ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Որքան էլ ուշադրություն չդարձնենք արդեն հանրահայտ «ՎիկիԼիքս»-ի հրապարակումներին, այնուհանդերձ անհնար է շրջանցել մի շարք տեղեկություններ: Դրանք ոչ միայն նոր լույս են սփռում քաղաքական գործընթացների վրա, այլև հնարավորություն են տալիս գնահատել մի շարք գործիչների և ծանոթանալ մեր երկրի դեմ նյութված «մութ» պատմությունների: ՄԱՍՆԱՎՈՐԱԲԱՐ դժվար է մոռացության ու անտարբերության մատնել այն փաստը, որ մինչև 2008 թվականը ձևավորվել էր ռուս-ադրբեջանական-թուրքական յուրատեսակ ալյանս, որի նպատակն էր ամեն ինչ անել` Ղարաբաղը փաստացի կերպով Ադրբեջանին հանձնելու գործում: Ինչքան էլ նախագահ Քոչարյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեին մեր արտաքին քաղաքականության գերակա բնույթի` կոմպլիմենտարիզմի մասին, այնուհանդերձ ակնհայտ էր, որ մեր երկիրը վարում էր պրոռուսական քաղաքականություն` ամբողջապես ապավինելով Ռուսաստանին և նրա միջոցով լուծելով իր աշխարհաքաղաքական խնդիրները: Ռուսաստանն էլ, Հայաստանը հռչակելով իր «ֆորպոստը»` օգտվել է առիթից և իր շահերը տարածաշրջանում ամրապնդելու համար` սերտացրել հարաբերությունները ավանդական դաշնակիցներ Թուրքիա յի և Ադրբերջանի հետ` ի վնաս Հայաստանի: Մասնավորաբար Ռուսաստանն ամեն ինչ անում էր, որպեսզի պահ առաջ լուծվեր Ղարաբաղյան խնդիրը` ինքնահռչակ այս պետությունը ներառնելով Ադրբեջանի կազմում: Տարբեր բանակցությունների առանցքում հենց այս մոտեցումն էր հանդիսանում որպես ենթատեքստ, ինչին, բնականաբար, Հայաստանը կողմ չէր, սակայն չէր էլ կարող վճռականորեն մերժել Ռուսաստանի «փիլիսոփայությունը»: Եթե 2008-ին իշխանության չգար Սերժ Սարգսյանը, հնարավոր է, որ Ռուսաստանը ճնշումներ գործադրելով Քոչարյանի վրա` ստիպեր ընդունելի համարել մի շարք դրույթներ, որոնք կզրոյացնեին Ղարաբաղի փաստացի անկախությունը: 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները ստվերեցին ընտրությունների արդյունքները, երկրում ստեղծեցին բավական ծանր կացություն, որն այսօր վերագրվում է Քոչարյանի ակնհայտած կոշտ դիրքոշումներին: Որևէ մեկը չի կարող հերքել, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների ժամանակ հավաքել էր բոլորից շատ ձայներն ու, ըստ էության, ընտրվել նախագահ: Ընդդիմության հայտարարությունները, թե իբր նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը, կապ չունեին իրականության հետ, քանզի երկրում իրավիճակ էր փոխվել, փոխվել էին մարդկանց մոտեցումները: Եթե 1998-ին և 2003-ին խոսվում էր այն մասին, որ առաջինում ձայների մեծամասնությունը ստացել էր Կարեն Դեմիրճյանը, իսկ 2003-ին` Ստեփան Դեմիրճյանը` այլևս չէին կարող նոր իրավիճակի չափումներ դառնալ: 2003-ին ոչ մի կերպ չէր կարող հաղթանակած լինել Ստեփան Դեմիրճյանը, ինչի մասին հայտարարությունը բխում է իրականության օբյեկտիվ վերլուծությունից, իսկ 2008-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի ձայներն իրապես քիչ էին և նրան չէին կարող բերել նախագահի նստավայր: Պարզապես երկրում հարկավոր էր ստեղծել «ֆորսմաժորային» վիճակ, որպեսզի կասկածի տակ դրվեր Սերժ Սարգսյանի ընտրության լեգիտիմությունը` այսպիսով ամուր պահելով Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: Հետընտրական ժամանակաշրջանում Քոչարյանի դիրքերը չամրապնդվեցին, բայց ահա տևական ժամանակ Սերժ Սարգսյանի նկատմամբ առկա էր թերահավատությունը: Հատկապես ԱՄՆ-ը անվստահությամբ էր վերաբերվում Հայաստանի նախագահին, ինչի արտահայտություններից մեկն էլ այն էր, որ պաշտոնական Վաշինգտոնը չշնորհավորեց Հայաստանում ընտրված նախագահին: Այս հանգամանքը չափազանց ձեռնտու էր Ռուսաստանին, որը կարծում էր, թե կկարողանար Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ գործադրելով` հասնել իր նպատակների իրականացմանը: Այդ ճնշումների բարձրակետը կազանյան հանդիպումն էր, որին չափազանց մակերեսային անդրադարձ եղավ մեր քաղաքագիտության և մամուլի կողմից: Սակայն այդ հանդիպումը Հայաստանի նախագահի և նրա ղեկավարած երկրի դիվանագիտութ յան փայլուն հաղթանակն էր Ռուսաստանի և Ադրբեջանի, նրանց թիկունքում գործող Թուրքիայի նկատմամբ: Որքան էլ Վաշինգտոնը չէր շնորհավորել Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ Երևանի և Վաշինգտոնի միջև արդեն իսկ ձևավորվել է սերտ ու արդյունավետ համագործակցություն: Հայաստանի նախագահը կարողանում է ճշգրտորեն կողմնորոշվել մի շարք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում` այսպիսով ապացուցելով, որ Հայաստանը երբեք չի ընդունի այն «ծրագրերը», որոնք մշակվում են Ռուսաստանի և Թուրքիայի կողմից: Այսպես, Հայաստանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, ստորագրմանը կողմնակից էր նաև Միացյալ Նահանգները, սակայն հետագայում պարզվեց, որ այդ արձանագրությունները ռուս-թուրքական համաձայնությունների արդյունքում ստեղծված մի տարբերակ էր, որի մասին ճշմարտությունը հենց Հայաստանը բացահայտեց: Կազանյան տապալված հանդիպումը մտնում էր այդ արձանագրությունների տրամաբանության մեջ, մինչդեռ նախագահ Սարգսյանը հանդես բերելով դիվանագիտական մեծ հմտություն` հեռացավ այդ հանդիպումից` ի դերև հանելով եռակողմ ալյանսի հույսերը: Կազանյան հանդիպման ժամանակ Մեդվեդևը մեծ ջանքեր էր գործադրելու` Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար, իսկ ահա Հայաստանը ոչ միայն չհայտնվեց ռուսական թակարդում, այլև վստահորեն մղվեց առաջ` ապացուցելով, որ պաշտոնական Երևանն այլևս չի կարող հանդուրժել երկդիմի քաղաքականությունն ու այն խաղերը, որոնց մասնակից էին կամենում դարձնել իրեն: Կազանյան հանդիպմանը հաջորդեց Թուրքիայի խորհրդարանի որոշումը` օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը: Մեզանում ոմանք դա ողբերգություն համարեցին, ոմանք էլ այն հույսը հայտնեցին, թե Թուրքիան կարող է որոշ ժամանակ անց վերադառնալ այդ արձանագրություններին: Կազանի և Միլլի Մեջլիսի որոշման միջև մեծ կապ կա. թուրքական խորհրդարանի օրակարգից արձանագրությունների դուրսմղումը վկայությունն է, որ Անկարան հասկացավ իր պարտութ յունը, իմացավ, որ իր և Մոսկվայի ծրագիրը հիմնովին տապալված է: Հիշենք, թե արձանագրությունների ստորագրումից հետո ինչպես հանկարծ Անկարան սկսեց հայտարարություններ անել նախապայմանների մասին: Այդ ամենը վաղօրոք ծրագրված ու հաշվարկված էր: Հենց արձանագրությունների ի հայտ գալուց հետո անչափ ակտիվացավ Կրեմլի տիրակալն ու սկսեց իրեն վերապահել Ղարաբաղյան խնդրի լուծման առաջնահերթությունը: Բայց Կազանը ապտակ էր ռուս-թուրքական դիվանագիտությանը և վերջնականապես հօդս հանեց ադրբեջանական հույսերը: Պատահական չէ, որ հենց այս օրերին Ռուսաստանը սառեցրեց Սամսուն-Ջեյհան նավթամուղի առնչությամբ իրականացվող բանակցային գործընթացը: «Տրանսնեֆտ» ընկերության ղեկավարությունը, նախագահ Մեդվեդևի ցուցումով, հայտարարում է, որ այդ նախագիծը տնտեսապես ձեռնտու չէ, մինչդեռ ժամանակ առաջ ամեն ինչ արվում էր, որպեսզի Ռուսաստանը դառնա այս նախագծի գլխավոր ֆավորիտը: Թուրքիայում պնդում են, թե այս նախագիծն այդ երկրի համար չափազանց ձեռնտու է, քանի որ այն ձգվելու է սևծովյան Սամսուն քաղաքից մինչև միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստը: Նշենք, որ տարիներ առաջ «Հարավային հոսք» նախագծի առնչությամբ Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բանակցություններում Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ռուսաստանի վարչապետ Պուտինի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ նախագծի ստորջրյա հատվածի երթուղին անցնելու է հենց թուրքական տարածքով: Փոխարենը Մոսկվան համաձայնել էր Թուրքիայի համար ձեռնտու Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցմանը` ի վնաս Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս սեփական նախագծի, ինչպես նաև ընդառաջել էր Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման հարցում: Հիմա, երբ արձանագրություններն են հանված օրակարգից, երբ Կազանում Ռուսաստանն ու Ադրբեջանը չհասան հաջողության` Ռուսաստանն այդ նավթամուղը համարում է տնտեսապես աննպատակահարմար: Ժամանակին հենց Ռուսաստանը նպաստեց, որպեսզի Ադրբեջանը սկսի Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը` շուտափույթ կերպով իր զորքերը դուրս բերելով ջավախքյան այս քաղաքից: Թե փոխարենն ի՞նչ էր տալու Ադրբեջանը Ռուսաստանին` չգիտենք, սակայն արդեն իսկ ակնբախ է, որ տածաշրջանում ձևավորվել է մի նոր իրավիճակ, որի հեղինակը հենց Սերժ Սարգսյանն է: