Ում սիրտն ասես չեն առնում նավթադոլարները

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ «ԳՈՐԾԱԿԱԼԻ» Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Ահա թե ինչպես են քրիստոնեական անունը կրող կուսակցության ներկայացուցիչները ծառայում առաջին քրիստոնյա պետություն Հայաստանի թշնամիներին՝ հստակ իմանալով, որ Ադրբեջանի կաշառատու գործողությունները հիմնականում հենց Հայաստանի դեմ են ուղղված:
 
Հենց միայն «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերության» անվանումը բավական է՝ որպեսզի առանց  քննության էլ պարզ լինի, որ խոսքը պարզապես Ադրբեջանից կաշառք ստանալու և Գերմանիայի պետական խողովակներն օգտագործելով՝ այդ բռնատիրական երկրի օգտին գործունեություն իրականացնելն է:
 
Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնող հերթական գործչին նշանառության տակ առնելով՝ գերմանական հեղինակավոր «Զյուդդոյչե ցայտունգ» օրաթերթը փողերի լվացման նոր օջախ է բացահայտել: Այս անգամ կաշառված գերմանացին 2009-ից Բունդեսթագի պատգամավոր տիկին Կարին Շտրենցն է, ով ներկայացնում է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը: Փաստերը սեպտեմբերի 19-ին հրապարակվել են «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» հոդվածում:
 
Նշվում է, որ Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Տվյալ ընկերությունը պատկանում է Բունդեսթագի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր իսկ հիմնադրած «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերության» միջոցով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ: Իսկ գուցե՝ ուղղակի գործակա՞լ:
 
Օրաթերթը ավելորդ չի համարել նշել, որ Կարին Շտրենցը հույս ունի մի քանի օր հետո տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ երրորդ անգամ պատգամավորի մանդատ ձեռք բերել: Սույն տիկինը վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը, իսկ նրա համացանցային կայքի գլխավոր էջում նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկարն է:
 
Իր պատգամավորական կայքէջում Շտրենցը նշել է, որ «Line M-Trade» անվամբ ինչ-որ ֆիրմայից 2014. և 2015 թ.թ.  համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել՝ լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն՝ վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին: «Զյուդդոյչե Ցայտունգ»-ի տեղեկացմամբ՝ վերջինս շուրջ երկու տարի ավելի քան 800 հազար եվրո է ստացել երեք կասկածելի ընկերություններից, որոնք օգտագործվում  էին Ալիևի իշխող ընտանիքի կողմից: