1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի շտապում հերքել տեղեկությունները` խոշոր ներկրողների ու արտադրողների հետ վերջերս կայացած անսպասելի գործարքի մասին: Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցն, անզոր գտնվելով միջոցներ ձեռնարկել տնտեսական մրցակցությունը կանոնակարգելու ուղղությամբ, իր կարծիքով «ոսկե միջինն» է գտել: Ըստ տեղեկությունների` հիմնական ներկրողների ու արտադրողների հետ վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի վերջիններս երբեմն¬երբեմն կամավոր կերպով տուգանվեն: ՏՄՊՊՀ¬ն էլ խոստացել է նրանց համար չափազանց համեստ ու գործարար¬օլիգարխների գրպանների վրա գրոշի ազդեցություն չթողնող տուգանքաչափերով սահմանափակվել: Գործարք կոչվածն առաջին հայացքից փայլուն կարելի է համարել. և´ գործարարներն են տուգանվելով իրենց գերշահույթներից հատկացումներ կատարում պետական բյուջեին, և´ հանձնաժողովն է վերջապես հաջողեցնում իմաստավորել իր գոյությունը: Ճիշտ է, հավաքագրումները վերջնարդյունքում չեն կարող շոշափելի թվով արտահայտ վել, բայց հնարավոր կլինի «հարվածի տակ ընկածների» հսկայական ցուցակ ներկայացնել: Մինչդեռ եթե փոխհամաձայնությունը տվյալ դեպքում փոխշահավետ է երկու կողմերի համար, ապա կողմերից երրորդը` սպառողը, նախկինի պես անզոր է մնում` վերահաստատելով իր նախնական թերահավատությունը ՏՄՊՊՀ կոչվող կառույցի հանդեպ: Մինչև հիմա ցանկացած ապրանքատեսակի գնային թռիչքներն իհարկե հազվադեպ են հանձնաժողովի ազդեցությանը ենթարկվել: Սակայն որքան էլ Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցի ազդեցությունը ամենատարբեր ապրանքատեսակների շուկաներում տեղի ունեցող գործընթացների վրա փոքր եղած լինի, այնուամենայնիվ, համեմատաբար խոշոր չափերի տուգանքները շատերին են տարբեր ժամանակներում շուրջկալել: Իսկ մյուսներն էլ, նախադեպերն աչքի առաջ ունենալով, փոքր¬ինչ զգոն են մնացել: Կատարյալ քաոսը թերևս տուգանվողների պայմանական գրաֆիկ կազմելուց հետո կսկսվի: Պարզ է, որ խոշոր տնտեսվարողներին ժամանակ առ ժամանակ թեթև կսմիթներ հասցնելու պարագայում վերջիններիս կողմից թելադրվող գնային քաղաքականությունը լրիվ անվերահսկելի ու անկառավարելի կդառնա` ասվածից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ: