4,5 միլիոն` հանուն միջատակերության


Սովի և սխալ սնվելու դեմ պայքարի նպատակով Եվրոպական միությունը ձեռնարկել է մի քանի միլիոն արժեցող քարոզարշավ` հորդորելու, որ մարդիկ սննդի մեջ միջատներ օգտագործեն: Համաձայն կենսաբանական վերջին հետազոտությունների արդյունքների` միլիոնավոր մարդկանց տհաճությունն ու զզվանքը հարուցող միջատները մեծաքանակ օգտակար սպիտակուցներ, հանքանյութեր և միկրոտարրեր են պարունակում: Օրինակ, ծղրիդները 20 տոկոսով բաղկացած են սպիտակուցներից և նվազագույն ճարպերից` ընդամենը 6 տոկոս: Ահա թե ինչու Եվրամիությունը ծրագրում է սննդի մեջ միջատներ օգտագործելու մի նախագիծ իրականացնել: Ու դրա համար ավելի քան 4,5 միլիոն դոլարի ներդրում է կատարելու` համոզված, որ դա ոչ միայն մարդկանց կօգնի բարելավել մարսողական համակարգը, այլ նաև բերքը կփրկի մորեխների հարձակումներից: - 2020 թ. դուք սուպերմարկետներում միջատներ կգնեք,¬ կարծում է դրամաշնորհի հայտ ներկայացրած պրոֆեսոր Մարսել Դիկեն: Մի խոսքով, նախագծի հեղինակները համոզված են, որ ժամանակակից մարդու օրգանիզմի համար սպիտակուցների հիմնական աղբյուր համարվող միսը, օրինակ` տավարի, շուտով անցյալ կդառնա, քանի որ մոլորակի աճող բնակչության համար խոշոր եղջերավորները «քչություն են անելու»: Իսկ միջատները բավարար և ավելի էժան այլընտրանք են: