Տոնդ շնորհավոր, մեր Մա՛յր-Մայրենի

ՈւՆԵՑԱԾՆ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ԻՆՔՆԱՀԱՐԳԱ՛ՆՔԸ ՉՈւՆԵՆՔ

Վերջապես ովքե՞ր և ե՞րբ են փակելու օտարախառն, աղավաղված հայերենով խոսքի ճամփան, մինչև ե՞րբ են օքեյներն ու վաուները, պոզիԾիվներն ու կրեաԾիվները, աԾյաններն ու  փառատոՆՆերը,  ըտենցներն ու ընդեղները, աութ դանսերն ու փազըլները, եԳրորդներն ու դԲրոցները, վե կալելներն ու պռոբլեմները, տենամներն ու էտի-էսիները, հիՑուններն  ու  գինԻկոլոգները,  հաԽՏանակներն ու աՇկերը, սմետանններն ու տըվոռըգները,  պՌագմաԾիկն ու ռեցեպտները, Ձիաբետներն  ու Ձինամիկաները, արԾունքներն ու  խանգաՌելները, պայՑյուններն ու պայթ-ունները, ընԳերներն  ու զոՆքաՋները, թՄերն ու  հեԾիոտները,  մաԽՏանքներն ու աՌհամարհելը,  կամպյուտըռները, պրինտներն ու  սկոչները, միկռաֆոններն ու  ֆլեշկաները, վարՔաբեկելներն ու թրեյնինգները, սալոններն ու  մոյկաները, մաԾյաններն ու ԿարապեԾյանները, ՄուրաՁյաններն ու ԱրարաԾյանը, ԻՌանն ու ԻՌաքը, պոպուլզմն ու  իմիջը, ռեյտինգն ու կոնցեպցիան, ակտուալն ու վիզուալը…անարգել թափառելու մեր խոսքում՝ աղտոտելով հայերենը լրատվամիջոցներում,  խորհրդարանական  դաշտում, կյանքի տարբեր ոլորտներում:
 
Այսօր Մայրենիի տոնն է, որին, թեև դանդաղ ընթացքով, սակայն տարեցտարի ավելի մեծ նշանակություն է տրվում: Պարտավորեցնո՞ղ է արդյոք այդ տոնը, տարին գոնե մեկ անգամ կարողանո՞ւմ է սթափեցնել մեր հասարակության այն շերտերին, ում բացարձակապես չի մտահոգում մեր լեզվի արդի իրավիճակը... Դժվար է ասել, սակայն այդ օրը և դրան նախորդող մնացած բոլոր օրերին մեր լրատվամիջոցները  փոքր-ինչ հիշեցնում են տոնի մասին, ինչը գուցեև պարտավորեցնում է… 
 
Մայրենիի շքեղության և կարևորության համեմատ, այնուամենայնիվ, շատ աղքատիկ ու խեղճ են բոլոր միջոցառումները. վաղուց ժամանակն է ՄԱՅՐԵՆԻԻ օրը նշել համահայկական հարթակի տրամագծով՝ այն դարձնելով առավել հնչեղ, սիրելի, կարևոր ու սպասված:
 
Ազգային ինքնության, մեր լինելիության կարևորագույն նախապայմանը ՄԱՅՐԵՆԻՆ  է՝ հայոց լեզուն: Ո՞րն է հայոց լեզվով խոսելու և հայեցի մտածելու ակունքը. իհարկե՝ ընտանիքը, առաջին հերթին՝ հայ մայրը: Ո՞րն է մաքուր, գեղեցիկ հայերենով խոսելու ակունքը. իհարկե՛, դարձյալ ընտանիքը, նաև՝ կրթական հաստատությունները: Արդյո՞ք այդ ակունքները զուլալ են: Մեր ամբողջ հասարակությունը  պատասխանատու է այդ ակունքների մաքրության համար: Լեզուն նաև պետական մեծ հոգածության կարիք ունի: Այն իրավական հարթակի վրա պահելն առավել քան ժամանակի և լեզվի հանդեպ ստեղծված անփույթ, կամայական վերաբերմունքը մերժող հրամայականը պետք լինի: Ազգային յուրաքանչյուր սրբության ոտնահարում պետք է դիտել որպես դատապարտելի արարք, հանցանք. սա՛ էլ  հայրենադավություն է:  
 
Ցավոք, հայոց լեզվի նկատմամբ դրսևորվող քամահրական, անկառավարելի, անփույթ վերաբերմունքը նկատելի է գրեթե բոլոր ոլորտներում, սակայն առավել ցավալի է, որ լեզվի դեմ մեղանչանքներն առկա են նաև զանգվածային լրատվամիջոցներում՝ հեռուստաեթերում, էլեկտրոնային բազմաթիվ պարբերականներում: Թերևս, համեմատաբար մաքուր է մնում տպագիր մամուլի ու Հանրային ռադիոյի լեզուն: 
 
Տարիներ շարունակ մի շարք պատեհապաշտներ, չգիտես՝ ում թողտվությամբ, հայտնվել են զանգվածային  հնչեղ լրատվամիջոցներում և ստեղծել հայերենի իրենց  «ուղղախոսությունն ու շեշտադրությունը», եթերը  լցրել խառնալեզվային խոսվածքով, ապազգային մտածելակերպով: Շարունակաբար խոսվում է այդ մասին, կա՛ն, անշուշտ, մտահոգվողներ, սակայն, մեր բոլոր լեզվաբանները, մտավորականները մշտապես կրկնում են, որ այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով: 
 
ՀՀ սփյուռքի նախարարությունը այդ հարցը բարձրացնողների ու բարձրաձայնողների առաջին շարքում է՝ կազմակերպելով կլոր-սեղան քննարկումներ, որոնց ընթացքում հնչող բոլոր ելույթները, միանշանակ, մտահոգ են: 
 
Սակայն խնդիրը հիմնավոր լուծում է պահանջում, իսկ ՄԱՅՐԵՆԻՆ սպասում է: ՄԱՅՐԵՆԻՆ շարունակում  է ոտանհարվել, աղճատվել, թրատվել, աղավաղվել… Մինչև ե՞րբ: 
 
Մինչև ե՞րբ են հայաստանյան խանութների ու ընկերությունների, հիմնարկների վրա տեղադրվելու ոչ հայերեն ցուցանակներ, խանութների փոխարեն գրելու՝ store, market, super market , առևտրի սրահի փոխարեն` գրելու mall,  որևէ ապրանքանիշը վկայող խանութների, սրճարանների,  ամսագրերի, հաղորդաշարերի, բժշկական հաստատությունների  անվանումները  կոչելու և գրելու անգլերենով՝ kid zone,  beauty salon, carwash,  petrol, Dalma garden, Delta-clinik, TVmall,  էպիլյացիա
 
Հատորներ կարելի է գրել այս նմանատիպ մեջբերումներով, բայց բավակա՛ն է. վաղուց ժամանակն է՝ քննադատությունից, նեղսրտելուց, բարկանալուց անցնել գործի, պետական մակարդակով լուրջ քայլեր ձեռնարկել այս հարցում, որոշակի լիազորություններ տալ համապատասխան մարմիններին և օրինականության դաշտում ներառել Մայրենիի հետ կապված մտահոգություններն ու խնդիրները: Մայրենին  սպասում է ու էլի որքա՞ն պիտի սպասի: 
 
Մայրենիի տոնը նշելը պարտավորեցնում է, որ շնորհավորանքներ հղելուց առաջ արժանին մատուցվի մեր  հինավուրց ու Աստվածային լեզվին, որ տոնին նախորդող ու հաջորդող բոլոր օրերին հարգալից, հոգատար լինենք մեր Մայր լեզվի հանդեպ, որպեսզի շնորհավորանքները չլինեն սոսկ մեկօրյա պաճուճանքներ…Մեր  լեզուն  ինքնին  զա՛րդ է անգին և ընդամենը ճիշտ ու գեղեցիկ կրելու, փայլեցնելու, խնամքի՛, սիրո՛ կարիք ունի: 
 
 
Կարինե ԱՎԱԳՅԱՆ
Բանաստեղծուհի