ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ «Մայրս աստվածություն էր, գերբնական ուժ, տիեզերք…»


Հայ բեմարվեստի ամենաճանաչված ներկայացուցիչներից է Ռուդոլֆ Ղևոնդյանը` իր ստեղծած կերպարներով, տպավորիչ արտաքինով ու ձայնով: Դասական թատրոնի հարուստ ավանդույթների կրողն է` միշտ իր ուրույն նկարագրով, ընդգծված ազգային դիմագծով: 1969- ին Վարդան Աճեմյանի կողմից հրավիրվել է Սունդուկյան թատրոն, իսկ դրանից առաջ եղբոր անձնագրով (17 տարեկան էր) մասնակցել Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումներին: Ինքնատիպ ու յուրահատուկ են նրա մարմնավորած կերպարները «Ժողովրդի թշնամին», «Հարսնացու հյուսիսից», «Կորեոլա», «Ջոն արքա», «Սուրբ Շուշանիկի երդումը», «Խոր Վիրապ», «Խելքից պատուհաս» և այլ ներկայացումներում, »Քարահովիտ», «Ո՞ւր էիր, մարդ Աստծո», «Ծաղրածուի ժպիտը», «Անիծվածները», «Արհավիրք», «Ընտրութ յուն», «Յարխուշտա» և այլ ֆիլմերում: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Փորձեմ սահմանել հեշտի և դժվարի հարաբերությունը: Դժվար եղել է միայն մի բան. մնացածը շնորհքի, շրջապատի, ընկերների, և իհարկե աշխատանքի շնորհիվ հասանելի է դարձել: Ամենադժվարը մորս մահվանը հավատալն էր: Մինչև նրան կորցնելն ինձ համար իսկապես ամեն ինչ ավելի դյուրին էր, փակ դռներ էին բացվում: Նրա մահը շատ ցավոտ էր, դժվար: Ու մինչև հիմա ծանր է: Հատկապես հիմա, երբ ես ինքս ծնող եմ, թոռներ ունեմ, ավելի շատ եմ զգում նրա ներկայության անհրաժեշտությունը: Ամեն մի խնդրի լուծման բանալին, հարցերի պատասխանը ես կգտնեի նրա հետ: Նա բոլոր հարցերի պատասխանն ուներ: Մայրս աստվածություն էր, գերբնական ուժ, մի տիեզերք, որը կորցնելու, այլևս չգտնելու, չվերականգնելու ցավը մինչև հիմա, և համոզված եմ` մինչև մահս չեմ կարողանա հաղթահարել: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Եթե հայ ծնված չլինեի, հոգով ու սրտով կուզենայի հայ ծնվել: Ուրիշ ոչ մի ազգ ինձ հարազատ չէ: Հայ հասկացողությունն այլ կերպ եմ ընկալում և բոլոր դեպքերում ընտրում եմ հայի հատընտիր կեցությունը: Ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չէի կարող լինել: Հպարտ եմ, որ հայ եմ ծնվել: Սակայն, ափսոսանքով պետք է ասեմ, որ իմ 60 տարիների ընթացքում հայի տեսակը հաճախ է հասունացել, բարձրացել ու… կոտրվել, կրկին ծնվել, աճել, հասել բարձրակետի և կոտրվել: Իհարկե, այն օրինակները, որոնց միշտ ձգտել եմ նմանվել, հաստատուն են: Նարեկացին, Սասունցի Դավիթը, մեր մեծերը…սա հայի` գաղափարային, աստվածային տեսակն է: Սակայն եթե կա լավը` կառուցող, շենացնող հայը, կա նաև քանդողը, կործանողը: Գերեզմանի վրայից երկաթ գողացող և անգամ դրանով իր երեխային կերակրող տեսակը ես չեմ կարող արժևորել: Իմ ազգի տեսակը լավագույնն է, մեծագույնը: Այն անկրկնելի է` թե´ դրական, թե´ բացասական դրսևորումներով: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Իմ ավագ ընկերների, վարպետների հետ ունեցել եմ գաղտնիքներ: Մեծ է ցանկությունս` մի օր կարողանայի նույն կերպ փոխանցել իմ աշակերտներին այն գաղտնիքները, որ փոխանցել են ինձ Վարդան Աճեմյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը:: Թեորեմներ կան թատերական արվեստում, որոնց չտիրապետելու դեպքում կորցնում ես համ ու հոտդ: Վարդան Աճեմյանը մեզ ուղարկում էր ներկայացումներ դիտելու: Երբ պատճառաբանում էինք, որ արդեն դիտել ենք, և դա կրկնություն կլինի մեզ համար, ասում էր` «գնացեք, սովորեք այն, ինչ չի կարելի անել»: Հավատացեք, դա գաղտնիք է: Երբ տեսնում ես լսող չկա, չես ասում: Եվ դա մնում է գաղտնիք: Կուզենայի այն, ինչ ասել են ինձ` մեկիկ-մեկիկ, հատ-հատ փոխանցեի: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ինչ չգիտեմ` առեղծված է: Մարդու ծնունդը, ինքնաթիռի թռիչքը, Մասիսի գագաթի ձյան հալվելը, գլոբալ տաքացումը առեղծվածներ են: Բայց մեծագույն առեղծվածը, ամենազարմանալին ճախրանքն է: Ինչպե՞ս է ճախրում թռչունը: Թռչող շատ միջատներ, թռչուններ կան: Խոսքս ճախրող թռչունների մասին է: Երբևէ տեսե՞լ եք, որ ճախրող թռչունը գլուխը կախի… Դա առեղծված է: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Տղաս` Գոռը, ինքնուրույն էր գնում մանկապարտեզ, քանի որ մեր շենքի մուտքերից մեկում էր: Մի օր կնոջս հետ մի փոքր լարված զրուցում էինք, որդիս մանկապարտեզից եկավ: Երևի հասկացավ, որ լարված ենք, ասաց` էս ինչ վիճատ (կ) է: Կինս փորձեց փրկել իրավիճակը, հարցրեց, թե ի՞նչ է կերել մանկապարտեզում, տղաս պատասխանեց` սուպիտ (կ): Իսկ երբ հետաքրքվեցինք, թե ինչով էր ապուրը, ասաց` (գ) դդալով, ինչով…Կցանկանայի պատմել նաև իմ ամենասիրելի անեկդոտը. Եզդուն տանում են կախելու: Պարանը վզին է, կոճղը` ոտքերի տակ: Դատավորը հնարավորություն է տալիս մահից առաջ վերջին ցանկությունն ասելու: Եզդին ասում է. - Քաղաքացի դատավոր, պարանը վիզս խեղդում է, ասեք թևերիցս անցկացնեն: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Իմ հուշերից չի հեռանում մանկությանս բակը: Ամեն անգամ, երբ միտքս ազատ է, մտովի տեղափոխվում եմ մանկության բակ: Հիշում եմ, երբ տատիկս տոմատ էր պատրաստում` լոլիկի մնացորդը ծեփում էր պատին: Չորանալուց հետո դրանով թոնիր էր վառում: Զարմանալի կերպով մեր բակում դեղձի կորիզներ էին հավաքվում, մի օր էլ տեսա, թե ինչպես էր պապս դրանցով կրակ վառում: Խորովածը վաղուց պատրաստ էր, բայց կրակը դեռ երկար շարունակում էր վառ մնալ: Պապիս եղբոր ընտանիքի հետ միասին էինք ճաշում, կերակուրները միշտ տատս էր եփում: Հիշում եմ` անմահական համ ունեին և միշտ արտասովոր էին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ