Միջազգային հանրությունը քրդերին ինչո՞վ կօգնի

Սիրիայի քրդերը թուրքական ռմբակոծություններից փրկվելու հույսը դրել են միջազգային հանրության վրա: Հրապարակվել է սիրիաբնակ քրդերի Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) հայտարարությունը, որով նրանք միջազգային հանրությանն են դիմել Թուրքիայի կողմից Աֆրինի գնդակոծումը դադարեցնելու կոչով:
 
Կուսակցության հայտարարության մեջ նշված է, որ իրենք միայնակ չեն, այլ կապված են Սիրիայի տարածքում գտնվող բոլոր քրդական ուժերի հետ:  
 
- Եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, Սիրիայի հյուսիսում և հարավում գտնվող քրդական ուժերի կողմից վերահսկվող բոլոր շրջանները կհամագործակցեն PYD-ի հետ, Աֆրինը միայնակ չի մնա,- նշված հայտարարության մեջ: 
 
Չորս օր առաջ են Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել Սիրիայի Արֆին շրջանում տեղակայված PYD-ի ռազմական թևի՝ YPG-ի դիրքերը: Նախագահ Էրդողանը նույն օրը խոսել էր «մի գիշեր հանկարծակի Արֆին գնալու», իսկ արտգործնախարար Չավուշօղլուն՝ Սիրիայի քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց հետո ռազմական գործողություններն ընդլայնելու և Եփրատի արևելյան ափին գտնվող Մանբի բնակավայր հասնելու մասին:
Թուրքերի այս նոր ծավալապաշտությանն այս անգամ կարծես թե ամենաշատը Միացյալ Նահանգներն է խոչընդոտում, և թուրք քաղաքական գործիչները չեն դադարում այս երկրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց: Այսպես, թուրքական «Հաբերթուրքը» հրապարակել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բողդաղի նոր հայտարարությունն այն մասին, որ իրենք այլևս չեն կարող հանդուրժել ԱՄՆ-ի կողմից քրդերին զինելը: 
 
- Թուրքիան հստակ հասկացրել է, թե ինչ է ուզում: Դուք գերադասեցիք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարել մեկ այլ ահաբեկչական խմբակցության աջակցությամբ: Մենք շատ անգամ ենք ընդգծել այդ ռազմական օգնությանը վերջ տալու անհրաժեշտությունը: Այս հարցում Թուրքիայի համբերությունն արդեն սպառվել է,- սպառնացել է ցեղասպան երկրի փոխվարչապետը: 
 
Թե որն է լինելու Թուրքիայի հաջորդ քայլը «համբերությունն սպառվել է» արտահայտությունից հետո՝ կերևա մոտ ապագայում: Բնականաբար, Միացյալ Նահանգներն իր ծրագրերն ունի և պատրաստ է Թուրքիայի արձագանքին:  Այս իրավիճակում առավել քան միամիտ է թվում քրդերի քայլը՝ դիմել միջազգային հանրությանը, որպեսզի իրենց փրկեն: «Միջազգային հանրություն» ասվածի նման անդեմ ու անսկզբունք զանգվածը մի՞թե կարող է մոլորակի գոնե մեկ կետում արդարություն հաստատել: 
 
Եթե այն այդքան զորություն ունենար՝ հարյուր տարի առաջ նույն քրդերի ձեռքը կբռներ, որպեսզի այսօրվա իրենց թշնամի թուրքի թելադրանքով անպաշտպան ու անզեն մնացած հայերի ցեղասպանությանը չնպաստեին: Եթե քրդերն այդ օրերը մոռացել են, հայերը լավ են հիշում: Առանց չարախնդության նշույլի կարելի է մտածել՝ 100 տարի առաջ իրենց նետած բումերանգը չէ՞ արդյոք, որ այսօր հետ է գալիս: