Ինչ չի ասում ՀԱԿ-ը


Հայ Ազգային Կոնգրես-իշխանություններ երկխոսության առկախումից հետո` այսօր առաջին հանրահավաքի օրն է: Ոմանց կարծիքով այս հանրահավաքը կարող է որոշիչ դեր խաղալ Կոնգրես-իշխանություններ հարաբերությունների հետագա զարգացումներում: Չի բացառվում, որ այսօրվա հանրահավաքը նախորդից ավելի բազմամարդ լինի: Դեռ երկխոսության ընթացքում Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանն ասել էր, թե արտահերթ ընտրությունների անցկացումն իշխանությունների կողմից վերջնականորեն մերժվելու դեպքում առճակատումն անխուսափելի է: Նախորդ օրերին Կոնգրեսի ղեկավարները ժողովրդին կոչ էին արել փողոց դուրս գալ: Երկխոսության առկախումն ինչ-ինչ վախվորած հույսեր արթնացրեց նաև ՀԱԿ-ից հիասթափվածների մեջ: Ընդդիմությունը հարցազրույցների ժամանակ մշտապես հիշեցրել է արտահերթ ընտրությունների իր պահանջը: Այն օրակարգում պահելն արմատականներին թույլ է տալիս հերքել հասարակության հետզհետե մեծացող շրջանակներում ամրացող կասկածները, թե Կոնգրեսն իշխանությունների հետ կուլիսային ինչ-ինչ համաձայնություններ է կայացրել: Թերևս չի բացառվում, որ հանրահավաքից հետո ՀԱԿ-ի` կալանքում գտնվող երիտասարդ ակտիվիստն ազատ արձակվի, և երկխոսությունը շարունակվի: Չմոռանանք` երկխոսությունը ոչ թե խզված, այլ առկախված է: ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանն էլ առկախմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ իշխանությունները մինչև սեպտեմբերի վերջը դեռ ժամանակ ունեն: Ընդհանրապես արտահերթ ընտրությունները, թերևս, ոչ այնքան ներքին, որքան արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիր է: Մի՞թե պատահականություն է, որ վերջին ժամանակաշրջանում WikiLeaks-ի բացահայտումներում զգալի տեղ են գրավում Հայաստանին վերաբերող գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումները: Անշուշտ, պատահական չէ, որ դրանց միջից Կոնգրեսն ուշադրության է արժանացրել 2008 թ. նախագահական ընտրություններին, Սահմանադրական դատարան դրա արդյունքների բողոքարկմանը վերաբերող նյութերը: Այդ և մեր երկրին վերաբերող մյուս փաստաթղթերի հրապարակումն, ինչ խոսք, վկայում է մեծացող արտաքին ճնշումների մասին: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ արտաքին ճնշումներն իրականացվում են հիմնականում երկրի ներսում միշտ գոյություն ունեցող դժգոհների միջոցով: Եվ չի բացառվում, որ այսօրվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը կամ նրա զինակիցները դարձյալ խոսեն Հանրապետության նախագահի լեգիտիմությունից: Համենայն դեպս, Կոնգրեսի հրապարակած և անվճար բաժանված թերթում WikiLeaks-ում վերոհիշյալ փաստաթղթերի տպագրումն այդ է հուշում: Միգուցե նաև առկա դժգոհությունները մեղմելու նպատակ են հետապնդում հատկապես ոստիկանության բարձրաստիճան սպաների` միմյանց հաջորդած պաշտոնանկություններն ու ձերբակալությունները: Նման զարգացում ները թույլ են տալիս ենթադրել, թե երկրի բարձրագույն իշխանությունները, կարծես թե, մտորում են այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների շուրջ: Վերջիվերջո, այդ ընտրություններում ցանկալի արդյունք ստանալը կարող է մեծապես կախված լինել դրանց անցկացման մասին հայտարարության նպաստավոր պահի ընտրությունից: Այդպիսի օրինակ է, թերևս, Վրաստանի նախագահ Սահակաշվիլու փորձը: Վերջինս արձագանքեց նոր ընտրություններ անցկացնելու հանրության պահանջին և վերընտրվեց: Այժմ էլ Սերժ Սարգսյանը կարող է կրկնել վրացի գործընկերոջ փորձը, իհարկե` դրա համար իրեն նպաստավոր պահ ընտրելով: Իսկ նոր ընտրություններում հաջողությունը կվերացնի նաև լեգիտիմությանն առնչվող խնդիրները: Հարցազրույցներից մեկում ՀԱԿ քաղխորհրդի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ասել է, որ «պարզապես իշխանափոխության համար» իշխանափոխությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Իհարկե, ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների` որ գրեթե նույնն է, թե իշխանափոխության պահանջը բացատրում է երկրում, ըստ իրեն` խախտված սահմանադրական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ: Սակայն, սահմանադրական կարգի վերականգնում ասվածը ներկա պարագայում անորոշ է հնչում: Խնդիրն այն է, որ առաջին Նախագահն այսօր թվարկելով մեզանում գոյություն ունեցող թերությունները, չի նշում, կամ չի ուզում նշել դրանց հիմնական պատճառը, որը կարող է լինել նաև հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում տիրող ավտորիտարիզմը: Իսկ այս ախտից պարզվում է` զերծ չէ նաև ՀԱԿ-ը: Համենայն դեպս, ՀՀՇ-ից ազդեցիկ գործիչների հեռանալն այդ մասին է խոսում: Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մերձավորներն են, և նրանց հեռանալը վաղ թե ուշ կարող է ՀԱԿ-ի համար տհաճ հարցադրումների տեղիք տալ: Ի դեպ, WikiLeaks-ում և այլ լրատվամիջոցներում կարելի է վկայություններ գտնել ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի միանձնյա վճիռներ կայացնելու վերաբերյալ: ՀԱԿ-ին մաս կազմող քաղուժերի որոշ առաջնորդներ դժգոհում են, որ քաղխորհուրդը փաստորեն դադարել է որոշումներ կայացնող մարմին լինելուց: Իսկ ղեկավարելու ավտորիտար սկզբունքները դավանելով, թերևս, հնարավոր չէ երկար ժամանակահատված պահպանել երկրում արմատական փոփոխություններ ակնկալող և դժգոհ զանգվածների առաջնորդի կերպարը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ