Աշխարհի կործանումը հետաձգվում է…

Տեղեկատվական հեղեղի մեր ժամանակներում գրեթե ամեն շաբաթ ահաբեկող լուրեր են տարածվում, թե աշխարհի կործանումը մոտ է, հաճախ անգամ դրա ճշգրիտ պահն են նշում: Աշխարհի կործանման առասպելը, թերևս, նույնքան հին է, որքան մարդկությունը: Դա են վկայում տարբեր ժողովուրդների բանավոր ստեղծագործություններում դարեդար փոխանցվող պատումները: Սա կարծես մարդկային խոշոր զանգվածների ահաբեկելու ամենահեշտ ձևն է և այդ պատճառով էլ՝ որոշակի խմբի համար շատ հարմար միջոց. հատկապես մեր օրերում:
 
Եզակի են դեպքերը, երբ տեղեկատվական հեղեղի նյութը ոչ թե ահաբեկող, այլ մխիթարական է լինում: Նման մխիթարական եզրակացություն են հրապարակել Էքզեթերի համալսարանի հետազոտողները: Նրանք խոսել են համընդհանուր տաքացման վտանգների չափազանցվածության մասին: Ըստ նրանց՝ երևույթներից շատերը, որոնց մասին նախկինում տեղեկացվել է, երբեք իրականություն չեն դառնա: 
 
Եղանակային պայմանների տեսաբանների կարծիքով՝ համընդհանմուր տաքացումը սպասվածից դանդաղ է ընթանում: Սխալ է հաշվարկվել ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս ծավալը: Մի քանի տարի անց մոլորակում ջերմաստիճանը կփոխվի միայն Ցելսիուսի 2,2 աստիճանով, ինչը գրեթե նույնական է եղանակային պայմանների վերաբերյալ Փարիզի համաձայնագրի տվյալին: Եթե անգամ որոշակի անճշտություն կա, ապա Երկրի տաքացումը 2,4-2,5 աստիճանը չի գերազանցի՝ հակառակ նախկին կանխատեսումների, թե այդ թիվը 3,5-4 աստիճանի կհասնի: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հզոր ջրհեղեղներ, հրաբխային ժայթքումներ և նման երևույթներ առաջիկա տասնամյակներում չեն սպասվում: 
 
Անգլիացի գիտնականների մտադրությունները գուցե ամենաբարին են, և այս ավետիսն աշխարհին հաղորդելով՝ ցանկանում են մեղմել մարդկության տագնապները: Մի բան, սակայն, անտեսում են. այս տեղեկությունը կարող է ազատություն տալ ձեռքերին այն մարդկանց, ովքեր  ջերմոցային գազերի արտանետումների հեղինակն են: Նրանք կմտածեն, թե մթնոլորտն աղտոտելու, շրջակա միջավայրը սպառելու լրացուցիչ հնարավորություն ունեն և նոր զարկ կտան իրենց գործունեությանը: