Ի՞նչ դեմք կունենա մարդկությունը տասնամյակներ անց

Որքան էլ մոլորակը պատուհասող ամենատարբեր բնական և ահաբեկչական աղետները, պատերազմական թեժ օջախները, մարդկանց վնասակար սովորություններն ու դարի հիվանդությունները ամեն օր բազմաթիվ կյանքեր են խլում, աշխարհի բնակչության աճի թափը չի դանդաղում: 
 
Ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական «Ինեդ» ինստիտուտում հաշվարկել են, որ արդեն 2050թ. Երկրի վրա 10 մլրդ մարդ է ապրելու՝ այսօրվա համարյա 7,5 միլիարդի փոխարեն:
 
Ամենաբազմամարդը կդառնա Աֆրիկա մայրցամաքը, որտեղ բնակչության թիվը առաջիկա 33 տարում կկրկնապտկվի, իսկ հարյուրամյակի վերջին կքառապատկվի:
 
Այսօր էլ Աֆրիկան ռեկորդակիր է՝ այնտեղ Երկրի բնակչության մեկ վեցերորդն է ապրում, ամենաբազմազավակ ընտանիքները նույնպես այնտեղ են: Նիգերիայում մեկ կնոջը միջին հաշվով 7,3 երեխա է բաժին հասնում, երբ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում 2,5 երեխան։ Մոլորակի այս միջին ցուցանիշից բարձր են աֆրիկյան համարյա բոլոր պետությունների, Աֆղանստանի, Հնդկաստանի, Պակիստանի տվյալները (3-4 երեխա):
 
Բնականաբար, կփոխվի նաև աշխարհի ժողովրդագրական պատկերը: ՄԱԿ «Բնակչության հիմնադրամի» տվյալներով՝ եթե այժմ աշխարհը պարկերացնենք որպես 100 բնակիչ ունեցող գյուղ, ապա նրա բնակիչների 60-ը ասիացի է, 16-ը՝ աֆրիկացի, 10-ը՝ եվրոպացի, 8-ը՝ լատինաամերիկացի, 5-ը՝ հյուսիսամերիկացի, մեկ մարդ էլ Օվկանիան է ներկայացնում: 
 
Իհարկե, մի փոքր անորոշ է մնում, թե, օրինակ, ասիացի կամ հյուսիսամերիկացի ասելով՝ ինչ նկատի ունեն: Դիցուք, Հայաստանը աշխարհագրորեն Ասիայի տարածքում է, բայց ակնհայտ է, որ նեղաչք ասիացիներից եվրոպացի լինելու չափ տարբերվում է:  
 
Մեր օրերի գործընթացներից դատելով՝ վերը նշված 10 մլրդ-ի մեջ մեծ թիվ են կազմելու իսլամ դավանող ազգերը՝ լիովին վերափոխելով Եվրոպայի ժողովրդագրական քարտեզը: Դա է հուշում նաև Եվրամիության հիմնական իրավունքների հարցերով գործակալության զեկույցը, որի տվյալներով՝ մուսուլման ներգաղթյալների մեծամասնությունը եվրոպական համայնքի հետ անքակտելի կապվածություն է զգում, հավատում է նրա ժողովրդագրական կառույցներին և Եվրոպան իր նոր տունն է համարում՝ չնայած որոշակի ռասայական խտրականությանը։
 
2016թ. իրականացված հետազոտության մեջ ընդգրկվել են 10 հազար մուսուլման ներգաղթյալներ, ովքեր Եվրոպայում ապրում և աշխատում են ավելի քան մեկ տարի: Հարցված ներգաղթյալների 76%-ը փաստորեն Եվրոպան իր տունն է համարում: Այս թիվն ավելի փոքր է Ավստրալիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում: Այն դեպքում, երբ եվրոպացի շատ ընտանիքներ զլանում են անգամ մեկ երեխա ունենալ, Եվրոպա ներգաղթած մուսուլմանները երեխա երեխայի հետևից են աշխարհ բերում: 
 
Ցավալի փաստ է, որ հայկական ընտանիքներում նույնպես շատ քիչ երեխաներ են ունենում՝ պատճառաբանելով, թե շատ երեխաներին ամեն ինչով ապահովել չեն կարողանա: Արդ, այսպես եթե շարունակվի՝ 2050թ. աշխարհի տասըմիլիարդանոց բնակչության մեջ հայի դեմքը զարդարող «թախծոտ աչքեր» և արծվաքիթ համարյա չի նշմարվի: Չեն նկատվի նաև եվրոպացու ճերմակ մաշկ, շեկ մազեր ու կապույտ աչքեր: Բայց չէ՞ որ տեսակի պահպանման ձգտումը պետք է որ ինչ-որ դեր խաղա:
 
Եթե, իհարկե, ինչ-որ կեղծ գաղափարներ դրա առջև պատնեշ  չդնեն ու աշխարհը եվրոպացու տեսակից աստիճանաբար չզրկեն: