Երևի դժվար է լքել Երկիրը

ՄԱՐԴԸ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ Է ՎԵՐՋԵՐՍ ՄԱՀԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՈՒՐՎԱԿԱՆԸ

«Reddit»- ի օգտատերերից մեկը հավաստիացրել է, որ օրերս լուսանկարել է իր հարևանուհու և լավ ընկերուհու ոգին: Ի հաստատումն ասածի` 57-ամյա այս բոստոնցին իր կայքի մշտական այցելուներին ներկայացրել է կիսամութ պատուհանին նշմարվող խորհրդավոր ստվերի լուսանկարը:
 
Նա պատմել է, որ ինքն ու հիմա արդեն հանգուցյալ իր մտերմուհին ապրել են բնակելի շենքի վերին հարկում գտնվող հարևան բնակարաններում: Աղջիկը մահացել է ուղեղային անոթի զարկերակալայնքմից (անեվրիզմա), և դրանից հետո նրա բնակարանը դատարկ է: Հենց այդ փաստն իմանալով՝ խորհրդավոր լուսանկարի հեղինակն անակնկալի է եկել, երբ ամայի բնակարանի պատուհանին մարդկային կերպարանք է նշմարել.
 
 
- Մի քանի օր առաջ չէի կարողանում քնել և առավոտյան ժամը 3-ին փողոց դուրս եկա, որպեսզի ազատվեմ ինձ քնել խանգարող ապրումներից: Բակ իջնելով՝ հայացքս վեր բարձրացրի ու հանկարծ նրա ննջասենյակի պատուհանից մոմի թույլ լույսարձակում նկատեցի: Այնտեղ գողեր լինել չէին կարող: Նրա հարազատները՝ նույնպես: Նա հարազատներ ունի, իհարկե, սակայն նրանք հրաժարվել էին հարևանուհուցս դեռ 1980-ականներից, երբ նա սպանել էր իր ամուսնուն: Դա ամենաիսկական ինքնապաշտպանություն էր եղել, բայց նա 12 տարի ազատազրված էր: Այդ ժամանակից ի վեր նա ամբողջովին միայնակ էր մնացել՝ եթե ինձ չհաշվենք: Հարազատներից ոչ մեկը նույնիսկ նրա իրերը չէին վերցրել՝ մահից հետո: Երբ տիրուհու բնակարանում մենակ մնացած նրա շունը սկսեց աղիողորմ վնգստալ՝ ես ոստիկաններ կանչեցի, ովքեր շանը գտան հատակին պառկած (տղամարդու խոսքերը մեջբերել է esoreiter.ru-ն):
 
Այս տխուր պատմության շարունակությունն, իսկապես, առեղծվածի է նման.
 
- Ես չէի կարողանում հավատալ իմ աչքերին, երբ պատուհանին տեսա այդ թափանցիկ ուրվապատկերը, բայց անմիջապես լուսանկարեցի: Ինձ թվում է, որ իմ ընկերուհու մահն այնքան հանկարծակի էր, որ նույնիսկ ինքը չհասկացավ, թե ինչպես լքեց մեզ, ու այդ պատճառով էլ նա ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել երկրային աշխարհից: Ամենավախեցնողն այն է, որ հենց այդ պատուհանի մոտ էր միշտ դրված այն բազկաթոռը, որին նստած նա սիրում էր գիրք կարդալ կամ նայել Բոստոնի ծայրամասերին: Հիմա ես չեմ հասկանում, թե ինչ եմ զգում, երբ հիշում եմ, թե ինչպես էի կանգնել դրսում, իսկ նրա չհանդարտվող հոգին կարող էր ինձ նայել կիսաբաց վարագույրի ետևից: Տեսնես ի՞նչ էր նա մտածում այդ պահին…