ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ


Անկախության 20-ամյակին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 85-ամյակին է նվիրված այսօր մեկնարկելիք համերգաշարը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի սկիզբը` դառնալով տարվա կարևորագույն երաժշտական միջոցառումներից մեկը: Ուշագրավն այն է, որ նախաձեռնելով համերգաշարը, նվագախումբը նպատակ ունի Անկախության տոնին խորքային բովանդակություն հաղորդելով` նաև բացահայտելու սեփական գեղարվեստական ներուժը և մատուցելու ստեղծագոր ծություններ, որոնք շատ վաղուց չեն հնչել հայաստանյան բեմերից: Որպես համերգաշրջանի բացման ազդականչ` կհնչի Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիան», որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Թոփչյանը: Իսկ կատարմանը կմասնակցի Հայաստանի ակադեմիական կապելան: ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի գլխավորած երգչախումբը, որն իրապես համաշխարհային ճանաչում ունի, առաջին անգամ չէ, որ համագործակցում է ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Սակայն այս անգամ առիթը չափազանց ընդգծված է, պարտավորեցնող, որովհետև Բեթհովենի նշանավոր ստեղծագործությամբ են սկզբնավորվելու հոբելյանական միջոցառումները: Առաջիններից մեկը` պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որն այն տարիներին ղեկավարում էր Լորիս Ճգնավորյանը, սկիզբ դրեց նոր ժամանակների մշակույթին, փոխեց վերաբերմունքը դասական և սիմֆոնիկ երաժշտության հանդեպ, լայնորեն բացեց ֆիլհարմոնիայի դռները բոլոր ունկնդիրների առջև և անգամ ցուրտ ու մութ տարիներին մարդկանց ջերմացրեց դասական երաժշտությամբ` այսպես նաև անցնելով անկախության դժվարին ճանապարհով: Անկախությունը հնարավորություն տվեց սեր արթնացնելու համաշխարհային և հայ դասական երաժշտության հանդեպ, նաև` արժևորելու ազգային երաժշտության մեծերին, որոնցից շատերի ստեղծագործությունները ծանոթ էին սակավաթիվ երաժշտասերների: Դեռևս «Ազգային պատկերասրահ» երաժշտական ավանդական փառատոնի օրերին արտասահմանից հրավիրված երաժիշտ-կատարողներից մեկը հիացմունքով նշեց, որ Հայաստանը վերածվում է սիմֆոնիկ երաժշտության հրաշալի հանգրվանի` իր գրանցումը ստանալով համաշխարհային երաժշտական կյանքում: Եվ, որպես ասվածի վկայություն, սկիզբ է առնում մի նոր համերգաշար, որը խոստանում է դառնալ մեր մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը ու նաև ցրել այն թյուր պատկերացումը, թե մեզանում դասական երաժշտությունը մղվում է հետնախորշերը` ճանապարհ բացելով միայն ռաբիսին: Այն փաստը, որ համերգաշարն ունի բարձր հովանավորութ յուն, որ երաժշտական շրջանակներում ոգևորությամբ են սպասում Բեթհովենի սիմֆոնիայի կատարմանը` խոսուն վկայությունն է ասվածի: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը` սեպտեմբերի 9-ը շրջադարձային բովանդակություն ունի: Նախաձեռնելով Անկախության 20-ամյակին նվիրված համերգաշարը, իրենք նպատակ ունեն հետայսու «Արամ Խաչատրյան» համերգասրա հի բեմից հնչեցնելու դասական ժառանգության լավագույն նմուշները, նպաստելու, որ պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայանա իր ողջ ստեղծագործական կուտակումներով և կատարողական բարձր վարպետությամբ, նպաստի նվագախումբ-երաժշտասեր կապի նոր դրսևորումներին: Ուրախությամբ նաև նշենք, որ համերգաշարի շրջանակներում Երևանում հանդես կգա Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախումբը` Վալերի Գեերգիևի ղեկավարությամբ: Վալերի Գեերգիևը մեկն է համաշխարհային ճանաչում ունեցող այն դիրիժորներից, ով իր ստեղծագործական մկրտությունը ստացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` մի քանի տարի ղեկավարելով այն և հարստացնելով ավանդույթները, որոնք այստեղ 20-րդ դարի վերջին քառորդում արմատավորել էին Վահան Այվազյանն ու Դավիթ Խանջյանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ