ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ


Վարդան Պետրոսյանի` արվեստի ու կյանքի հանդեպ ունեցած նրա դիրքորոշումներին բոլորն արդեն ծանոթ են ոչ միայն նրա ներկայացումներից, այլև Հայաստանում ու արտերկրում տպագրված և հեռարձակված հարցազրույցներից: Ուստի այս անգամ որոշեցինք «կողքի հայացքով» գնահատել իր ստեղծագործությունը: Կարծում ենք` արտիստին նույնպես կհետաքրքրի հանդիսատեսի «հայացքը», որը հուսով ենք կոգևորի նրան: Բայց ամենից ավելի` նրա արվեստի երկրպագուներին: ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին համարում է ժամանակակից հայ բեմարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը. դերասան, ով իրենով խորհրդանշում է արվեստների սինթետիկականությունը: Նշանավոր թատերագետը չի սխալվել, որովհետև Վարդան Պետրոսյանը զարմանալի ճկունութ յամբ միավորում է տարբեր թատերական-արտահայտչական ձևեր, դրամատիկական արվեստի տարածք բերում ծաղրախաղը, նմանակումը, դրամատիկական խաղն ու այդ ամենը մատուցում որպես մեկ միասնականություն: Այս ամենը միավորելու համար իսկապես պետք է տաղանդավոր լինել, լինել պլաստիկ դերասան` հարուստ ներաշխարհով ու արտահայտչամիջոցներով: Վարդան Պետրոսյանը հենց այդպիսին է, ում արվեստի բացառիկության մասին խոսելիս կարող ենք վստահորեն օգտագործել մի բնութագրում` ունիվերսալ: Դերասանա կան ունիվերսալիզմի ակունքները հասնում են մինչև միջնադար, մինչև հիստրիոնների և տրուբադուրների արվեստ: Մեր օրերում կենդանություն տալով թատերախաղի և դերասանական արվեստի այս առանձնաձևերին, Վարդան Պետրոսյանն իրապես դարձել է այն եզակի դերասանը, ում հետ ցանկացած հանդիպում հետաքրքիր է և հաճելի: Երբեմն կարևոր էլ չէ, թե ինչ է մատուցում դերասանը, նյութի ինչ ընդգրկումներով և սյուժետային ինչ ընդգծումներով է բեմ ելնում. հանդիսատեսը գալիս է տեսնելու նրան, առնչվելու զարմանալիի հետ: Վարդան Պետրոսյանը ճշմարիտ տոնի զգացողություն է պարգևում հանդիսատեսին, ծիծաղի հրավառություն սարքում` երբեք չմոռանալով նաև խոհի և մտորման մասին: Խոհն ու մտորումն էլ արդիական են դարձնում դերասանի ստեղծագործությունը, որովհետև նա բեմում ստեղծում է կյանքի պատրանքը, կյանքը դիտարկում նրա բազմազան տարակերպումներով: Ահա այստեղ է, որ կարևորվում է նյութը, ձեռք բերում ուրույն արժեք և պարտադրում փնտրել-գտնել ասելիքի թարմությունը: Իսկ Վարդան Պետրոսյանը միշտ էլ ասելիք ունի, ինչն էլ միշտ կարևորում է իր բեմական պատումների մեջ: Երբ մոտ երկու տասնամյակ առաջ բեմ եկան նրա հերոսները` հանդիսատեսները զարմացան, ապա նաև հիացան. վաղուց հաստատված հերոսի կաղապարը փշրված էր, բեմական տիպարի մասին պատկերացումները շրջված էին: Գրոտեսկացված, գրեթե չափազանցումների մեջ ներկայացված հերոսը նույն կյանքի արտացոլանքն է, մեզ շրջապատող մարդկանց հավաքական-ընդհանրական խորհրդանիշը, որին տեսնում ենք ամեն օր, սակայն… չենք նկատում: Վարդան Պետրոսյանը պարտադրում էր նկատել, «փոքր մարդու» ուրախության ու տխրության մեջ տեսնել ժամանակի պարադոքսներն ու շրջափոխումները: Նրա առաջին ներկայացումները հայտնություններ էին, երջանիկ հայտնություններ` բոլորիս համար: Դերասանական արվեստի մեկ այլ տեսակ, թատերական ներկայացման մեկ այլ արտահայտություն, որոնք պարտադրեցին թատրոնում փնտրել ժամանակի ճշմարիտ արտացոլման այն մոդելը, որը բերում և հաստատում է արտիստը: Երբեք չդիմելով «խաղային լրջությանը», միշտ հումորով նայելով իր ստեղծած դերատիպարներին` նա հասնում էր զարմանալի կենտրոնացումի և չպարտադրվող լրջության: Ահա ինչու հանդիսատեսը սիրեց նրան, ահա ինչու հանդիսատեսը փնտրեց ու գտավ դերասանի ֆենոմենը: Սա հազվադեպ է լինում. միշտ չէ, որ արվեստասերը գտնում է իր դերասանին, թատրոնի ու թատերարվեստի այն տեսակը, որը վերացնում է բեմի ու դահլիճի միջև գոյություն ունեցող մոգական սահմանն ու հանդիսատեսին ներքաշում յուրատեսակ խաղի մեջ: Վարդան Պետրոսյանն իր թարմ ու նոր արտահայտչամիջոց ներով, խաղարկման անբռնազբոս ձևերով հանդիսատեսին դարձնում է համախոհ, գործընկեր, բեմական արարողության մասնակից` մնալով իր բացառիկ դերասանական բարձունքում: Երևի այս բացառիկությունն էր պատճառը, որ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը նրան հրավիրեց խաղալու Համլետ` իր միջազգային-բազմալեզու նախագծում: Սկզբում շատերը տարակուսեցին ու զարմացան` իմանալով, որ Վարդանը Համլետ է խաղալու. ո՞վ է տեսել կատակերգակ Համլետ: Դա մոտավորապես նույնն էր, ինչ Արմեն Ջիգարխանյանի Մխիթար սպարապետը: Բայց Վարդան Պետրոսյանը բնավ էլ չկամեցավ հեռանալ ինքն իրենից, իր արվեստի առանձնահատկությունից և բեմ բերեց զարմանալիորեն ճշմարիտ մի Համլետի, որը որքան շեքսպիրյան էր, նույնքան էլ պետրոսյանական: Հիմա էլ շարունակելով իր տեսակի ու արտահայտչականության թատրոնի ավանդույթները` դերասանը «Սեռասարսափ» է խաղում: Իհարկե, հանուն ճշմարտության նշենք, որ մատուցվող գրական նյութը փոքր¬ինչ զիջում է նրա նախորդ ներկայացումներին, սակայն սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ գնում ես հանդիպելու դերասանի արվեստին և հմայված հեռանում` քեզ հետ տանելով նրա արտառոց պլաստիկայի և խաղարկման սկզբունքների տպավորությունը: Կարծես մոգ լինի Վարդան Պետրոսյանը, ով բեմ մտնելով` քեզ առնում է իր ազդեցության տակ, թելադրում իր կամքը, իրեն հպատակեցնում քո ճաշակն ու ըմբռնումները: Եվ հեռանալով դահլիճից` հանկարծ հասկանում ես, որ եղել ես նրա ազդեցության ներքո` ինքնամոռաց հետևելով դերասանի խաղին: …Դերասանի հետ անցկացրած բազմաթիվ հարցազրույցներում միշտ այն հարցն է հնչում, թե ինչու է նա Ֆրանսիայում, ուր աշխատում է Ռոբերտ Օսեյնի գլխավորած թատրոնում, թե ինչու չի վերադառնում Հայաստան: Մենք այս հարցը չենք ուզում կրկնել, որովհետև գիտենք դրա պատասխանը: Ապրելով և աշխատելով Ֆրանսիայում` Վարդան Պետրոսյանը կարողանում է հետամուտ լինել այն բոլոր թատերական նորացումներին, որոնք տեղի են ունենում Եվրոպայում: Եվ գտնվելով այդ ամենի կիզակենտ րոնում` նա ամեն օր գնում է դեպի ինքնատիպ ինքնաստուգումն ու ինքնահարստացումը, ապա այդ ամենը տեղափոխում հայկական թատերական իրականություն` այսպես հարստացնելով մեր դերասանական արվեստը: