Դեմ ենք ոչ թե լեզվին, այլ՝ դրա մեծարմանը

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ՌՈՒՍԵՐԵՆԸ

Լսե՞լ եք վերջին անեկդոտը: 
 
Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից  մեկը համարող՝ ՀՀ կրթության և գիտության դաշնակցական նախարարի ջանքերին և նույն խնդրի հանդեպ ՀՅԴ մեծ համակրանքին, պարզվում է՝ հանրությունը հումորով է վերաբերվում: Իսկ հումորի զգացողությունն առողջ հոգեբանության ցուցիչներից է: 
 
Ահա և անեկդոտը: Ասում են՝ 1920թ. Հայաստանի առաջին Հանրապետության դաշնակցական ղեկավարները կամավորաբար են իշխանությունը զիջել կոմունիստներին, որպեսզի պետական գանձարանի փողերը հափշտակած իշխանավորները կարողանան դրանք իրենց հետ արտասահման տանել ու այնտեղ հանգիստ վայելել: Մի խոսքով՝ Սովետը դաշնակցականներն են Հայաստան բերել:
 
Հումորը՝ հումոր, բայց ինքն իրեն մեր ռազմավարական դաշնակիցը համարող պետության լեզվին այսքան տարբերակված մոտեցում ցուցաբերելն անհեռատեսություն է՝ մեղմ ասած:
 
Միջազգային ասպարեզում հեռատեսորեն մենք միշտ գերադասել ենք «և՛, և՛»- ի քաղաքականությունը՝ ձգտելով զերծ մնալ ընդգծված նախապատվություններից: Սակայն Հայաստանի համար միակը ճանաչվել ցանկացող Ռուսաստանին դա դուր չի գալիս: Եվ նրա այս խանդը ոչ թե մեզ շա՜տ սիրելուց է, այլ մեծապետական նկրտումներից: Ամիսներ առաջ ռուսերենը Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու պահանջ-առաջարկ հնչեցվեց:
 
Հանրությունը ընդվզեց, որովհետև ոչ մի տրամաբանության շրջանակներում դա չէր տեղավորվում: Երկրորդ պետական լեզվի պահանջ կարող է ծագել միայն այն դեպքում, եթե այս կամ այն պետության ազգաբնակչության գոնե կեսը այլալեզու ուրիշ ազգի ներկայացուցիչ է: Այս պարագայի համար բարեբախտաբար՝ Հայաստանում ռուսները և որևէ այլ ազգության ներկայացուցիչներ այդքան մեծ թիվ չեն կազմում: 
 
Երկրորդ պետականի տիտղոսը ձեռք չբերելով, ինչ-որ ուրիշ տարբերակով առանձնանալու մարմաջը, սակայն, չվերացավ: Եվ ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հատուկ հայեցակարգ մշակվեց… 
 
Հայեցակարգ, որն ավելի շատ օտար մի լեզվի մեծարանք է: 
 
Ահավասիկ՝
 
- …Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, 
այն է՝ ռուսերենով հաղորդակցության հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համակարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա համընդհանուր գործառնությունների խոսքային կարողությունների ձևավորվում և զարգացում:
 
Թույլ տվեք՝ հիասթափվել, պարոնայք ռուսասերներ: 
 
Այս ամենը հայտնի է մեր ընթերցողին: Թեմային անդրադառնալու պատճառը «Ավանգարդի» անցկացրած փոքրիկ հարցախույզի հուշումներն են և «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի՝ այսօր տարածած հայտարարությունը, որի ներքո, կարծում ենք՝ կստորագրեր իր ազգային ինքնությունը ճանաչող յուրաքանչյուր հայ:
 
Ահա մի հատված՝ այդ հայտարարությունից.
 
- 1. նման հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ և հանրային քննարկում.
 
- 2. ռուսերենը օտար լեզու է և ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ, որի կուրորեն ի կատար ածումը հղի է Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժգնացմամբ.
 
- 3. հայեցակարգ կոչվածը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու և ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է։
 
Ուստի հայտարարում ենք, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք, որ այս հայեցակարգը տապալվի: Իսկ որպեսզի մեկընդմիշտ դադարեն լեզվական շահարկումները ցանկացած ուժային կենտրոններից, մենք առաջիկայում հանդես կգանք հստակ առաջարկություններով՝ նախաձեռնելով հանրային կառուցողական քննարկումներ։
 
Ինչ վերաբերում է մեր հարցախույզի արդյունքներին՝ ավելորդ է ասել, որ նույնիսկ ռուսական կրթություն ունեցող որոշ հարցվածներ չէին հասկանում նման գերապատվության իմաստը.
 
- Մեզ այստեղ ոչ մեկը չի արգելել ռուսերեն սովորել և խոսել այդ լեզվով,- տարակուսում էին նրանք:
 
Մասնակի վերապահում ունեին Ռուսաստանում աշխատող զավակներ ունեցող որոշ ծնողներ, ու այդ վերապահումն էլ իրենց զավակներին այնտեղ «չնեղելու» մտավախությունից էր բխում.
 
- Հայերի լեզուն հայերենն է. ով ինչ օտար լեզու կուզի՝ թող սովորի: Բայց եթե դա ռուսների ցանկությունն է, ու մենք չկատարենք՝ այնտեղ կարող են նեղել մեր երեխեքին,- մոտավորապես այսպիսին էր մեր զրուցակիցներից 6-ի կարծիքը:
 
Մնացյալը, մեծավ մասամբ հիշեցնում էին «Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես» հայկական ասացվածքը՝ հավելելով, թե միակողմանի պարտադրանքը դեմ է ոչ միայն մեր ազգային ինքնությանը, այլև կարող է վիրավորել մեր մյուս գործընկերներին: Նրանք դեմ չեն ռուսաց լեզվի խորացված ուսուցմանը, բայց գտնում են, որ նախ հայերենի խորացված ուսուցման կարիք կա, այնուհետև՝ միջազգային տարածում ունեցող ցանկացած այլ լեզվի և ոչ թե միայն ռուսերենի: