Հիվանդագին հայասարսափ

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԼՐՏԵՍԱԿԱՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանական լրատվամիջոցները, կամա թե ակամա, փառաբանել են հայկական հատուկ ծառայություններին: Մայիսին սկսված «լրտեսական» աղմկահարույց դեպքերի վերաբերյալ նոր մանրամասնություններ են հրապարակվել, որոնք հավաստում են՝ 400 հոգու ձերբակալել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով: Ձերբակալվել և հարցաքննվել են ոչ միայն տասնյակ զինծառայողներ, այլև մեկ հովիվ և քաղաքացիական այլ անձինք, այդ թվում՝ մարմնավաճառներ:
 
Ընդ որում, ինչպես meydan.tv-ին հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպան, հարուցված քրեական գործով իրականացված քննությունը գործում ներքաշել է նաև հովվի հոտը: Երբ «պետական դավաճանություն» հոդվածի «թեկնածու» հովիվը, բանից անտեղյակ, իր հոտն է արածեցրել շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում, ադրբեջանական համապատասխան ծառայությունը նրան ձերբակալել է պահակակետում:
 
Այս ձերբակալության մասին առավոտյան իմացել է նշված սպայի հրամանատարը, ոչխարներից մեկին վերցնելով՝ հովվին հրամայել է հոտն ազատ արձակել: Այստեղ արժե նշել, որ մյուս ոչխարատերերի բախտը բերել է, և նրանց «մալը» զինվորականների սեղանի զարդ չի դարձել:  
Իր անունը հրպարակել չցանկացող մի գյուղապետ էլ ասել է, թե դավաճանության մասին լուրերը մեծ արագությամբ են տարածվում. 
 
- Պատկերացրեք՝ առավոտյան արթնանում ես և լսում, որ քո հարևաններից շատերն աշխատում են հայերի համար: Մարդիկ, որոնց ճանաչում ես երկար ժամանակ, որոնց ամեն օր ես տեսնում, մեղադրվում են Հայաստանի օգտին աշխատելու համար: Եվ դու սկսում ես կասկածել բոլորին: Զինվորականներից բացի՝ շատ այլ մարդիկ էլ են ձերբակալվել՝ հովիվներ, տաքսու վարորդներ, նույնիսկ մարմնավաճառներ:
 
Ու մինչ հարևան երկրում բոլորը բոլորին կասկածում են, նրա բարձրագույն իշխանությունը փոխգնդապետի կոչումով պարգևատրում է աշխարհաճանաչ մարդասպանին՝ քնած մարդուն կացնահարած Ռամիլ Սաֆարովին: Բնականաբար, արթուն հայի վրա հարձակվելու համար պետք է անասնական ատելությունից բացի նաև մազաչափ քաջություն ունենար:
 
Մինչ Ադրբեջանում ազգի խայտառակություն Սաֆարովին են «չաղացնում», Հայաստանի հատուկ ծառայություններն էլ, փաստորեն, ադրբեջանցի լրտեսների ցանցն են «չաղացնում»: Բայց եթե լրտեսական խաղերի գերի գյուղապետները, հովիվներն ու մարմնավաճառները, նրանց հարևաններն ու ծանոթներն այնքան խելք ու բարոյական արժեքներ ունենային, որ կարողանային Սաֆարովի ու նրան պարգևատրողների իրական դեմքը ճանաչել, դժվար թե ամեն քարի ու թփի տակ ազգի դավաճաններ փնտրեին: Նրանց համար պարզից էլ պարզ կլիներ, որ իրենց չկայացած ազգին արժանին հատուցելու համար «հերոս» սաֆարովներն էլ են բավական: