Ռուս զինվորականները սիրիական Դումայում գրոհայինների քիմփորձարան են գտել

Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ Սիրայի Դումա քաղաքում ռուս զինվորականները գտել են մի պահեստ, որտեղ եղել են քիմիական զենքի արտադրության համար անհրաժեշտ նյութեր:
 
- Հայտնաբերվել են այնպիսի նյութեր, ինչպես օրինակ թիոդիգլիկոլ և դիէթանոլամին, որոնք անհրաժեշտ են ծծմբային և ազոտային իպրիտ ստանալու համար: Դրանից բացի՝ պահեստում հայտնաբերվել է քլոր պարունակող անոթ, իսկ գրոհայինների բեմադրած կեղծ սյուժեում հենց դրանից է օգտագործվել,- տարածված հաղորդագրությունից մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:
 
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետ Ալեքսանդր Ռադիոնովի պնդմամբ՝ բնակելի տան նկուղում տեղադրված այդ փորձարանից օգտվել են ահաբեկիչները, որոնց վերահսկողության տակ գտնվել է քաղաքը: Ուշագրավ է նաև այն, որ նույն վայրում գտել են քիմիական բանաձևերով և չափաբաժինների հաշվարկներով գրություններ ևս: Նշվում է, թե ռուս փորձագետներն ուսումնասիրում են այդ ամենը:  
 
Իսկ ահա Արևմուտքից հայտարարություններ են հնչում, թե ռուսներն արգելակում են ՔԶԱԿ-ի փորձագետների աշխատանքը Դումայում, ինչին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է, թե դա հնարավոր չէ: 
 
- Արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվությունը, թե իբր Ռուսաստանն ու Սիրիան «խոչընդոտում են» միջազգային տեսուչների մուտքը Դումա, առնվազն անմաքուր է թվում,- շեշտել է Զախարովան:
 
Նա հիշեցրել է, որ հենց ՌԴ-ն է Սիրիայի կառավարությանն աջակցել, երբ այնտեղից ՔԶԱԿ-ի տեխնիկական քարտուղարության գլխավոր տնօրենին խնդրել են իրենց փորձագետներին Դումա ուղարկել: 
 
Քիմիական զենքը կիրառվե՞լ է, թե՞ դա միայն բեմադրվել է, Սիրիայի կառավարությո՞ւնն է դա կազմակերպել, թե՞ ահաբեկիչներն են արել՝ այս պահին այնքան էլ կարևոր չէ: Դրա անվան տակ Սիրիան հրթիռակոծվել է երեք մեծ տերությունների զինուժերի կողմից, բազմաթիվ երկրներ այդ առիթով «ուռա» են կանչել՝ միտք էլ չունենալով սպասել, որ ՔԶԱԿ-ը իր առաքելությամբ ժամանի դեպքի վայր: Եվ դժվար թե նույն «արևմտյան ԶԼՄ-ները» հիմա էլ սկսեն շրջանառել տեղեկատվությունը, թե Դումայում ահաբեկիչների քիմիական փորձարան է գտնվել և նման բաներ: Եթե Արևմուտքը որոշել է, որ քիմիական զենքը Ասադն է կիրառել, Ասադին մնում է «մեղքը» ընդունել: Չէ՞ որ նրա դեմ աշխարհի հզորներն են՝ իրենց ամբողջ զինանոցով ու տեղեկատվական քարոզով: