Ռուսական ներկայություն

ԵՐԲ ՎԱՐՁԱԿԱԼՆ ԻՐ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ

Ռուս ժողովրդին նսեմացնելու ցանկություն դույզն ինչ չունենք: Եվ, ընդհանրապես, ցանկացած ազգի ու ժողովրդի, նույնիսկ կոլեկտիվի մասին ընդհանուր կարծիքը ձևավորվում է նրանց մեծամասնության պահվածքով. մոտավորապես՝ 49/51% հարաբերակցությամբ: Այսինքն, մեր առնչությունների, մեր հանդեպ դրսևորվող վերաբերմունքի գերակշիռ՝ առնվազն 51%-ին հասնող դրականը կամ բացասականն են դառնում որոշիչ:
 
Ու այս պարզ «թվաբանությամբ» անգամ իրեն Հայաստանի ռազմավարական գործընկերը հռչակած Ռուսաստանը դրական ընկալումների շատ փոքր հնարավորություն է ընձեռում: Հայաստանում նրա ներկայությունը, ավաղ, ավելի շատ հիասթափությունների առիթներ է տալիս, քան՝ գոնե անտարբեր մնալու: 
 
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի բնաջնջումը ոչ այնքան ռուս զինվորականների վերաբերմունքն էր իրենց հյուրընկալորեն ապաստան տված հայ ժողովրդի մասին, որքան նրանց բիրտ էության վկայությունը: Նրանք (կամ նրանցից շատերը) «սապոգային» հոգեբանությամբ ունակ են տրորել ամեն ինչ: Էլ ինչպե՞ս վստահես քո երկրում ինքնաթողություն հաստատած այդ արարածներին: Նրանց, ում պետությունը հատկապես և միայն իրեն ամենահավատարիմ Հայաստանից ինչ-որ պարտքերի դիմաց այդ պարտքերից էլ թանկ գույքեր խլեց: Ու նաև այդ կերպ իր ներկայությունը հաստատեց այստեղ՝ Ադրբեջանին Հայաստանի դեմ ջանասիրաբար զինելով:
 
Եվ այնքան հիմնավորապես է ինքնահաստատվել այստեղ, որ…
Ազգային ժողովում այսօր Գևորգ Գորգիսյանի բարձրաձայնումը, այո, վերստին իրեն մեր անվտանգության երաշխավոր կարգած ՌԴ ներկայացուցիչ զորամասի ինքնամեծար ամբարտավան պահվածքի հերթական արձանագրումն էր՝
 
- Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական ճանապարհի 40 մետր հատվածը գտնվում է վթարային վիճակում ու չի վերանորոգվում, որովհետև ՌԴ սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլտվություն տրվի, և այդ համաձայնությունը որևէ կերպ ձեռք բերել հնարավոր չի եղել: Սա լրջագույն խնդիր եմ համարում ու կարծում եմ, որ Կառավարությունը պետք է մեկնաբանի, թե ինչ պետք է անենք, որրպեսզի կախվածություն չունենանք ռուսական կոնկրետ զորամասի քմահաճույքներից:
 
Ի՞նչ անուն տալ այն հյուրին, ով հյուրընկալ ընտանիքում քմահաճույքներ է թելադրում: Ի՞նչ անուն տալ այն ներկայությանը, որով անտեսվում են քաղաքակրթություն կոչվածի տարրական կանոնները...
 
Ցանկացած մեկնաբանություն միայն ավելի ու ավելի է խորացնելու հիասթափությունը: Լռելու կամ հանդուրժելու համար էլ առնվազն մեր ինքնահարգանքի բացակայությունը պիտի խոստովանենք: Իսկ եթե ավելի անկեղծ՝ սրանում մեր «մեղքի» անունը հավատարիմ զինակցի հանդուրժողականություն է, որը գնահատել կարող է միայն նրբանկատ գործընկերը: Իսկ նրբանկատությունն այնքա՜ն հեռու է բիրտ «սապոգից»: