Տանուլ է տալիս քաղաքացին՝ չի շահում պետությունը

ՀԱՆՐՕԳՈՒՏ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ

Ազգային ժողովն այսօր 94 կողմ ձայներով առաջին ընթերցմամբընդունեց «Ելք» խմբակցության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները, ինչպես նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների մասին» օրինագիծը:
 
Սա, թերևս, եզակի այն օրինագծերից է, որով պաշտպանվում են նաև խոցելի ընտանիքները: Գերազանցապես աղքատ այն ընտանիքները, որոնց՝ մոլախաղերով տարված անդամները տանուլ են տալիս վերջին ունեցվածքը: Առավելևս՝ անչափահասությանը նոր-նոր հրաժեշտ տված արկածախնդիր երիտասարդները: Մասնավորապես, գործող օրենքով ևս մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահի տարածք, խաղադրույք կատարել, սակայն խաղատներն այդ սահմանափակումն օգտագործել չեն կարող՝ ընթացակարգի բացակայության պատճառով: Իսկ նոր օրենքն իրավունք է ընձեռում ու նույնիսկ պարտավորեցնում՝ ստուգել խաղասրահ մուտք գործողների անձնագրերը: Ավելին, դատարանի որոշմամբ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց պարագայում լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշված տվյալների բազան պետք է վարի և այդ անձանց մուտքը խաղատներ ևս արգելի:
 
Ինչ վերաբերում է շահումով խաղերին, ապա դրանք, իսկապես, լուրջ պատուհաս են, որոնց գովազդային գայթակղությունը, եթերներից իրենց շահումների մասին հուզաձայն պատմությունները չեն կարող անտարբեր թողնել հատկապես ինչ-որ գնով գումար հայթայթելու մոլուցքով տարվածներին: Ինչպես ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է ասել՝
 
- Շրջապատում տեսել ենք, սակայն, ինչպես են անչափահասները կարողանում օգտվել այդ ծառայություններից: Փողոցներում տեղադրված խաղային ապարատներից 10 ֆոտո եմ արել, երբ անչափահասը կատարում է խաղադրույք: Ուստի առաջարկում ենք 100 հազար դրամ տուգանքը փոխարինել 2 մլն դրամ տուգանքով: Եթե ընկերությունը խախտման դեպքի արձանագրումից ու տուգանքի նշանակումից հետո չի վերափոխում իր վարքագիծը, կիրառվում է 5 մլն դրամ տուգանք: Եթե երրորդ անգամ՝ 10 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից:
 
Մտահոգ էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցը՝ հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանին. 
 
- Ո՞նց ենք վերահսկելու, եթե սա չդարձնենք կենսական կարևոր խնդիր: Հեռուստատեսությամբ նայում ենք տարբեր սերիալներ, ուղղակի գովազդվում է կոնկրետ մեկ վիճակախաղ մատուցող ծառայություն: Չեք կարծո՞ւմ՝ գովազդից էլ պետք է դա հանել:
 
Պատասխանը մասամբ հուսադրող էր՝ 
 
- Կարելի է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի որոշակի եթերաժամերի չլինի վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդ:
 
Մասամբ, որովհետև դժվար է ասել, թե որոշակի ո՞ր ժամերին է, երբ մոլախաղերով հրապուրվողները հեռու կլինեն հեռուստաէկրաններից: