Համոզմունքները գործի վերածելու ժամանակը

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ժամեր առաջ ամփոփելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները՝ մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ամփոփիչ նիստում նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության  հիմնախնդիրներ» 
ուղղության քննարկումների  արդյունքները: 
 
Համաժողովի լիագումար նիստը վարող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համաժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո: 
Նա շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան՝ 
 
- Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն:
 
Այնուհետև նախարարը ներկայացրեց «Հայապահպանության  հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների  արդյունքները:
 
Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարն իր մտահոգությունը ներկայացրեց. 
 
- Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս կողմից հային բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելու հատկությունը, ինչի արդյունքում օտար երկրներում մենք ունենք բազմաթիվ հաջողակ հայեր և հպարտանում ենք նրանց ձեռքբերումներով: Անցնող օրերին բոլորի խոսք ու զրույցում հայ ինքնության պահպանության հարցերն էին: Համաշխարհայնացման ներկա պայմաններում Սփյուռքում ընթացող ուծացման գործընթացներն ընդունել են աննախադեպ ծավալներ: Հայկական ինքնությունը դարձել է խոցելի. փակվում են հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են խառնամուսնությունները, ինչի հետևանքով վնասվում են հայ ինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնքների ներուժը:
 
Խոսելով հայապահպանությանը ու Սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ուղղված Սփյուռքի նախարարության մյուս ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ դրանցում Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: 
 
- Ասածիս փայլուն վկայությունն են Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաև մասնագիտական համահայկական համաժողովները, որտեղ քննարկվում, վեր են հանվում և իրենց լուծումներն են գտնում հայությանը հուզող ամենատարբեր խնդիրները, - հավելեց նա:
 
Անդրադառնալով Սփյուռքում մայրենիի նահանջի հարցին՝ նախարարն ընդգծեց, որ՝ 
 
- Լեզուն ազգային ինքնության պահպանման հիմքն է, իսկ լեզվի մոռացությունն ազգային ինքնության կորստի ուղիղ ճանապարհ է: Լեզուն ուծացումը կանխող հիմնական միջոցներից է, աշխարհի ցանկացած ծայրում հայ հանրությանը միավորող, համախմբող գլխավոր գործոնը, քանի որ աշխարհում հայերենի կրողը, պահպանողը, զարգացնողը միայն հայ ազգն է, հայոց պետությունը. ուրիշ ու՞մից պահանջենք: Հետևաբար, այսօր պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մայրենին պահպանելու, հարստացնելու և սերունդներին անաղարտ փոխանցելու համար:
 
Սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի անհանգստությամբ անդրադարձան արևմտահայերենի պահպանության խնդրին. 
 
- Արևմտահայերենի՝ միասնական քերականությամբ ուսուցման բացակայությունն ազգային վարժարաններում, դրանցում աշակերտների թվի հետզհետե պակասելը, արևմտահայերենի նկատմամբ անբավարար հոգածությունը վտանգում են դրա հետագա գոյությունը և կրթական, հաղորդակցական գործառույթները: Անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր մայրենի լեզվի պահպանման, լեզվամտածողության զարգացման, ազգային կրթական հաստատությունների ընդլայնման ուղղությամբ, - շեշտեց Հ. Հակոբյանը: 
 
Հայկական վարժարաններում ուսուցման մեթոդների արդիականացման, կրթական ծրագրերի բարեփոխման, ուսուցիչների սերնդափոխության, մշակութային և օրախնդիր բազմաթիվ այլ հարցերն առաջնահերթ համարելով՝ նախարարն ընդգծեց, որ համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղա¬քա¬կրթությունների փոխներթափանցման պայմաններում հայ ինքնության կերտումը, ազգային ինքնագի¬տակ¬ցության ապահովումն ու խո-րա¬ցումը ենթադրում են ջանքերի ամենօրյա լարում: 
 
- Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնական երաշխավորը: Ուստի  պետական գրեթե բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հայ երիտասարդությանը Հայրենիքի հետ կապելուն, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների նկատմամբ սեր և պատասխանատվություն սերմանելուն, մայրենի լեզվի իմացությանը, - ասաց նա: 
 
Հրանուշ Հակոբյանը չէր կարող շրջանցել նաև արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրները՝ նշելով. 
 
- Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կազմալուծման եզրին են հայկական երբեմնի ստվար համայնքները, բազմահազար մեր հայրենակիցներ դարձել են փախստական, որը բոլորիս մտահոգության առարկան է: 22 հազար հայ Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, և հայոց պետությունը ստեղծեց հնարավոր բոլոր պայմանները նրանց կրթության, աշխատանքի, սոցիալական խնդիրների լուծման համար: Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում սիրիահայերին օգնելու նպատակով սկսվել են տարբեր շարժումներ: 
 
Ամփոփելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր երկրին և հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները հայ ժողովուրդը կարող է դիմագրավել միայն հայոց կառավարության և սփյուռքյան կազմակերպությունների, Հայ եկեղեցու և համահայկական կառույցների սերտ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:
 
- Մեր ազգային ամենագլխավոր նպատակը, երազանքը պետք է դառնա «Հզոր Հայաստան» կառուցելը, և հայկական բոլոր հատվածները պարտավոր են մշակել դրան հասնելու ծրագրեր` յուրաքանչյուր հայի ներգրավելով այդ շարժման մեջ: Հայոց պետության և հայ ժողովրդի կենսագործունեության գաղափարական հենքը պետք է դառնա «Հզոր Հայաստանի» կառուցման գաղափարը, - իր խոսքը եզրափակեց Սփյուռքի նախարարը: