գիշերը և մահճակալիս կողքին տեսա մարդուն կիսաթափանցիկ, սպիտակավուն մարդկային ուրվապատկեր: Նրա դեմքի վրա հստակ երևում էին դատարկ ակնախոռոչները: Ես սարսափով գլուխս աջուձախ շրջեցի, հետո կսմթեցի ինձ և, համոզվելով, որ տեսիլքը չի անհետանում՝ սկսեցի աղիողորմ աղաղակել:
 
Իմ ճչոցից ներս վազեց որդիս և տեսավ այդ սարսափելի արարածին: Նա ձեռքը մեկնեց անջատիչին, բայց ուրվականը գրեթե ակնթարթորեն վերածվեց ճերմակավուն ամպի: Երբ լույսը վառվեց՝ ամպն անհետացավ:
 
Մեկ շաբաթ անց, նույն անկոչ հյուրը հազիվ չսպանեց ինձ: Ես արթնացա սարսափելի զգացողությամբ. կարծես թե թոքերումս ոչ թե օդ էր, այլ մի տեսակ զզվելի ծանր գազ: Մի քիչ էլ, և ես շնչահեղձ կլինեի ...
 
Անկարող էի բղավել, որովհետև ձայնս ամբողջովին կորել էր: Այդժամ ես խաչակնքեցի և մտքումս խնդրեցի. «Փրկիր ինձ, Աստված»: Այդ պահին իմ բերանից ծխի նմանվող ինչ-որ բան պոկվեց: Կախվելով առաստաղից՝ ծուխը սկսեց մարդու կերպարանք առնել: Ես կրկին խաչակնքեցի ինձ ու տեսիլքին, որն իսկույն անհետացավ: 
 
Ավելի ուշ, խորհրդակցելով քահանայի հետ, խնդրեցի օրհնել բնակարանս, բոլոր սենյակներում սրբապատկերներ դրեցի և օրը մի քանի անգամ (հատկապես քնելուց առաջ) խունկ էի ծխում: Այլևս ուրվական չերևաց:
 
Բայց մեր հարևաններին այդ նույն կամ այլ չար ոգի շատ վշտեր բերեց.  հանկարծամահ եղավ վաթսուն տարեկան մի կին, ով երբեք չէր բողոքել իր առողջությունից, իսկ տասնյոթ տարեկան մի երիտասարդ հոգեբուժարան ընկավ՝ իհարկե, ոչ առանց տներում հայտնվող չար ոգու մասնակցության...
 
Վարորդներ սպանող ուրվականներ
 
Ռուսաստանյան ավտոճանապարհների որոշակի հատվածներում պարբերաբար  դժբախտ պատահարներ են տեղի ունենում: Այդ վայրերը ասես կախարդված են. աղետները հետևում են միմյանց, զոհերի թիվը տարեցտարի աճում է:
 
Եվ պատճառը նույնն է. ճանապարհը կառուցված է նախկին գյուղական գերեզմանատան տեղում: Արդյունքում՝ ճանապարհաշինարարների սխալների և անշրջահայացության համար վթարների տեսքով վճարում են ավտովարորդները: 
 
Ալեքսանդր Պեստրուխինը Ռոստովի մարզում գտնվող՝ այսպես կոչված «մահվան ճանապարհի» սարսափելի վթարներից մեկի զոհ էր դարձել: Ահա թե ինչ է պատմել նա.
 
- ... Դա տեղի ունեցավ ամռան մի ուշ երեկո: Իմ ընկեր Սերգեյի հետ ընթանում էինք մոտ 80 կմ/ժ արագությամբ: Մեքենան վարում էի ես: Եղանակը չոր էր և տաք, ճանապարհը նույնպես կարգին էր: Անհնար էր պատկերացնել, որ մենք կարող էինք վթարվել:
 
Հանկարծ անսպասելիորեն մեր մեքենայի լուսարձակները մարեցին, և դիմապակուց այն կողմ տեսանք մի ծխագույն մարմին: Այն անցավ իմ ու Սերգեյի միջև հայտնված ապակու միջով, և ես կարողացա նկատել, որ այն գլխի նման ինչ-որ բան ունի: Իսկ այնտեղ, որտեղ մարդու աչքերն ու բերանն են՝ ինչ-որ անցքեր կային: Այնուհետև ես լսեցի սարսափելի ծիծաղ ու սեղմեցի արգելակները: Սակայն՝ ուշացումով, և մեքենան թռավ դեպի ճամփեզրի առուն և մխրճվեց ծառաբնի մեջ: Հաշված վայրկյաններում իմ «Մոսկվիչը» վերածվեց ծռմռված մետաղակույտի:
 
Սերգեյը զոհվեց սարսափելի մահով. նա դուրս թռավ կոտրված դիմապակուց, իսկ մեքենայի բացված ծալովի ծածկոցը (капот) դանակի նման կտրեց նրա գլուխը: Ինձ փրկել էին անցորդները: Ես այդ պահին անգիտակից վիճակում էի, ստացել էի բազմաթիվ կոտրվածքներ, վերքեր, ուղեղի ցնցում և մի քանի ամիս անց ստիպված էի բուժվել հիվանդանոցում…
 
«Ճանապարհային ուրվականը» կարող է հայտնվել նաև մահվան ելքով վթարների վայրում, որտեղ զոհվածի խռովված հոգին որոշ ժամանակ հայտնվում է մեկ այլ դժբախտ վարորդի առջև՝ նոր վթար առաջացնելով:
 
Սակայն նման ողբերգություններից կարելի է խուսափել: Շատ հաճախ ճանապարհներին մենք տեսնում ենք տարատեսակ հուշարձաններ կամ սգո ծաղկեպսակներ, որոնք մարդիկ տեղադրում են իրենց սիրելիների մահվան վայրում: Բայց ավելի լավ է այդ ճանապարհահատվածներում աղոթքները կարդալ, եկեղեցի մոմեր վառել և այլն, որպեսզի անհանգիստ հոգին վերջապես խաղաղություն գտնի ու նոր դժբախտություններ չառաջացնի: Այդուհետ ոչ մի ուրվական էլ չի հայտնվի այդ վայրերում:  
 
Ինչպես պաշտպանվել դրանցից
 
Բոլորին, բնականաբար, հետաքրքրում է այն հարցը, թե ինչ անել՝ ուրվականի հանկարծակի հայտնվելու դեպքում: Փորձը ցույց է տալիս, որ անկեղծ աղոթքները շատ օգտակար են նման իրավիճակներում: Նաև պետք է խաչակնքել, և, ընդհակառակը, չպետք է վստահել մտացածին թալիսմաններին, որոնք ընդամենը բիզնեսի նպատակ ունեն և հազիվ թե մեր փոխարեն աղոթեն մեր անվտանգության համար: Էլ ուր մնաց՝ մեզ համար պայքարեն նենգ ուրվականների դեմ: