Թրամփն՝ ընդդեմ Իրանի

Նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի կերպ չի հաշտվում երկու տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պայմանագրի իրողության հետ և փորձում է չեղյալ համարել: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի ամբիոնից նա խոսել է Իրանի մասին:
 
Պայմանագիրը, որը կնքվել է մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ միջուկային վեց տերությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև, Իրանին հնարավորություն տվեց աստիճանաբար ձերբազատվել տարիներ տևած ծանր պատժամիջոցների հետևանքներից և աշխույժ քաղաքականություն վարել: 
 
Աշխարհի լրատվամիջոցներն արդեն լուրեր են տարածել, որ պատժամիջոցների չեղարկանը դեմ են արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ ԱՄՆ արտգործնախարար Թիլերսոնը խոսել է միայն փոփոխությունների անհրաժեշտության մասին: 
 
Արձագանքելով ԱՄՆ նախագահի ելույթին, որտեղ նա վերը նշված պայմանագիրը ամոթալի է համարել՝ Իրանի նախագահ Ռոհանին հայտարարել է, թե իր երկիրն այդ պայմանագիրն առաջինը չի խախտի, սակայն եթե կողմերից որևէ մեկը դա անի, վճռական պատասխան կստանա: 
 
- Շատ ցավալի կլինի, եթե քաղաքականության աշխարհում «նորեկ վտարանդին» համաձայնագիրը չեղարկի: Դրանով աշխարհը մեծ հնարավորությունից կզրկվի:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ միջուկային  համաձայնագրի հարցն այլևս փակ է ու փոփոխման ենթակա չէ: 
 
Լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ ԱՄՆ-ի դիրքորոշմանը համամիտ չեն համաձայնագրի մյուս կողմերը, և սեպտեմբերի 20-ի երեկոյան Իրանի արտգործնախարի հետ հանդիպում են ունեցել Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նրա պաշտոնակիցները: Թե մեկուկես ժամ տևած քննարկումներն ինչ հունով են ընթացել՝ մանրամասներ չեն հրապարակվել: Միայն Եվրամիության արտաքին գործերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին է լրագրողներին հայտնել, որ տվյալ պահին կողմերը լիարժեքորեն իրականացնում են պայմանագրի բոլոր կետերը, և այն վերանայելու կարիք չկա: Մոգերինին ասել է, թե ոչ մի խախտում չի եղել, և ինքը հույս ունի, որ այդպես էլ կշարունակվի: Լրագրողների մոտ իր ելույթից հետո խոսել է նաև Թրամփը և հայտարարել, թե Իրանի վերաբերյալ ինքն արդեն որոշում է կայացրել: 
 
Հնարավոր է՝ իր ելույթի պաթոսից ոգևորված Թրամփը միակողմանի որոշում կայացնի և պայմանագիրն իրոք չեղարկի: Երեկ արդեն Իրանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում, թե այդ պետությունը Մերձավոր արևելքում պատերազմ է հրահրում: Իսկ որ Թուրքիան գրեթե ամեն օր է խոսում Քրդստանի անկախության հարցը ռազմական ուժով լուծելու վճռականության մասին՝ Թրամփի «ականջները» խուլ են մնում:
 
Մի բան ակնհայտ է. ցանկանալով Իրանը ծնկի բերել՝ Թրամփն իր ելույթով աշխարհում ու հատկապես մեր տարածաշրջանում լարվածությունն ավելի է սրել: Բայց երևում է՝ այդտեղ մեծ վտանգներ են թաքնված, դրա համար էլ պայմանագրի մյուս կողմերը չեն շտապում Թրամփի մեկ հրահանգով իրենց ստորագրություններն արժեզրկել: