«Այս մահերի մեծ մասը կանխարգելելի է»

ԱՇԽԱՐՀԸ ՁԱԽՈՂՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ

Նորածին երեխաների մահվան դեպքերը շարունակում են տագնապալի բարձր ցուցանիշներ գրանցել համաշխարհային մասշտաբով, հատկապես՝ աշխարհի ամենաաղքատ երկրներում։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների մահացության մասին նոր զեկույցում։
 
Ճապոնիայում, Իսլանդիայում և Սինգապուրում ծնված երեխաները ապրելու ամենաշատ հավանակունությունն ունեն, մինչդեռ Պակիստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Աֆղանստանում ծնվածները բոլորից շատ են տուժում։
 
- Թեև անցած քառորդ դարի ընթացքում մենք ավելի քան կիսով չափ կրճատել ենք մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահերի թիվը, մեկ ամսականը չլրացած երեխաների շրջանում նմանատիպ արդյունքի չենք հասել, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ - Հաշվի առնելով, որ այս մահերի մեծ մասը կանխարգելելի է, անկասկած, մենք ձախողում ենք աջակցություն ցուցաբերել աշխարհի ամենաաղքատ երեխաներին։
 
Ըստ զեկույցի՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում 1,000 նորածնին բաժին ընկնող նորածնային մահացության միջին ցուցանիշը 27 է։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 3 է։ Ամենավտանգավոր վայրերում ծնվող երեխաների մահվան հավանականությունը 50 անգամ ավելի մեծ է, քան նրանցը, ովքեր ծնվում են ամենաանվտանգ երկրներում։
 
Զեկույցը նաև նշում է, որ ծնվելու համար ամենավտանգավոր տասը վայրերից ութը գտնվում են Աֆրիկայի ենթասահարյան հատվածում, որտեղ հղի կանայք ծննդաբերության ժամանակ որևէ օգնություն ստանալու փոքր հավանակություն ունեն՝ աղքատության, ընդհարումների և ցածրորակ առողջապահական հաստատությունների պատճառով։ Եթե մինչև 2030թ․ յուրաքանչյուր երկիր իր նորածնային  մահացության ցուցանիշը հասցներ բարձր եկամուտ ունեցողների ցուցանիշին, ապա 16 միլիոն կյանք կփրկվեր։
 
Զեկույցը փաստում է, որ նորածնային մահերի 80 տոկոսի պատճառ են հադիսանում վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները և այնպիսի վարակներ, ինչպիսիք են թոքաբորբն ու սեպսիսը։ Այս մահերը կարելի է կանխարգելել վերապատրաստված մանկաբարձների, ինչպես նաև՝ մաքուր ջրի, վարակազերծման, կյանքի առաջին ժամից սկսած կրծքով կերակրման, մոր հետ մաշկը մաշկին շփման և առողջ սնուցման միջոցով։ Այնուամենայնիվ, վերապատրաստված բուժաշխատողների և մանկաբարձների պակասը նշանակում է, որ հազարավոր նորածիններ չեն ստանում այն կենսափրկարար աջակցությունը, որը նրանց անհրաժեշտ է ապրելու համար։ Օրինակ՝ եթե Նորվեգիայում 10,000 հոգուն սպասարկելու համար կա 218 բժիշկ, բուժքույր ու մանկաբարձ, Սոմալիում նույն թվով մարդուն հասնում է միայն մեկ մասնագետ։
 
- Ամեն տարի ամբողջ աշխարհում 2.6 միլիոն նորածին է մահանում մինչև իր կյանքի առաջին ամիսը լրանալը։ Նրանցից մեկ միլիոնը մահանում է հենց ծնվելու օրը, - նշում է Հենրիետա Ֆորը։- Մենք գիտենք, որ կարող ենք փրկել այս երեխաների մեծամասնությանը՝ յուրաքանչյուր մոր և նորածնի համար նախատեսված մատչելի ու որակյալ առողջապահական միջամտություններով։ Մեր կողմից կատարված յուրաքանչյուր փոքրիկ քայլը կարող է երաշխավորել յուրաքանչյուր կյանքի առաջին փոքրիկ քայլերը։